Լրահոս
Օրվա լրահոսը

«Հորդորում եմ Տիգրան Մուկուչյանին՝ հրահանգել, որպեսզի կայքէջից անհապաղ հեռացվեն նշված սերտիֆիկատների էլէկտրոնային պատկերները». Արման Մելիքյան

Ապրիլ 01,2017 23:26

ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

01.04.2017 ք. Երևան

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար, 2008 և 2013 թվականների ընտրություններում որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված
Արման Մելիքյանի արձագանքը

Հայաստանում ԵՄ, ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի դեսպանների
մարտի 29-ին արված հայտարարությանը

Թեև նախապես որոշել էի որևէ կերպ չանդրադառնալ ապրիլի երկուսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման, անցկացման և դրանց արդյունքների ամփոփման հետ կապված տեխնիկական առանձնահատկություններին, քանի որ համոզված էի և եմ, որ մեզանում շարունակում են պահպանվել բոլոր նախորդ համապետական ընտրությունների ընթացքում ամբարված ընտրակեղծարարության փորձն ու ավանդույթները, Հայաստանում՝ ԵՄ, ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի դեսպանների մարտի 29-ին արված հատարարության բովանդակությունն ստիպեց ինձ խախտել լռելու որոշումս: Բարձր եմ գնահատում ԵՄ, ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի դեսպանների (հատկապես Մեծ Բրիտանիայի դեսպանի) ջանքերն ուղղված ՀՀ-ում ընտրությունների արժանահավատության և թափանցիկության ապահովման միջոցով իրավազոր իշխանու-թյան ձևավորմանը և վստահ եմ, որ ամենևին էլ հեշտ խնդիր չէր հայթայթել համապա-տասխան տեխնիկական միջոցները գնելու և դրանք աշխատանքային վիճակի բերելու համար անհրաժեշտ գումարները:

Այդուհանդերձ, պարտավորված եմ զգում նաև իմ մտահոգություններն արտահայտել այս կապակցությամբ: Հակառակ հարգարժան դեսպանների հավաստիացումների առ այն, որ քվեների ստույգ հաշվարկի համար անհրաժեշտ տեխնիկական պայմաններն ապահովված են, ստիպված եմ ինչպես նրանց, այնպես էլ հայաստանյան ընտրողների և ԶԼՄ-ների ուշադրությունը հրավիրել այդ պնդումը ժխտող կարևոր հանգամանքի վրա: Այսպիսով՝ ՀՀ ԿԸՀ պաշտոնական կայքի գլխավոր էջում զետեղված են GIC Ltd. կողմից տրված ISO 27001:2005 Application of Voting Technologies through “Elections” automated system, including Electronic (Internet)Voting (վկայական No N686383) և ISO 9001:2008 Application of Voting Technologies through “Elections” automated system, including Electronic (Internet)Voting (վկայական No N686126) սերտիֆիկատների էլեկտրոնային տարբերակները, որոնք հավաստում են, որ ՀՀ ԿԸՀ կողմից ներդրված են եվրոպական պաշտոնապես ճանաչված չափանիշներին համապա-տասխանող կառավարման համակարգեր:

Այդ սերտիֆիկատների առկայությունը պարտավորեցնող է հատկապես եվրոպական դիտորդների համար՝ նկատված զանգվածային ընտրակեղծիքները որպես ընտրությունների ընդհանուր որակի վրա էական ազդեցություն չունեցող մասնավոր երևույթ դիտարկելու տեսանկյունից: Խնդիրն այն է, որ նշված սերտիֆիկատների վավերականության ժամկետը սպառվել է դեռևս 2013 թվականին: Ուստի, մեր համոզմամբ, ՀՀ ԿԸՀ պարագայում վերոհիշյալ սերտիֆիկատների առկայությունն այդ կազմակերպության պաշտոնական կայքէջում ապօրինի է, նպաստում է ընտրական գործընթացներին մասնակցող ՀՀ քաղաքացիների, միջազգային դիտորդական առաքելությունների և ԶԼՄ-ների ապատեղեկացմանը և կոչված է կանխակալ դրական կարծիք ձևավորել քվեարկության արդյունքների պաշտոնական ամփոփիչ հայտարարության նկատմամբ:

Միաժամանակ, հենց միայն այն փաստը, որ ՀՀ ԿԸՀ պաշտոնական կայքէջում այսպիսի աղաղակող խախտում է առկա, վկայությունն է այն բանի, որ այժմ էլ հայաստանյան ընտրությունների անցկացման գործընթացները չեն իրականացվում համապատասխանության սերտիֆիկատներում նշված միջազգային չափանիշներին համաձայն և նշված ներդրված կառավարման համակարգերի մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում նաև ապրիլի երկուսին կայանալիք ընտրությունների մասով:

Ելնելով վերը ասվածից, հորդորում եմ ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ հրահանգել, որպեսզի կայքէջից անհապաղ հեռացվեն նշված սերտիֆիկատների էլէկտրոնային պատկերները, իսկ ԿԸՀ-ի կողմից էլ տրվեն անհրաժեշտ գրավոր պաշտոնական պարզաբանումներն առ այն, որ համապատասխան կառավարման համակարգերի առկայության վերաբերյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Դիմում եմ նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, միջազգային դիտորդական առաքելությունների ղեկավարներին և անդամներին՝ համապատասխան հետևություններն անելու և հստակ դիրքորոշում արտահայտելու առաջարկով:

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին և քաղաքացիներին ասելիք չունեմ՝ բոլորն առաց այդ էլ ամեն ինչ տեսնում են:
Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել նաև այն մասին, որ 2013 թվականի ընտրություններից հետո նախաձեռնվել է ընտրկեղծարարության փաստերի մասնավոր հետաքննություն, որի առանձին դրվագներով ուշագրավ տեղեկություններ են ստացվել որոշ օտարերկրյա պետություններում գրանցված իրավաբանական անձանց կողմից նշված համատեքստում իրականացրած գործունեության վերաբերյալ: Հետաքննության արդյունքների մասին լրացուցիչ մանրամասներ կհրապարակվեն ավելի ուշ։

Արման ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930