Լրահոս
Օրվա լրահոսը

Զինված հարձակման մեջ կասկածվող Մանախը դեռ 4 տարի առաջ հրաժարվել էր ՀՀ քաղաքացիությունից (Տեսանյութ)

Ապրիլ 01,2017 14:49

«Ելք» դաշինքի անդամների վրա զինված հարձակում կատարելու մեջ կասկածվող անձը՝ 39-ամյա Արթուր Այվազյանը՝  «Մանախը», որը 2001 թվականին դեռ 24 տարեկան հասակից 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել դաժան սպանություն կատարելու մեղադրանքով, մամուլում առավել հայտնի դարձավ Արթիկ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու տարիներին։ Բանն այն է, որ նա քրեակատարողական հիմնարկ այցելող լրագրողներին մշտապես ներկայանում էր որպես քաղբանտարկյալ՝ հայտարարելով, որ ինքը որևէ առնչություն չունի իրեն վերագրված մեղադրանքի հետ։

«Մանախը» եղել է ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի (հայտնի է «Շմայս» մականունով) եղբոր`«Ազատամարտիկների եւ կին վետերանների միություն» Հ/կ  նախագահ Միհրան Մովսիսյանի թիկնապահը, եւ դատապարտվել էր հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկի՝ Սամվել Ստեփանյանի (անվտանգության աշխատակից) սպանությունը պատվիրելու և կազմակերպելու համար։

Նշենք, որ ըստ քրեական գործի, Սամվել Ստեփանյանին սպանելուց հետո նրա դին պայթեցրել էին, որպեսզի մարմնի մասերը ցիրուցան լինեն ու այսպիսով հանցանքը կոծկեն։ Սամվել Ստեփանյանը սպանվել էր 2001 թ. հոկտեմբերի 14-ին, դին հայտնաբերվել էր Երեւանի Հաղթանակ կամրջի տակ:

Ի դեպ, Արթուր Այվազյանին կասկածել են նաև ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունու սպանության մեջ, սակայն նրա հանցանքը չի ապացուցվել։

Արթուր Այվազյանը մշտապես պայքարում էր իրեն վաղաժամկետ ազատ արձակելու համար, նույնիսկ դատի էր տվել Արթիկ քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովին, իսկ անցած տարի ազատ արձակվելուց հետո դիմել էր Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ վիճարկելով ՀՀ դատարանների կողմից իրեն պայմանական վաղաժամկետ ազատ չարձակելու որոշումները։

Նշենք, որ վերջինս 4 տարի առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրաժարվել էր ՀՀ քաղաքացիությունից՝  հայտարարելով․ «Հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից, քանի որ ես ու Սերժ Սարգսյանը, Աղվան Հովսեփյանը, ով իրավական ահաբեկչություն է իրականացնում երկրում, չենք կարող ունենալ մեկ աշխարհագրական հայրենիք»։

Նա նաև հաճախակի էր դիմում բողոքի ծայրահեղ միջոցների՝ հացադուլ, ջրադուլ հայտարարում՝ կարելով բերանը։ Նույնիսկ ինքնասպանության փորձ էր կատարել՝ կտրելով երակները:

Արթիկ քրեակատարողական հիմնարկում ու Շիրակի մարզի դատարանում նրան հիշում են որպես իրենց վրա ամեն օր բողոք գրող դատապարտյալի, որն օրն ի բուն պայքարում էր վաղաժամկետ ազատ արձակվելու համար։

Վերջինս ակտիվ կապի մեջ էր նաև մամուլի հետ․ հաճախակի էր հանդես գալիս բաց նամակներով՝ նույնիսկ հայտարարում էր, որ  2006թ.ապրիլի 29-ին«Գորիս» ՔԿՀ-ում 2006թ.-ին ապրիլի 29-ին իր նկատմամբ իրականացված, պատվիրված մահափորձ է կատարվել ԱԺ-ում 1999-ի հոկտեմբերին իրականացված ոճրագործության հետ որոշ պաշտոնատար անձանց մեղսակցության մասին իր հայտարարությունների համար։

Արթուր Այվազյանը Aravot.am-ին տված հարցազրույցներից մեկում պատմել էր, թե ինչպես են դատախազներ Գագիկ Ջհանգիրյանը, Աղվան Հովսեփյանը, Աշոտ Մելիքջանյանը, ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանը Հրաչյա Հարությունյանի ջանքերով փորձել հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների, Վահան Շիրխանյանի եւ Կոմանդոսի դեմ կատարած մահափորձի, Սամվել Առաքելյանի սպանության ու մնացած բոլոր գործերի մասով կեղծ ցուցմունքներ ստանալ իրենից:

«Ամեն ինչ անում էին, որ միացնեին այդ գործերը մեկ վարույթում եւ փակված համարեին: Այն ժամանակ մի պետական գործչի անվտանգության ծառայության ղեկավարն էի եւ առաջարկ ստացա, որ եթե տամ այն ցուցմունքները նույնիսկ ինքնաթիռի մեջ, որոնք ինձնից պահանջվում են, ինձ կուղարկեն եվրոպական երկիր՝  մեծ վճարումով ու կկալանավորեն բոլորին, որոնք իրենց համար թիրախ են: Դրանից հետո կվերադառնամ Հայաստան ու  հետաքրքիր աշխատանքի կանցնեմ: Չհամաձայնեցի հանցավոր գործարքի հետ», ասել էր նա:

Նշենք, որ «Ելք» դաշինքի ներկայացուցուչների հետ գիշերը տեղի ունեցած փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով։ Արթուր Ա․-ն ձերբակալված է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Տեսանյութը՝ Գալա հեռուստաընկերության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930