1989թ. հոկտեմբերի 12-ին ծնվեց Վազգեն Սարգսյանի «տղան»` Կառլեն Սարգսյանը: Կառլենը Արմեն Սարգսյանի որդին է, բայց Վազգեն Սարգսյանի սիրելի տղան. «նա իմ տղան է` գնացեք ձեր համար երեխա ունեցեք»,-հաճախակի ասել է` Վազգեն Սարգսյանը:
Կառլեն Սարգսյանը հարցազրույցում նշեց. «Ինձ շատ է ոգևորում այն փաստը, որ շատ է սիրել ինձ և որպես հարազատ տղա է ընդունել: Շատերը կերազեին իմ տեղը լինեին…»:
-Ինչպիսի՞ն էր Վազգեն Սարգսյանը որպես հորեղբայր:
Կարդացեք նաև
– Որպես հորրեղբայր կարող է ծնողից առավել լիներ նույնիսկ, եթե ծնողս ժամանակ չէր ունենում ինձ հետ զբաղվելու, բայց ինքն այդ զբաղվածության հետ միասին կարող էր խոսել ամեն թեմայով, մինչև անգամ աշխատանքից: Աշխատանքը քննարկեր ինձ հետ, նույնիսկ բացատրություն ինձ տար, թե ինչի՞ է այդ քայլը անում: Կարծում եմ դրանից այնկողմ մարդը չի կարող մոտ լինի ինձ:
– Այսինքն՝ նա ձեզ համար ծնող է եղել:
– Ինձ համար՝ այո: Իմ ծնողները, իմ ծնողներն են, ես իրենց շատ սիրում եմ և դա քննարկման ենթակա չի, բայց նա ինձ որպես ծնող է եղել (ժպտալով շարունակեց) ասենք՝ լողալ, մեծ թենիս, դահուկ քշել, ֆուտբոլ խաղալ ինքն է սովորեցրել: Ֆուտբոլի մեծ սերը, որ ինձ մոտ կա, նա է սերմանել, էլ ի՞նչ ասեմ: Իմ հայրը, եթե ասեմ դրանցից մի բան սովորեցրել է, սուտ կլինի:
-Որսորդության հանդեպ ձեր սերը նույնպե՞ս Վազգեն Սարգսյանից եք ժառանգել:
– Ոչ. Վազգենը որս, զենք չի սիրել ու միշտ ասել է, եթե մի բան կյանք է խլում ո՞նց կարելի է սիրել: Որսորդության պապայի հետ եմ գնացել: Նա ինձ չի տարել հատուկ սովորեցնելու, ուղղակի ասել է` տղա ջան, սա այսպես է ու վերջ: Իսկ Վազգենը միշտ բացատրում էր, եթե սա սովորես, սենց կլինի…(խի եմ ասում Վազգեն: Վերջերս Դավիթ Ամալյանի մի երգ լսեցի ու շատ հավանեցի, երգի մեջ ասում էր, որ ասում են Վազգեն չեմ ուզում ածականեր «կպցնեմ», ՎԱԶԳԵՆԸ ամբողջական կերպար է, որ իրա անունով ամեն ինչ ասված է):
Այն հարցին, թե ի՞նչ էր զգում, երբ առաջինն իրեն էր նստեցրել վարչապետի աթոռին, պատասխանեց. «Ինձ համար մեկ էր այդ ժամանակ, թե ինչ աթոռ է` ուղղակի գիտեի, որ իմ հորեղբայրը դեռ պաշտպանության նախարարն է ու գիտեի այդ ժամանակ երկրի ամենահզոր պաշտոնը էտ պաշտպանության նախարարի պաշտոնն է, որովհետև ինքն էր հզոր: Այնքան լավ էր իր պաշտոնը կառավարել, որ ակամայից իր պաշտոնը շատ պաշտոններից հզոր էր երևում: Եվ նույն ձև էլ որպես վարչապետ էր կառավարելու: Շատ ծրագրեր ուներ անելու, բայց չհասցրեց, չհասցրեց գոնե իր ստեղծածը վայելել…»:
Կառլենը հորեղբորը կորցրել է, երբ 10 տարեկան էր, բայց մինչև հիմա զգում է իր ներկայությունը. «Հոպարս միշտ իմ թիկունքին կանգնած է, ես միշտ դա զգում եմ, այդ զգացողությունն այնքան ուժեղ է, որ թիկունքիս իր դիմանկարն եմ դաջվածք արել»:
-Ապրիլյան պատերազմի ժամանակ միտք ունեի՞ք ինքներդ գնայիք առաջնագիծ:
– Միտք ունեի գնալու. գնացել, շրջել, հետ եմ եկել, բայց իմ կարիքը որպես կամավոր չկար` ամենաշատը ապրիլյան պատերազմի ժամանակ զգացել եմ Վազգենի պակասը, ոչ թե իմ հորեղբայրն է, ուզում եմ մեծարել, այլ կարծում եմ՝ դա բոլորն են զգացել, նույնիսկ կարծում եմ, եթե ինքը լիներ՝ «դուխ» էլ չէին անի տենց քայլ անեին…
Արմինե ՀՈՎԵՅԱՆ