Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կենտրոնանալ կրթության վրա

Ապրիլ 01,2017 09:54

Ես չգիտեմ, թե ինչպես են ավարտվելու ընտրությունները, բայց մի բան կարող եմ հաստատ ասել` հաջորդ 5 տարին ընդդիմադիր քաղաքական ուժերի մի մասը պայքարելու է ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Այսինքն`մոտակա 5 տարվա նրանց «աշխատանքի ճակատն» ապահովված է:

Խիստ կասկածում եմ, որ այս անգամ «հետընտրական գործընթացները» հնարավոր կլինի ձգել 2-3 շաբաթից ավելի՝ դրանից հետո այն ուժերի ներկայացուցիչները, որոնք դժգոհ կմնանա ընտրությունների արդյունքներից, բայց անցել են 5 կամ 7 տոկոսի շեմը, կվերցնեն իրենց մանդատները եւ պայքարը կտեղափոխեն խորհրդարան: Նրանք, ովքեր այդ շեմը չեն հաղթահարելու, իհարկե, ավելի ակտիվ կլինեն եւ կպահանջեն նոր ընտրութուններ:

Այսպիսով, քաղաքական ուժերի անելիքներն առաջիկա հնգամյակում քիչ թե շատ պարզ են՝ այստեղ որեւէ սենսացիոն զարգացումներ չեն սպասվում: Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչ պետք է անենք մենք՝ ակտիվ եւ ոչ անտարբեր քաղաքացիներս: Ես կառաջարկեի կենտրոնանալ կրթության վրա՝ փոխել մեր կրթության խորհրդային համակարգը՝ սկսած մանկապարտեզից: Դա, իմ կարծիքով, նույնքան ռազմավարական ուղղություն է, որքան բանակը: Ինչ է ցույց տվել այս ընտրարշավը: Որ կան մի քանի հարյուր երիտասարդներ, որոնք ապրում են 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհի արժեքներով, կան մի քանի տասնյակ քաղաքական գործիչներ, որոնք իրենց  մտածելակերով մեծ մասամբ մնացել են դեռեւս 90-ականների կեսերին, եւ կա հարյուր հազարավոր իներտ, անտարբեր, անհաղորդ, փնփնթան զանգված, որը բացի բողոքելուց եւ մեծահարուստների կամ իշխանավորների ձեռքին ու գրպանին նայելուց, ոչ մի այլ բանի ընդունակ չի: «Խնդրեք Վլադիմիր Վլադիմիրովիչին, որ նա հայ ազգին  լավ նայի»՝ ահա այդ զանգվածին հակիրճ բնութագրող մաղթանքը:

Պետք է հենվել նշածս մի քանի հարյուր երիտասարդների վրա, որովհետեւ նրանք, վստահ եմ, Հայաստանից չեն փախչի: Եվ փորձել հնարավորինս մեծացնել, տարածել այդ «կղզյակը» ոչ միայն կրթական հաստատությունների միջոցով, դուրս մղելով այնտեղից խորհրդային ստորաքարշներին, այլեւ ԶԼՄ-ներով եւ անգամ համացանցով: Ասում եմ՝ «անգամ», որովհետեւ համացանցի ոլորտում որոշակի  մշակույթ ստեղծելը հանդիպում է ոչ ադեկվատ մարդկանց, քրոնիկ «աբիժնիկների» եւ «ֆեյքերի» դիմադրությանը:  Բայց այստեղ էլ պետք չէ հանձնվել, պետք չէ տրվել տեղակատվական աղմուկին:

Հիմնական ուղերձը, որը պետք է ձեւավորվի այդ կրթական, լուսավորչական աշխատանքով հետեւյալն է՝ պետությունը մենք ենք, պետական ողջ համակարգն աշխատում է մեր հարկերով, մեզ ոչ մի թագավոր, ոչ մի ֆեոդալ, ոչ մի իշխան  եւ ոչ մի գյուղի քյոխվա պետք չէ, մեզ պետք վարչակազմ, որին մենք որոշակի ժամանակով վարձում ենք՝ մեր կողմից դրված խնդիրները լուծելու համար: Համաձայնեք, որ այդպիսի պահանջներ կարող են դնել միայն կրթված, որոշակի մտահորիզոն ունեցող մարդիկ:

Եթե մարդը հարցնում է՝ «ե՞րբ է լավ լինելու», այդ մարդու համար երբեք լավ չի լինի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ակնարկելով վերեւ պարզուած մի հիմնական դիտողութեան, թոյլ տուէք որ ասեմ թէ ափսոս կը լինի որ այսպիսի էական նիւթ մը բնորոշուի որպէս, կրթութեան եւ զարգացման ճանապարհով՝ արդիականութեան եւ յետամնացութեան միջեւ ինքզինք որոնելու եւ դիրքորոշուելու հարց:

    Հայաստանում Ձեր նշած այդ 21րդ-դարու-վայել-անձիքը, օտար կոպիտ ազդեցութիւնների եւ նաեւ անձնական ակնյայտ բարդոյթների պատճառով, շատ հեռու գացած են իրենց կարծեցեալ «արդիականութեան» մէջ, մինչեւ այլեւս ծիծաղելի – եւ միաժամանակ խղճալի… -, չափազանցեալ աստիճան մը: Իսկ հին ժամանակների «գլուխով» ապրող անձիքն ալ իրոք շփոթում են տխմարութիւնը աւանդութիւնների յարգանքի հետ, չեն զանազանում անցեալի վերաբերող երկորդական, անցաւոր ու ժամանակաւոր տուեալները՝ ազգային էական արժէքներից, որոնք կը բխին համամարդկային իսկական իմաստասիրութիւնից, կը համապատասխանեն բարոյական եւ հոգեւորական վեհ ըմբռնողութեան,եւ որոնք կապ չունին, պէտք չէ որ ունենան ժամանակի ընթացքին հետ – թէ ոչ, արդէն հարազատ չեն – :

    Ուրեմն, հարցը ներկայի եւ անցեալի միջեւ բախումի հարց չէ: Բնական ու կանոնաւոր հոլովոյթի հարց է:

    Բուն խնդիրը, որ այսօր ի զօրու է համայն քաղաքակիրթ աշխարհում, երկու այլ բեւեռների միջեւ կը զետեղուի՝
    ծայրահեղ ազատականութիւն versus ծայրահեղ պահպանողականութիւն:

    Իսկ Հայաստանը, որպէս տակաւին նախնական կերտման ընթացքի մէջ գտնուող երկիր, իւրայատուկ ու բացառիկ առիթը ունի այդ երկու ծայրահեղ բեւեռների միջեւ ճիշդ ուղին գտնելու, եւ այդտեղից շարունակելու իր լուսաւոր առաջխաղացքը:

  2. Լավատես says:

    Կարծում եմ, խորհրդային կրթական համակարգը շատ էլ մրցունակ էր, հատկապես ճշգրիտ գիտությունների հարցում, երկիրը քանդեցին անորակ ղեկավարները, որոնք երկրի ռազմավարական ոլորտները դրեցին իրենց իսկ թշնամիներից կախվածության տակ հանուն իրենց մակարդակի մանր մունր շահերի։ Սա ցույց է տալիս, որ ամենահզոր երկիրն էլ կարելի է քանդել, եթե այն ղեկավարեն վերպետական վաշխառուների թակարդն ընկած ոչ ազնվական տարրերը։ Մեր առաջընթացը մեր հազարամյակների փորձի մեջ է, մենք ինչքան մեզ հայ զգանք, այնքան ապահով ու արդար ու հարուստ կլինենք, բայց մշտական կռիվների մեջ մեր հայ մնալու համար։

  3. Ara Kirakosyan says:

    Համաձայն չեմ խորհրդային կրթության նոստալգիային: Այո, տվյալ ժամանակահատվածում գուցեև այն հարմարեցված էր և աշխատում էր, սակայն ՍՍՀՄ-ի փլուզումից հետո երկար գոյատևել չէր կարող:
    Նաև համաձայն չեմ խմբագրի այն կարծիքին, որ երկրից փախած երիտասարդները (որն իմիջայլոց շատ է շեշտվում Ա.Ա.- ի կողմից) դեր չեն ունենալու, ինչպես ասում են` կապրենք կտեսնենք:

  4. Սանասար says:

    Ա Աբրահամյան, ոչ մի ճիշտ բան չառաջարկեցիք, հազար տարի է գրում էք, բայց զարգացման ճիշտ ուղի չեք առաջարկում, կարող ա վախենում էք:

  5. Դավիթ says:

    Հարգելի պ. Աբրահամյան, միանգամայն համամիտ եմ Ձեզ հետ: Անկիրթ մարդը միայն կարող է 10,000 դրամով վաճառել իր երկրի և երեխաների ապագամ:

    • Լավատես says:

      Հարգելի Դավիթ,
      կրթությունը ի՞նչ կապ ունի, երբ մարդիկ ու իրենց երեխաները սոված են ու անպաշտպան, էդ անկիրթ անմակարդակ իշխանավորներն են ժողովրդին էս վիճակին հասցնում, որ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի դիմաց իրենց օգտին քվէարկեն:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930