Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/56 ընտրական տեղամասում քիչ առաջ քվեարկեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Նա չպատասխանեց քարոզարշավի ժամանակ գրանցված միջադեպերի, դանակահարությունների եւ վերջին՝ «Ելք» դաշինքի ներկայացուցիչների վրա զինված հարձակման վերաբերյալ հարցերին:
Հանուն ինչի քվեարկեցիք հարցին էլ պատասխանեց՝ քվեարկեցի հանուն ձեզ եւ հեռացավ:
ՀՀԿ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ առավոտյան 11-ին պետք է քվեարկության գա, բայց պարզվում է՝ եկել է քվեարկության վաղ առավոտյան ու հեռացել: Այս տեղամասի առաջ կուտակումներ են, կուտակումներ կան նաեւ տեղամասում: Իսկ տարեց ընտրողները ընտրելու են գալիս երիտասարդ ուղեկցորդների թեւն ընկած:
Կարդացեք նաև
ՀՀԿ հանձնաժողովի նախագահ Էդուարդ Գալայանը նորմալ է համարում կուտակումները՝ ասելով, որ ընտրողների ակտիվությամբ է պայմանավորված:
Ըստ նրա, որեւէ խախտում, միջադեպ, ահազանգ իրենց տեղամասում չի գրանցվել, սարքերի հետ խնդիրներ չկան: Ըստ նրա, իրենց տեղամասում 1958 ընտրող կա, նա դժվարացավ ասել, թե քանի տոկոսն է արդեն քվեարկել. «Կրկնաքվեարկության փորձերը բացառվում են, ուղեկցորդներ կան, որովհետեւ տարեց մարդիկ կան, որոնք խնդիրներ ունեն, բնական է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ