Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու չի կարելի դատել մարդկանց եւ ինչպես անել, որ չդատել

Ապրիլ 02,2017 14:00

Ուրիշին դատելը ապաշխարելու ցանկության հետ չի մերվում:
Ապաշխարողը իր ներսն է նայում

Սովորական մարդը սիրում է դատել ուրիշներին ու փնովել այլ մարդկանց սխալները: Եթե մարդը արդարություն փնտրի այս կյանքում, ապա ավելի շատ կդատի այլ մարդկանց, որովհետեւ բոլորս սխալական ենք: Արդարություն փնտրելն անշուշտ լավ բան է: Բայց ինչպես Հովհան Ոսկեբերանն է ասում, եթե դու այն խառնում ես ամբարտավանության հետ, դա քեզ ցած կնետի քո արդարության ձգտումից: Սա չի նշանակում, որ արդարություն չպետք է փնտրել, այլ այն պետք է շաղախել ծայրահեղ խոնարհությամբ:
Եթե դուք ուզում եք, որ ուրիշներն արդար լինեն, ապա դուք պետք է նայեք ձեր անձի ներսը եւ հարցնեք ինքներդ ձեզ. դուք միշտ արդա՞ր եք ուրիշների նկատմամբ, դուք արդա՞ր եք Աստուծո նկատմամբ, դուք արդա՞ր եք ձեր անձի նկատմամբ: Եթե ոչ, ապա դուք կուզեի՞ք, որ Աստված էլ արդար լիներ ձեր նկատմամբ: Եթե Աստված արդարությամբ վարվի մարդու նկատմամբ, ապա ո՞վ կարող է ոտքի վրա կանգուն մնալ:

Երբ որ քո մտքի հայացքը ուրիշ մարդու սխալների վրա է դատելու իմաստով, ապա դու քեզ դրանով ավելի լավն ես համարում (ոնց որ դրանով մարդ ասի, «ես նման բան չէի անի»), ու ավելի բարձր, քան այլ մարդիկ: Երբ որ քո մտքի/սրտի հայացքը ուրիշ մարդկանց սխալների վրա է, ապա այն այլեւս քո հոգու վրա չէ: Երկու ուղղությամբ չի կարող լինել: Իսկ մեկումեջ լինելն էլ կլինի երկու տիրոջ ծառայել, որը մեր Տերն ասաց՝ չենք կարող անել:

Երբ որ դու ապաշխարում ես (խնդրում եմ չշփոթել զղջալու կամ խոստովանելու հետ), քո միտքը քո հոգու վրա է թեքված, քո մտքի ուղղությունը քո վրա է, քո սխալների վրա, դու ուզում ես դրանցից ազատվել, դու պայքարում ես քո սխալների վրա, դու գիտես ինչքան դժվար է դա անել, ու դու գիտես, թե Աստված ինչքան է քեզ սիրում ու համբերում, որ այս աշխատանքը կատարես, ու հոգիդ միանգամից չի վերցնում ու դժոխք նետում: Ու դու եթե սիրում ես Աստծուն ու իր ընտանիքը, դու ինքդ կիմանաս, թե ինչքան դժվար է մյուս մարդկանց համար սուրբ կյանք ապրելը ու որ Աստված իրենց էլ է համբերում ու հանդուրժում: Ու դու էլ կլինես քո Երկնավոր Հոր կողմից ու կաշխատես այդ ուղղությամբ, այլ ոչ թե մարդկանց դատելու: Էլ չեմ ասում, որ մեր Տերն ասաց, մի դատեք, որ չդատվեք: Ինչ դատաստանով որ դատեք, նրանով էլ կդատվեք:

Հետեւաբար, ավելի լավ է դուք էլ մի դատեք, ժողովուրդ ջան, որ դուք էլ չդատվեք ձեր բազում մեղքերի ու սխալների համար:

Որպեսզի հեշտ լինի չդատել, 2 բան կօգնի. առաջին, մարդը պիտի միշտ հիշի՝ «եթե ես չդատեմ, Աստված էլ խոստացավ ինձ չդատել»: Սա շատ հզոր քաջալերանք է սեփական անձին ու ազդակ չդատելու համար: Երկրորդ. մարդը պիտի իր հոգուն միշտ նայի, որ փրկվի: Տեսնի կեղտերը, տեսնի, թե իր ներսում ինչքան կեղծավորություն կա, որ ինքը չի ուզում, որ ուրիշ մարդիկ իմանան, ինքնահավանություն, եսասիրություն, ատելություն, փառասիրություն (մեղմ ասած, որ իրեն գովեն ու գնահատեն) եւ այլն:

Եթե մեր միտքը այս բաների վրա պահենք, դրանց համար արտասվենք, զղջանք ու դրանց դեմ գիտակցաբար պայքարենք ու այս ամենի մեջ Քրիստոսին ապավինենք ու հավատքով իր օգնությունը կանչենք՝ ապա ամեն ինչ հեշտ կդառնա Քրիստոսով:
Հոգեւոր կյանքն իրականում քրտնաջան աշխատանք է: Հոգեւոր կյանքը պայքար է: Երբ դու հոգեւոր կյանքի մեջ ես, դու խրամատի մեջ ես: Սուրբ մարդիկ ճգնությամբ են հասել նրա բարձունքներին: Դրա համար էլ կոչվել են ճգնավորներ: Մենք ոչ թե հիացմունք ու վայելք պիտի փնտրենք հոգեւոր կյանքում, այլ «վար ու ցանք»՝ որպեսզի մշակես քո ներսն այնպես, որ աճեցնես ու պտղաբերես Քրիստոսի տված կյանքի սերմը: Առաջին նշանը սեփական բացթողումները տեսնելն է, ինչպես ծովի ավազը:

 

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
https://www.facebook.com/armen.hareyan?hc_ref=SEARCH&fref=nf

 

«Առավոտ»

01,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել