Կարևորելով երեխայի դերն ընտանիքում՝ Արարատյան Հայրապետական թեմի «Կանա» քրիստոնեական կենտրոնը կազմակերպեց հղի կանանց համար քրիստոնեական, հոգեբանական դասընթաց: Ներկաների ուշադրության կենտրոնում էին եռյակ և միանգամից հնգյակ սպասող ապագա մայրիկները:
Հղիության առաջին ամիսներին կնոջ հոգեկան աշխարհը փոխվում է: Հայտնի ճշմարտություն է, որ հղի կանանց և մայրիկներին պետք է աջակցեն նաև տղամարդիկ և ապահովեն հղիության ժամանակաշրջանում նրանց հատուկ պաշտպանությունը: Թե որքանով է կարևոր տղամարդու դերն այս հարցում և երեխայի դերն ընտանիքում՝ իրենց տեսակետներն արտահայտեցին Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը և «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը: Ըստ նրանց, հղին պետք է հոգեպես խաղաղ լինի:
Տեր հայրն իր խոսքում նշեց, «Կարևոր նախապայման է ներդաշնակ ընտանիք կազմելը, երեխային հասկանալը»: Ըստ հոգեբանի՝ առողջ երեխա ունենալու համար շատ կարևոր են ներարգանդային շրջանում երեխայի հետ զրույցները, որոնք երեխայի հետագա հաջողությունների կամ անհաջողությունների հիմքն են:
Հոգեբանը խորհուրդ է տալիս կարևորել ամուսինների ներգրավվածությունը հղիության ողջ ընթացքում և խաղաղ միջավայրը, որտեղ առկա է հանգստություն, ուրախություն և խաղաղություն: Հղի կանանց համար նախատեսված քրիստոնեական, հոգեբանական դասընթացներն անվճար են:
Կարդացեք նաև
Յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 19.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը և «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը կզրուցեն հղիներին հուզող հարցերի շուրջ և կպատասխանեն նրանց հետաքրքրող հարցերին:
Արարատյան Հայրապետական թեմի մամուլի հաղորդագրություն