ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր քննարկում ունեցավ ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ: Հանդիպումից հետո ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւն անդրադարձավ լրագրողներին այն հարցին, թե ինչպես է գնահատում ընտրական գործընթացում տեսախցիկների ներդրումը եւ ընտրություններից հետո ստորագրված ցուցակների հրապարակումը:
Ալեքսեյ Սերգեեւի խոսքով՝ ԱՊՀ դիտորդները դրանք ընկալում են որպես օրենքի նորմեր: Միաժամանակ, Սերգեեւը նկատեց, որ այդ նորմերում որոշակի ռիսկեր կան. «Գուցե որոշ ընտրողների վանի այն փաստը, որ ընտրություններից հետո իր տվյալները հրապարակվելու են ստորագրված ցուցակներում, կամ որ ընտրողներին ֆիքսելու են տեսախցիկները»:
Այնուամենայնիվ, Սերգեեւի բնորոշմամբ՝ ԱՊՀ դիտորդները տեխնիկական միջոցների ներդրումը բնորոշում են որպես փաստ, որը համապատասխանում է ՀՀ նոր Ընտրական օրենսգրքին:
Կարդացեք նաև
Դիտորդական առաքելությամբ Հայաստանում գտնվող Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Բոլեսլավ Պիրշտուկն իր հերթին ասաց, որ դատելով իրենց ունեցած տեղեկատվությունից՝ նախընտրական քարոզչության ժամանակ քաղաքական ուժերի կողմից խախտումներ չեն եղել:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ