ԱԺ ընտրությունների թիվ 5/18 ընտրատեղամասում, որտեղ կա 1865 ընտրող, առավոտյան ժամը 11:00-ի դրությամբ երկու քվեաթերթիկ արդեն մարվել էր: Հանձնաժողովի քարտուղար Արսեն Ղազարյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ երկու անձինք են եղել, որոնք այստեղ քվեարկելու իրավունք չեն ունեցել, այդ պատճառով նրանց քվեաթերթիկներն անմիջապես մարվել են եւ ցույց տվեց կազմված համապատասխան արձանագրությունները:
Այս ընտրատեղամասում իր քվեարկությունը կատարելուց հետո ՀՅԴ համապետական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Աղվան Վարդանյանն ասաց. «Այսօր ապրիլյան պատերազմում նահատակված մեր հերոսների օրն է: Նրանք բոլորիս ստիպեցին առնչվել իրականությանը եւ դասեր քաղել: Մենք այդ տղաների եւ նրանց ծնողների առջեւ պարտք ունենք: Ցանկացած ընտրություն պարտավորեցնող է եւ այդ տղաները պարտադրում են, որ մենք իսկապես կարողանանք արդար եւ ուժեղ Հայաստան ունենալ: Բնականաբար, քվեարկեցի հանուն նոր սկզբի, հանուն նոր, անվտանգ, զարգացող Հայաստանի»:
Կարդացեք նաև
Հետաքրքվեցինք, թե անշուշտ վաղ առավոտից հետեւել է ընտրությունների մեկնարկին եւ ի՞նչ կասի ընթացքի մասին: «Քիչ առաջ արագ անցա մի քանի կայքերով: Կարծես թե էական լուրջ բաներ չեն նկատվում: Հուսով եմ՝ նոր համակարգը շատ ավելի մեծ վստահություն կարող է ներշնչել»:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՀՅԴ հնարավորությունները այս ընտրություններում, Աղվան Վարդանյանը պատասխանեց կարճ. «Մեծ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ