Լրահոս
Օրվա լրահոսը

Գալստյան կիրակին՝ խորհրդարանական ընտրությունների օրը

Ապրիլ 02,2017 13:30

Այս կիրակի` ապրիլի 2-ին, ոչ միայն խորհրդարանական ընտրություններն են, այլեւ Հայ առաքելական սուրբ եկեղեցում նշվելու է Գալստյան կիրակին: Այդ կիրակիի խորհուրդը Հիսուս Քրիստոսի առաջին գալստյան` մարդեղության հիշեցումն է, որտեղ հաստատվում է այն ճշմարտությունը, որ Փրկչի գալստյամբ հնարավորություն է ընձեռվել մարդկությանը փրկության ուղով առաջնորդել: Այս կիրակի միեւնույն ժամանակ խոսվելու է Քրիստոսի երկրորդ գալստյան մասին: Քրիստոսի առաջին գալուստը եղավ որպես փրկիչ, ծառայի կերպարանքով, իսկ երկրորդ գալուստը, ըստ Ավետարանի, լինելու է որպես ահեղ թագավոր: Ավետարանում Քրիստոսի երկրորդ գալստյան մասին ասվում է. «Ինչպես փայլակը, որ ելնում է արեւելքից եւ երեւում է մինչեւ արեւմուտք, Մարդու Որդու գալուստն այդպես կլինի» (Մատթ. ԻԴ 27):

Համեմատական կարգով նկարագրվում է, որ ինչպես փայլակն է ահեղ զորությամբ հայտնվում, այդպես էլ մեր Տերը պիտի հայտնվի մեծ զորությամբ ու բազում փառքով: Ինչպես փայլակը որոտմամբ է հայտնվում, այդպես էլ Տերը պիտի գա փողի ձայնով, եւ ինչպես փայլակի լույսը հալածում է խավարը, այդպես էլ Տիրոջ լույսը պիտի հալածի մեղքերի խավարը: Ինչպես նախ փայլակն ենք տեսնում եւ ապա լսում նրա ձայնը, այդպես էլ Տիրոջ գալստյամբ` նախ խաչը պիտի երեւա եւ ապա Տերը պիտի հայտնվի: Բայց մինչեւ Տիրոջ հայտնվելը նախնական նշաններ են լինելու, որի մասին Աստվածաշնչում ասվում է. «Նախքան Դատաստանը մեծ ու սաստիկ հուր է լինելու, այն սփռվելու է ամբողջ աշխարհի վրա, ջրերի նման տարածվելով՝ ծածկելու է լեռները, ինչպես եղավ ջրհեղեղի ժամանակ, եւ այրելով մաքրելու է ողջ աշխարհն աղտեղություններից` ըստ այս խոսքի. «Նրա առջեւից հուր պիտի ընթանա` այրելով Իր շուրջ եղող թշնամիներին» (Սաղմ. ՂԶ 3): Քրիստոսի գալուստը նմանեցվում է փայլակի ճայթյունին: «Եվ ապա երկնքի վրա Մարդու Որդու նշանը պիտի երեւա, եւ այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով` զորությամբ եւ բազում փառքով» (Մատթ. ԻԴ 30):

Մատթեոսի Ավետարանում գրված է, թե ինչպես է Քրիստոս խոսում իր երկրորդ գալստյան նախանշանների մասին. «Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետեւ շատերը կգան իմ անունով ու կասեն, թե` ես եմ Քրիստոսը, եւ շատերին կմոլորեցնեն: Լսելու եք պատերազմների ձայներ եւ պատերազմների լուրեր…: Ազգ ազգի դեմ պիտի ելնի, եւ թագավորությունը` թագավորության դեմ, եւ պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժեր: Սակայն այս ամենը սկիզբն է երկանց: …Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եվ անօրինության շատանալուց` շատերի սերը պիտի ցամաքի: Բայց ով մինչեւ վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (Մատթ. 24.4-13): Բայց այնպես չէ, որ թվարկված նախանշանները մեր օրերում տեսնելով՝ պիտի մտածենք, որ արդեն երկրորդ գալստյան ժամանակն է, քանի որ Քրիստոս նաեւ ասել է, որ ոչ ոք չգիտի այդ օրն ու ժամը, անգամ Որդին, ոչ մեկին հայտնի չէ, թե երբ են երկինքն ու երկիրը անցնելու եւ երբ է մեծ փառքով հաստատվելու Աստծո թագավորությունը: Գալստյան կիրակիի բուն խորհուրդը, ըստ հոգեւոր հայրերի մեկնության, այն է, որ լինենք արդար, բարեպաշտ, պարկեշտ, բարեգործ, համբերատար ու սիրով լցված սպասենք Տիրոջ հրաշափառ գալստյանը:

 

«Առավոտ»

01,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930