ՀՀ նոր Ընտրական օրենսգիրքը սահմանում է նաեւ, թե ինչպես է ապրիլի 2-ին ընտրական տեղամասերում տեղի ունենալու ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփումը:
Նախեւառաջ, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրը՝ ժամը 20.00-ին, հայտարարում է քվեարկության ավարտի մասին եւ արգելում ընտրողների մուտքը քվեարկության սենյակ: Հանձնաժողովը քվեարկության սենյակում գտնվող ընտրողներին քվեարկելու հնարավորություն է տալիս, որից հետո հանձնաժողովի նախագահը փակում է քվեատուփի ճեղքը: Տեղամասային ընտրական հանձնաժողովն սկսում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստը: Ի դեպ, այդ նիստին, բացի ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանցից, իրավունք ունի ներկա գտնվելու նաեւ թեկնածուն:
Ի՞նչ են անելու ընտրական հանձնաժողովի անդամները
Տեղամասային ընտրական հանձնաժողովը նախ փաթեթավորում է հանձնաժողովի անդամների անհատական կնիքները, փաթեթը կնքվում եւ տեղադրվում է պարկում:
-Ըստ ընտրողների ցուցակում առկա անհատական կնիքներով նշումների՝ հանձնաժողովը հաշվում է քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը:
Կարդացեք նաև
-Հանձնաժողովն առանձին հաշվում է նաեւ քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված լրացուցիչ ցուցակում առկա ստորագրությունների թիվը, շրջիկ արկղով քվեարկությանը մասնակցած ընտրողների լրացուցիչ ցուցակներում առկա ստորագրությունների թիվը: Այդ թվերը հրապարակվում եւ արձանագրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
-Այնուհետեւ հանձնաժողովի նախագահը գրանցամատյանում արձանագրված` ընտրական տեղամասում քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը կապի հնարավոր միջոցներով անհապաղ հայտնում է տարածքային ընտրական հանձնաժողով.
Ինչպե՞ս վարվել, եթե տեխնիկական սարքավորումը խոտանվել է
Եթե տեխնիկական սարքավորումն անխափան աշխատել է քվեարկության ընթացքում, ապա հանձնաժողովը դրա միջոցով տպում է տեղեկանք, որում, առանց ընտրական տեղամասի համարը նշելու, նշվում է տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների հերթական համարը՝ համապատասխան ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում: Տեղեկանքը տպելու անհնարինության դեպքում այդ մասին համապատասխան գրառում է կատարվում գրանցամատյանում: Տեղեկանքի մեկական օրինակ, ըստ պահանջի, տրամադրվում է ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկական վստահված անձի: Տեղեկանքի մեկ օրինակը սոսնձվում է առանձին թղթի վրա, որից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց հնարավորություն է ընձեռվում լուսանկարելու այն: Վերահաշվարկի ժամանակ սույն տեղեկանքը կրկին չի տպվում, սակայն այն լուսանկարելու իրավունքը պահպանվում է:
Վստահված անձանց ընձեռնվող հնարավորությունները
Վստահված անձանց մինչեւ ընտրողների ցուցակների փաթեթավորումը տրամադրվում է ընդհանուր 20 րոպե, որպեսզի նրանք ընտրանքային կարգով համադրեն նշյալ տեղեկանքի տվյալները՝ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակի հետ: Ընտրողների ցուցակները եւ տեղեկանքը փաթեթավորում են, փաթեթը կնքվում եւ տեղադրվում է պարկում:
Եթե գրանցամատյանում առկա է գրառում տեղեկանքը տպելու անհնարինության մասին, ապա ընտրություններին մասնակցող կուսակցության վստահված անձը, որը քվեարկության օրը ներկա է գտնվել քվեարկության սենյակում կամ տեղամասային ընտրական հանձնաժողովի արդյունքների ամփոփման նիստին, քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից մինչեւ ժամը 18.00-ն, կամ քվեարկությունից հետո երկրորդ օրը` ժամը 9.00-ից մինչեւ ժամը 9.30-ը, կարող է ներկայացնել դիմում՝ համապատասխան տեղամասի քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներին ծանոթանալու համար, բացառությամբ զորամասերում կազմված ընտրողների ցուցակների: Յուրաքանչյուր ընտրական տեղամասի ցուցակին ծանոթանալու համար տրամադրվում է 2 ժամ: Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները չեն կարող պատճենահանվել, լուսանկարվել եւ տեսանկարահանվել:
Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներին ծանոթանալու դիմումը տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացնում դիմումատուն՝ առձեռն, որը պետք է պարունակի դիմումատուի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն եւ այն ընտրական տեղամասի համարը, որի ցուցակներին պահանջվում է ծանոթանալ:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի հետագա գործողությունները
-Հանձնաժողովն առանձին-առանձին հաշվում է ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորման միջոցով տպված եւ համարակալված քվեարկության կտրոնները, փաթեթավորում, փաթեթները կնքում եւ տեղադրում է պարկում
-Այնուհետեւ հաշվում է չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերը, փաթեթավորում, փաթեթը կնքում եւ տեղադրում է պարկում.
-Հաշվում է չօգտագործված համարակալված քվեարկության կտրոնները, փաթեթավորում, փաթեթը կնքում եւ տեղադրում է պարկում: Համարակալված քվեարկության կտրոնները չօգտագործվելու դեպքում դրանք չեն հաշվվում, եւ նշվում է տարածքային ընտրական հանձնաժողովի հատկացրած կտրոնների թիվը.
-Առանց հաշվելու փաթեթավորում է չօգտագործված քվեաթերթիկները եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ներկայացնում տարածքային ընտրական հանձնաժողով:
Այս գործողությունների արդյունքները հրապարակվում են եւ արձանագրվում տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
Հաջորդ քայլը. հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, քվեատուփից հանում քվեարկության մեկ ծրար, ցուցադրում այնպես, որ այն տեսանելի լինի ներկաների համար, եւ քվեարկության ծրարից հանում է քվեաթերթիկը: Հանձնաժողովի նախագահը հայտարարում է քվեաթերթիկի սահմանված կամ չսահմանված նմուշի լինելու մասին, վավեր կամ անվավեր լինելու մասին: Վավեր քվեաթերթիկի դեպքում հայտարարում է ընտրություններին մասնակցող կուսակցության անվանումը, որի օգտին է քվեաթերթիկը: Այն ցուցադրվում է այնպես, որ տեսանելի լինի ներկաների համար: Պահանջի դեպքում քվեաթերթիկը փոխանցվում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի հայտարարությանը համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկության դեպքում քվեարկության է դրվում հանձնաժողովի անդամի առաջարկությունը, եւ առարկության ընդունման մասին որոշմանը համապատասխան, իսկ առարկությունը չընդունվելու կամ առարկություն չլինելու դեպքում՝ հանձնաժողովի նախագահի հայտարարության համաձայն, քվեաթերթիկը դրվում է համապատասխան կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկների փաթեթի մեջ: Այս գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր ծրարների համար:
Քվեաթերթիկների տեսակավորումը
Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության օգտին քվեարկված քվեաթերթիկները եւ անվավեր քվեաթերթիկները տեսակավորվում են առանձին-առանձին:
Տեսակավորելուց եւ հաշվարկելուց հետո ստացված թվերը բարձրաձայն հայտարարվում եւ գրանցվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության վավեր քվեաթերթիկները տեսակավորելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովը (ըստ առավել թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած կուսակցությունների) հաշվարկում է ընտրություններին մասնակցող կուսակցության տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը: Այդ նպատակով տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, քվեաթերթիկի երկրորդ էջում կատարված նշումի համաձայն, հայտարարում է, թե ընտրություններին մասնակցող կուսակցության տարածքային ընտրական ցուցակի ո՞ր թեկնածուի օգտին է քվեարկված: Եթե քվեաթերթիկը երկրորդ էջում ներառում է մեկից ավելի թեկնածուների օգտին նշումներ կամ որեւէ նշում չի ներառում, կամ ակնհայտ խախտված է քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված ձեւը, ապա քվեաթերթիկը մնում է միայն ընտրություններին մասնակցող կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկների փաթեթում: Այն ցուցադրվում է այնպես, որ տեսանելի լինի ներկաների համար: Այս գործողությունը եւս կրկնվում է ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության օգտին քվեարկած բոլոր քվեաթերթիկների համար: Քվեաթերթիկները տեսակավորելուց հետո հաշվարկվում է այդ կուսակցության տարածքային ընտրական ցուցակի յուրաքանչյուր թեկնածուի օգտին քվեարկված քվեաթերթիկների թիվը, բարձրաձայն հայտարարվում եւ գրանցվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
Արձանագրության կազմումը
Ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների քվեաթերթիկները տեսակավորելուց հետո յուրաքանչյուր կուսակցության կողմ քվեարկած քվեաթերթիկները փաթեթավորվում են միասին: Վերջում տեղամասային ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքներն ամփոփում է արձանագրության մեջ: Արձանագրությունը կազմվում է չորս օրինակից. մեկ օրինակը փակցվում է տեղամասային կենտրոնում` ընտրողների ցուցակների կողքին, մեկ օրինակը տեղադրվում է պարկում: Վերջինիս վրա պետք է առկա լինի հանձնաժողովի նախագահի ստորագրությունը: Հանձնաժողովի մյուս անդամները եւ վստահված անձինք եւս իրավունք ունեն ստորագրելու պարկի վրա: Գրանցամատյանում գրառվում են ստորագրողների անուն-ազգանունները, դրվում ստորագրության նմուշները: Ընտրական փաստաթղթերի պարկը տեղամասային ընտրական հանձնաժողովում պետք է փակվի:
Վերջում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը եւ քարտուղարը պարկը, չօգտագործված քվեարկության ծրարների փաթեթը, չօգտագործված քվեաթերթիկները, քվեարկության արդյունքների արձանագրության երկու օրինակը, գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը, տեխնիկական սարքավորումը քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 14 ժամվա ընթացքում ներկայացնում են տարածքային ընտրական հանձնաժողով: Վերջինս էլ ուսումնասիրում է տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումները, ուսումնասիրության արդյունքներն ամփոփում է հանձնաժողովի նիստում եւ այդ մասին ընդունած որոշումը ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Պատրաստեց
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ
«Առավոտ»
31,03.2017