Լրահոս
Օրվա լրահոսը

Եվա Եղոյանցի ստեղծագործական կյանքին չի «խառնվում» ճանաչված ամուսինը

Ապրիլ 02,2017 14:30

Խորհրդային տարիներին շրջանառվում էր «ինքնուս երգահան» բառակապակցությունը: Այսինքն՝ երգերի հեղինակները ոչ պրոֆեսիոնալներ էին, նրանց գործունեությունը չէին ողջունում կոմպոզիտորները: Ավելին, եթե երաժիշտ էիր, բայց ոչ Կոմպոզիտորների միության անդամ, պարզապես իրավունք չունեիր մոտենալու երգարվեստի ոլորտին: Այդուհանդերձ, հենց այդ տարիներին ի հայտ եկան մի քանի անուններ, օրինակ՝ հայ բանաստեղծների տեքստերով մինչ օրս էլ սիրված երգերի հեղինակ, փոխգնդապետ Ալեքսեյ Հեքիմյանը, որի գործերը ձայնագրվեցին հայ եւ ռուս անվանի երգիչների կատարմամբ, նույնիսկ ձայնասկավառակ թողարկվեց, կամ՝ փոխգնդապետ Ռաֆայել Աբրահամյանը: Վերջինս նաեւ գրում էր իր երգերի տեքստերը: Դրանցից մեկը՝ «Երեւանը», ճանաչված տենոր Գեղամ Գրիգորյանի կատարմամբ ներկայացվել էր նաեւ արտասահմանյան բեմերում ու քանիցս հնչել է Կենտրոնական հեռուստատեսությամբ: Նշենք նաեւ, որ այս եւ մյուս երգահանների ստեղծագործությունները Հանրային ռադիոյի ֆոնդում էին հայտնվում միայն գեղարվեստական խորհրդի որոշումից հետո: Ի դեպ, այսօր Ռուսաստանում ճանաչված բազմաթիվ հիթերի հեղինակ Իգոր Կրուտոյը, որը մասնագիտությամբ դաշնակահար է, խորհրդային տարիներին հանդիսացել է Վալենտինա Տոլկունովայի կոնցերտմայստերը եւ այլն:

Եվա Եղոյանցը՝ ամուսնու հետ:

Նոր ժամանակներում այլեւս տաբուներ չկան, սակայն չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ «գործում» են հարյուրավոր երգահաններ: Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք նաեւ, որ նրանց շարքերում կան մի քանիսը, որոնց երգերը իսկապես մեղեդային են եւ, ոչ պակաս կարեւոր՝ ասելիք ունեն:

Ողջունելի է, որ նրանցից մեկ-երկուսը ստեղծագործում են մանուկների համար, օրինակ՝ Եվա Եղոյանցը (լուսանկարում), որը դաշնակահարուհի է եւ մանկավարժ: Նրան քանիցս հանդիպել ենք տարբեր միջոցառումների ժամանակ, ամուսնու՝ ճանաչված հեռուստալրագրող եւ հաղորդավար Կարեն Քոչարյանի հետ: Հիշեցնենք, որ վերջինս 1991թ. հայկական առաջին անկախ «3-րդ ալիք» հեռուստաընկերության հիմնադիրներից է, կարճ ժամանակ խաղացել է Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում, 1983թ. սկսել է հեռուստահաղորդավարի կարիերան, տարբեր TV-ներում հեղինակային բազմաթիվ հաղորդումներ է իրականացրել եւ 1979-ից եղել է հարյուրավոր համերգների ու միջոցառումների հանդիսավար:

Մեզանում տարածված կարծիքը, թե մերօրյա հանրային կյանքի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ցանկացած ոք, առավել եւս՝ եթե նա հանրային դեմք է, պարզապես չի կարող ունենալ իր անձնական կյանքը եւ այն ապահովագրել տարաբնույթ միջամտություններից, հերքում է այս ամուսնական զույգը: Տարբեր առիթներով հնչում է երգահանի «Բարի լույս, իմ Երեւան» ստեղծագործությունը՝ Հասմիկ Հովհաննիսյանի խոսքերով, որը, եթե չենք սխալվում՝ 2015թ. մանկական երգի մրցույթ-փառատոնում երջանկահիշատակ Արմեն Դիվանյանի հիմնած «Արեւներ» անսամբլի (ղեկավար՝ Արփինե Հովհաննիսյան) կատարմամբ արժանացավ առաջին մրցանակի: Ինչպես վերնագիրն է հուշում՝ երգը մեր մայրաքաղաքի մասին է եւ չափազանց մեղեդային:

«Արեւները» «Բարի լույս, իմ Երեւան» երգի կատարման ժամանակ:

Վերջերս անցկացված միջոցառումներից մեկի ժամանակ «Առավոտը» հետաքրքրվեց՝ ինչո՞ւ մանկական երգից հետո այլեւս չենք հանդիպում երաժշտի ստեղծագործություններին: Եվա Եղոյանցը չթաքցրեց, որ արդեն տարիներ առաջ ստացած մրցանակից հետո ոգեւորվել է, ստեղծագործում է, բայց դեռ հապաղում է: Հավելեց նաեւ, թե ստեղծագործություններից «Վալսը» ներկայացրել է Երվանդ Երզնկյանին, երգերից մեկն էլ՝ «Երեւանը», Լիլիթ Հեյբաթյանի խոսքերով՝ Շուշան Պետրոսյանին: Մի ստեղծագործություն էլ փոխանցել է բելգիաբնակ երգչուհի Զառա Տոնիկյանին: Չմանրամասնեց, թե ինչ ճակատագիր է սպասվում գոնե այդ գործերին: Միայն նշեց, թե, իր ձեւակերպմամբ՝ շոու-բիզնեսի դաշտն ուրիշ է ու ինքը տարված չէ փողի մոլուցքով:
Հետաքրքրությանը, թե ամուսինը չի՞ «խառնվում» իր ստեղծագործական կյանքին, մինչդեռ ցանկության դեպքում ոչ միայն կօգներ, այլեւ կարող էր ավելին անել… մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր՝ ոչ:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

01,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930