ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է հրապարակել քարոզարշավի վերջին օրը մասնակից քաղաքական ուժի նկատմամբ Հարավ-Արեւմտյան թաղամասում իրականացված զինված հարձակման կապակցությամբ:
Ըստ Նարեկ Մալյանի՝ ահազանգը ստանալով ոստիկաններն անմիջապես ժամանել են ասված վայրը, «սակայն միջադեպի մասնակիցները Հարավ Արևմտյան թաղամասից շարժվել էին Կենտրոնի ուղղությամբ»:
«Ինքս անձամբ եղա թե Տերյան փողոցում և թե Հարավ Արևմտյան թաղամասում, որտեղ տեղի էր ունեցել միջադեպը,- գրել է Նարեկ Մալյանը:- Արձանագրված միջադեպով զբաղվում է ոստիկանության Մալաթիայի բաժինը, հանգամանքները պարզվում են։ Ոստիկանության արձագանքը ի սկզբանե եղել է օպերատիվ»:
ՀՀ ոստիկանապետի խորհրդականը ավելի ուշ տեղեկացրեց, որ միջադեպի մասնակից անձանց ինքնությունը պարզված է:
Կարդացեք նաև
Նշենք, որ ականատեսներն ավելի վաղ հայտնել էին, թե միջադեպի մասնակիցներից է «Մանախ» (լուսանկարում) մականունով մեկը: Մանախը նախկինում դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ Մանախը հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկի սպանությունը պատվիրելու և կազմակերպելու համար դատապարտված Արթուր Այվազյանն է: