Լրահոս
Օրվա լրահոսը

60-ամյա Պարի պետականում մեկ վաստակավո՞ր

Ապրիլ 01,2017 14:30

Հայաստանի պարի պետական անսամբլը շուրջ 60-ամյա գործունեության ընթացքում պահպանել, բազմապատկել եւ սերունդներին է փոխանցել
հայկական ժողովրդական պարի բազմադարյա ժառանգությունն ու ավանդույթները: 1959 թվականից են սկսել անսամբլի հյուրախաղերը խորհրդային երկրներում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Ալժիրում, եվրոպական պետություններում: 1971թ. կոլեկտիվը հյուրախաղերով հանդես է եկել Լատինական Ամերիկայում, իսկ 1974թ.՝ ԱՄՆ-ի 11 նահանգների քաղաքներում: Լատինական Ամերիկայի 8 երկրներում՝ Պերու, Չիլի, Ուրուգվայ, Արգենտինա, Էկվադոր, Կոլումբիա, Վենեսուելա, Բոլիվիա, շուրջ 4 ամիս են տեւել հյուրախաղերը:

Պարուհիները ցուցադրում են «Բալենու» զգեստները:

«Առավոտի» հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ, Պարի պետականի գլխավոր բալետմայստեր Ասատուր Կարապետյանը (լուսանկարում) չդժգոհեց անսամբլի շրջագայությունների պակասից, նշելով, թե անկախության 25 տարիներին էլ իենք ցանկալի հյուր են «դրսում»: Առանձնացրեց հատկապես իրենց ելույթները Հալեպում, Մոսկվայում, Քուվեյթում, Արաբական Էմիրություններում, եվրոպական երկրներում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում եւ այլուր: «Անշուշտ հաճելի է, երբ հայկական պարի անսամբլին ծափահարում են արտասահմանում, բայց հաճույքով ենք հանդես գալիս նաեւ մեր խստապահանջ հանդիսատեսի առջեւ: Այս տարվա սկզբից եղել ենք Վանաձորում, Արարատում: Գյումրիում պատիվ ենք ունեցել մասնակիցը լինել հայ պարարվեստի երախտավոր Աղասի Շաբոյանի եւ անվանի դուդուկահար Կառլեն Մադոյանի հուշատախտակների բացմանը: Պետք է առանձնացնեմ բանակի օրվան նվիրված բարեգործական համերգը: Մեր նպատակը տարիներ շարունակ եղել եւ մնում է նույնը՝ հնարավորինս արագ թարմացնել համերգային ծրագրերը նոր համարներով: Վերջին շրջանում հրավիրել ենք բալետմայստերներ Փայլակ Սարգսյանին, Սամվել Գրիգորյանին, Ֆրանսիայից՝ Արմեն Չիլոյանին, վրացի մեր կոլեգաներին եւ այլն: Բնականաբար, բեմադրել եմ նաեւ ես, օրինակ, «Արարատը»՝ Կարեն Սեւակի երաժշտությամբ»,- հայտնեց գլխավոր բալետմայստերը:

Պարի պետականը՝ ելույթի պահին:

Ռեպլիկին՝ յուրաքանչյուր նոր բեմադրություն պահանջում է նոր զգեստներ, պարոն Կարապետյանը ժպտալով արձագանքեց՝ «Դրա տակից էլ ենք դուրս գալիս: Օրինակ, Փայլակ Սարգսյանի «Բալենի» բեմադրության համար (երաժշտությունը՝ Խաչատուր Ավետիսյանի) համագործակցեցինք ճանաչված դիզայներ Ռուբինա Հովհաննիսյանի եւ դերձակ Կարինե Մոմչյանի հետ եւ ունեցանք իսկապես շքեղ զգեստներ»:
Իսկ անսամբլի 40 պարողներից ոչ մեկը արժանի չէ՞ վաստակավորի կոչման, մեր զրուցակիցը շրջանցելով հարցը՝ ընդամենը պատասխանեց. «Վերջերս անսամբլի երաժշտական մասի ղեկավար Հայկ Գրիգորյանին շնորհվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում»:

Զրույցի ընթացքում Ասատուր Կարապետյանը նշեց նաեւ, թե ապրիլի կեսերին կկայանա անսամբլի մենահամերգը Ազգային օպերային թատրոնում, հետո կմեկնեն Էջմիածին, Արտաշատ: Կարճ ասած՝ շարունակվում է նախարարության «Մշակութային կանգառ» մարզային ծրագիրը:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

31,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930