Այսօր թիվ 9/59 տեղամասում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Վարդան Օսկանյանին ոչ մի կերպ չհաջողվեց մատնահետքեր թողնել սարքի մեջ: Վերջին հույսը ճկույթն էր, բայց սարքը չկարողացավ վերցնել մատնահետքը: Այնուամենայնիվ, թեկնածուին թույլ տվեցին քվեարկել:
Ի տարբերություն Օսկանյանի, երբ մի տատիկի մատնահետքը սարքը չկարդաց, վերջինս բողոքեց, թե «էս ի՞նչ խլամ ապարատներ եք բերել»:
Մեր հարցին՝ ՕՐՕ դաշինքը մի շարք ահազանգեր է գրանցել, որ կարմիր գրիչներ են բաժանում, թելեր, ուզում են վերահսկել ընտրողներին, դրանք կարո՞ղ են էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կա՞ մտահոգություն, Վարդան Օսկանյանը պատասխանեց. «Դե նայենք օրվա մեջ ինչ կլինի: Սկիզբը մի քիչ ահազանգերը շատ են, կարծում եմ, տեսնենք օրվա մեջ ինչ կլինի»:
Կարդացեք նաև
Այն, որ սարքը մատնահետքը չկարդաց՝ Օսկանյանին այնքան էլ մտահոգիչ չի թվում՝ «Մատնահետքերի բազա չկա, միակ հնարավորությունը, որ տալիս է սարքը՝ օրվա ընթացքում նույն մարդը նույն տեղում չքվեարկելն է: Թերեւս այս ընտրություններում մատնահետքի իմաստը դա է, եկեք ճիշտ հասկանանք: Սա կարող է հաջորդ ընտրությունների համար օգտակար լինել»:
Մենք հետաքրքրվեցինք՝ բացի թելեր, կարմիր գրիչներ բաժանելուց այլ՝ լուրջ ահազանգեր ունե՞ք՝ նա պատասխանեց, որ դեռեւս շտաբ չի գնացել, չի տիրապետում ինֆորմացիային. «Հուսով եմ նորմալ ընտրություններ կլինեն, ոչ մեկին պետք չի ընտրություն, որի արդյունքներին հասարակությունը կասկածով է նայելու, դա լավ բանի չի բերի: Հուսով եմ իշխանությունները կսթափվեն իսկապես»:
Վարդան Օսկանյանն ասաց, որ փող բաժանելը, գրիչներ տալը տեսնելով՝ ոնց որ թե իշխանությունները նույնն են անում, ինչ նախորդ ընտրություններին:
Լրագրողները փոխանցեցին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքերը՝ բոլոր ապօրինի հետընտրական գործողությունները կկասեցվեն ոչ միայն օրենքով, այլեւ…՝ Վարդան Օսկանյանն արձագանքեց, որ դա շատ ենք լսել: Իսկ թե այդ այլեւ-ի տակ ի»նչ կարելի է հասկանալ՝ նա ասաց, որ իրեն պետք է հարցնել:
Վարդան Օսկանյանն ասաց, որ ինքը քվեարկել է իշխանափոխության համար. «Այս իշխանություններով երկիրը ապագա չի կարող ունենալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ