2015-ին Լեյլա Ալիեւայի համապրոդյուսերությամբ նկարահանվել է բրիտանական «Ալի եւ Նինո» ֆիլմը՝ ըստ Ղուրբան Սայիդի համանուն բեստսելերի: Վեպն առաջին անգամ հրատարակվել էր 1937 թվականին՝ Վիեննայում:
Ֆիլմում, որ պատմում է ադրբեջանցի ազնվական Ալի Շիրվանշիրի եւ վրաց իշխանադուստր Նինո Կիպիանիի սիրո մասին, հայ էլ կա՝ Մելիք Մախարարյանը, որին Ալին դանակահարում է: Պատճառն այն էր, որ Մելիքը եւս սիրահարված էր Նինոյին ու ցանկանում էր փախցնել: Մի խոսքով, սովորական սիրային եռանկյունի՝ պատերազմի ֆոնին, Առաջին համաշխարհային պատերազմ, 1918 թ. Բաքվի ազգամիջյան բախումներ, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հռչակում, ապա խորհրդայնացում: Ընդ որում, Բաքուն ներկայացված է որպես նավթի համաշխարհային մայրաքաղաք, որի վրա աչք ունեն հատկապես ոուսները:
Ֆիլմում շեշտվում է, որ Ադրբեջանն իր անկախությունը կորցրել է ռուսների պատճառով: Ամենատպավորիչը Ադրբեջանի հորինված դարավոր պատմությունն է. ֆիլմի գլխավոր հերոս Ալին ասում է, որ իբր իր տոհմին է պատկանել տարածքը՝ 7 դար շարունակ, այն դեպքում, երբ Ադրբեջանն իբրեւ պետություն ստեղծվել է 1918-ին:
«Ալի եւ Նինո»-ում հակառուսական տրամադրություններ կան, ազդեցիկ կադրերով ցուցադրվում է, թե ինչպես են ռուսները կոտորում խաղաղ ադրբեջանցիներին, օրինակ՝ նամազ անող մարդուն: Շատ գեղեցիկ է ներկայացված Ալիի մահը. կնոջն ու դստերը Փարիզ ճանապարհելուց հետո, նա հերոսաբար պաշտպանում է հայրենիքը, վերջում ռուսները գնդակահարում են: Ֆիլմում ուժեղ են հակառուսական տրամադրությունները: Ինչ վերաբերում է հայկական ծագմամբ հերոսին, նա արտաքինով, հումորվ եւ խելքով զիջում է ադրբեջանցուն, եւ փաստորեն, ըստ ֆիլմի, վախկոտի մեկն է, որը դավադրաբար ցանկանում էր փախցնել ընկերոջ սիրելիին:
Ադրբեջանցին, սակայն, ներկայացված է ազնվականին բնորոշ բոլոր բարեմասնություններով, լավ կրթություն ունի, գեղեցիկ շարժուձեւ, հրաշալի վալս է պարում, անգամ օպերային ներկայացում դիտում:
«Ալի եւ Նինո» ֆիլմի գլխավոր հերոսուհուն՝ վրացուհի Նինոյին, մարմնավորել է իսպանացի շնորհալի դերասանուհի, Իսպանիայի կինեմատոգրաֆիական արվեստի եւ գիտության ակադեմիայի պարգեւի՝ «Գոյայի» մրցանակակիր Մարիա Վալվերդեն, Ալիին էլ մարմնավորել է ադրբեջանցի Ադամ Բակրին:
Ցավոք, մինչ մեր կինոգործիչները գզվռտոցով են զբաղված, իսկ կինոյի փողերը հաճախ փոշիացվում են, փայլուն նախագծերն էլ քնում ոլորտային պաշտոնյաների դարակներում, ադրբեջանցիներն աշխարհին կինոլեզվի միջոցով իբր հնամյա մշակութային Ադրբեջան ու քաղաքակրթություն են ներկայացնում:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
31,03.2017
Իսկ մեր այսպես կոչված մշակույթի նխարարությունը նույնիսկ Հայց ցեղասպանության 100-ամյակի օրոք մի նորմալ ֆիլմ չֆինանսավորեց
Մեր նոր նախարարը հուսանք էլ չի մնա…