Մեկ տարի է անցել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողություններից։
Կրկին ու կրկին խոնարհվում ենք Հայրենիքի պաշտպանության դիրքերում հերոսաբար զոհված զինվորների, սպաների ու քաղաքացիների հիշատակի առաջ: Այդ հերոս տղաներն իրենց կյանքի գնով պարտադրեցին դասեր քաղել եւ երկրում արմատական փոփոխություններ նախաձեռնել: Նրանք են վաղվա հզոր Հայաստանի երաշխավորը:
Համայն հայությունը այդ օրերին բացառիկ համախմբվածություն եւ միասնականություն դրսեւորեց:
Այսօր՝ մեկ տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է խախտել զինադադարը, սադրիչ գործողություններ է ձեռնարկում, դարձյալ հայ զինվորներ են զոհվում։
Կարդացեք նաև
Ադրբեջանը խոչընդոտում է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում միջնորդների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների գործադրումը։
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝
Շարունակելու է հետամուտ լինել, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները ստորագրեն ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր. ինչը այլ պետությունների կողմից Արցախի Հանրապետության ճանաչման խթան կդառնա։
Պահանջում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների իշխանություններից լինել անաչառ և տարածաշրջանը ապակայունացնող Ադրբեջանին զսպելու քայլեր ձեռնարկել։
Վստահ է, որ մեր երկրում սկսված որակական փոփոխությունները շարունակվելու և ամրապնդելու երաշխիքը քառօրյա պատերազմի օրերի հայության դրսևորած միասնականությունն է:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին