Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր. պարզաբանում ԿԸՀ-ից, ոստիկանությունից (Տեսանյութ)

Ապրիլ 01,2017 23:14

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություն էր տարածել, թե դաշինքն ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որ համատարած ընտրակաշառքներին զուգահեռ ՀՀԿ-ի համար աշխատող կեղծարարները կաշառված քաղաքացիներին բաժանում են տարատեսակ տարբերանշաններ՝ համարակալած թղթերի, թափանցիկ ստիկերների, տարբեր գույների թելերի տեսքով՝ պահանջելով քաղաքացիներից քվեաթերթիկի հետ միասին դրանք տեղադրել ծրարների մեջ՝ վերահսկելու համար նրանց քվեարկության բովանդակությունը: Ըստ շտաբի` սա քվեարկության գաղտնիության սահմանադրական նորմի կոպիտ խախտում է:

Հայտարարության մեջ նշված է. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան վստահված անձանց մենք առաջարկել ենք հաշվարկի ժամանակ նման դեպքերի հանդիպելիս արձանագրել յուրաքանչյուր նման դեպք գրանցամատյանում եւ ներկայացնել հատուկ կարծիք՝ այդ տեղամասերի արդյունքների բողոքարկման նպատակով: Բացի այդ, շտաբը տեղեկություններ է ստացել, որ մի քանի հիվանդանոցներից, մասնավորապես «Գրիգոր Լուսավորիչ» («Մասիվի հիվանդանոց»), Մալաթիայի հիվանդանոց, հիվանդներին առողջանալուց եւ փաստացի դուրս գրվելուց հետո պաշտոնապես դուրս չեն գրում՝ նրանց քվեարկությունը հիվանդանոցներում շրջիկ արկղերով, ըստ էության՝ բաց կազմակերպելու նպատակով: Մենք պահանջում ենք Կենտրոնական Ընտրական հանձնաժողովից անհապաղ, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ներկայացուցչի, ինչպես նաեւ, ցանկության դեպքում՝ ընտրապայքարին մասնակցող այլ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ ստուգումներ իրականացնել նշված հիվանդանոցներում՝ պարզելու համար ստացիոնար բուժման մեջ գտնվող փաստացի առկա եւ գրանցված հիվանդների թվերը:

Վերջապես, մեր աղբյուրները ՀՀԿ մի քանի շտաբերից հաղորդում են, որ պլանավորված է վաղը առավոտյան մինչեւ 10:00-ը շոշափելի խախտումներ, այլ անձանց փոխարեն քվեարկություններ իրականացնել ընտրատեղամասերում, որի նպատակով բազմաթիվ տեղամասերում էլեկտրոնային սարքերը ժամանակավորապես անսարք վիճակի են բերվելու: Ապրիլի 2-ին նման դեպքերի տեղի ունենալու դեպքում՝ մենք կկարողանանք պնդել, որ սա պլանավորված եւ համակարգային զանգվածային ընտրախախտում է՝ ուղղված ընտրությունների արդյունքը հօգուտ ՀՀԿ-ի խեղաթյուրելուն:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը խստորեն դատապարտում է ընթացող եւ ծրագրվող ընտրակեղծիքները եւ պահանջում է իշխանություններից անհապաղ դադարեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի ոտնահարմանն ուղղված ապօրինությունները, մասնավորապես՝ իրավապահ մարմիններից պահանջում ենք բացահայտել եւ պատժել դրանք իրականացնողներին»:

Այս հայտարարությանն արձագանքեց ԿԸՀ-ն. «Եթե դաշինքը ստանում է, ինչպես իրենք են նշում, համատարած ընտրակաշառքների վերաբերյալ տեղեկություններ, ապա անհրաժեշտ է կամ ուղղորդել նշված քաղաքացիներին կամ եթե իրենք ունեն համապատասխան փաստեր, ապա անմիջապես դրանք տրամադրեն իրավապահ մարմիններին, քանզի ընտրակաշառք տալը հանդիսանում է քրեորեն պատժելի արարք:

Ինչ վերաբերում է «Գրիգոր Լուսավորիչ» («Մասիվի հիվանդանոց»), Մալաթիայի հիվանդանոցների հետ կապված դեպքերին, ապա տեղեկացնում ենք, որ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկության կազմակերպմանը կարող են ներկա գտնվել նաև վստահված անձինք, դիտորդներ, այցելուներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Նշված երկու ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում ընտրողների թիվը մոտ 300 է:

Նշվածից ակնհայտ է, որ հանրային վերահսկողության բոլոր մեխանիզմներն առկա են, և ավելորդ դատողությունների փոխարեն ուղղակի կարելի է օգտվել օրենսգրքով սահմանված իրենց իրավունքներից:

Ինչ վերաբերում է տեղամասերում էլեկտրոնային սարքերը անսարք վիճակի բերելու դատողություններին, ապա նշված դատողությունները չեն համապատասխանում իրականությանը, և դա, թերևս, այն հարցն է, որում կարելի է համոզվել քվեարկության ընթացքին հետևելով:

Միաժամանակ ավելորդ չենք համարում հիշեցնել, որ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն, քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը քարոչությունը (հակաքարոզչությունը) արգելվում է»:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը նաև ահազանգ է ստացել, որ 21/09 ընտրատեղամասում (Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծակքար) Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ընտրատեղամասում նախագահը նախ չի ցանկացել փակել չհրկիզվող պահարանը, որտեղ տեղադրված են ընտրական փաստաթղթերը և նյութերը, ապա, վստահված անձի պահանջից հետո այն փակելուց հետո չի ցանկացել բանալին հանձնել ոստիկանին։

Ահազանգին արձագանքել է նաև ՀՀ ոստիկանությունը. «ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչը համացանցում տեղեկատվություն է տարածել, թե Գեղարքունիքի մարզի Ծակքարի 21/09 տեղամասում իբր նախատրամադրվածություն է նկատել իրենց թեկնածուի հանդեպ, ինչն արտահայտվել է նրանով, որ չեն ցանկացել փակել չհրկիզվող պահարանի դուռն ու բանալին հանձնել ոստիկանին: Ստուգումով պարզվել է, որ «ակնհայտ նախատրամադրվածություն» ասվածն ընդամենը չհրկիզվող պահարանի կողպեքի տեխնիկական խնդիր է եղել, ինչն արագ լուծվել է: Այս «գործընթացը» տեսագրված է: Կոչ ենք անում ծագող տեխնիկական հարցերը լուծել աշխատանքային կարգով և անհիմն հայտարարություններով արհեստականորեն չբորբոքել իրավիճակն ու չմոլորեցնել ընտրողներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930