Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է բնության եւ մարդու միջեւ աններդաշնակությունը

Ապրիլ 01,2017 13:30

Նույնիսկ ուժեղ կամքի տեր մարդիկ վախից կարկամում են` բժշկից լսելով «քաղցկեղ» ախտորոշումը։ Այդ խոսքը հնչում է որպես մահվան դատավճիռ։ Քաղցկեղը համարվում է դարի հիվանդություններից, որ մահացու ելքերի թվով գրավում է երկրորդ տեղը՝ սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից հետո։

Իսկ ո՞րն է «բջիջների ապստամբության» պատճառը, ինչո՞ւ են նրանք սկսում անվերջ բազմանալ, աճել հարեւան հյուսվածքների մեջ, «ճամփորդել» արյունատար անոթներով, խարիսխ գցել ուրիշ օրգանների ու հյուսվածքների մեջ եւ դավադիր հարված հասցնել նրանց։ Զարմանալի չէ՞ արդյոք, որ մեր օրգանիզմի բջիջները` երկար ժամանակ բարեխղճորեն կատարելով օրգանիզմի կենսագործունեությունն ապահովող իրենց աշխատանքը, հանկարծ այլեւս չեն ուզում հնազանդվել մեզ։ Ո՞վ կամ ի՞նչն է խանգարում նրանց՝ կատարելու իրենց պարտականությունները։

Քաղցկեղի առաջացման մեխանիզմը նկարագրող բազմաթիվ տեսություններ են առաջ քաշվել։ Սակայն առանձին փաստերի բազմությունից դեռեւս չի հաջողվել մի ամբողջական պատկեր ստանալ։ Չի հաջողվել թեկուզ այն պատճառով, որ քաղցկեղի էությունն ուսումնասիրողները մարդու օրգանիզմը դիտում են որպես բնությունից առանձին գոյություն ունեցող, նրա հետ ամբողջության մեջ չգտնվող, ինքնուրույն գոյություն։

Ազգությամբ ռուս, հայտնի բնաբույժ Գալինա Շատալովան նշում է, որ չափից ավելի սնունդ (ընդ որում՝ կենդանական սպիտակուցներով ու ճարպերով հագեցած) ընդունելն առաջացնում է օրգանիզմի պահանջներով չհիմնավորված էներգիայի ավելորդ քանակություն, որը հոսելով մարմնի հյուսվածքների միջով` մարդուն հասցնում է վաղաժամ ծերացման։ Ըստ էության, մեր օրգանիզմի բոլոր հյուսվածքների եւ օրգանների բջջային կառուցվածը ենթարկվում է հզոր էներգետիկ հարվածի, որը հավասարազոր է իոնացնող ճառագայթման ազդեցությանը. «Ծերացման ընթացքում ինչ է փոխվում մեր ֆիզիկական մարմնում։ Բջիջների հսկայական բազմությունն սկսում է աշխատել ավելի պակաս արդյունավետությամբ։ Նկատելիորեն պակասում է զգայականությունը` նրանց գործունեությունը կարգավորող ազդանշանների նկատմամբ, որը շատ հաճախ հասցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման կամ քաղցկեղային ուռուցքների գոյացության»։

Բնաբույժը գտնում է, որ մարդկային օրգանիզմի բջիջները գտնվում են նույնպիսի ֆունկցիոնալ համակարգում, ինչպես բնության մեջ ինքնուրույնաբար գոյատեւող միաբջիջ օրգանիզմները, սակայն վերջիններս, մարդկային հասկացություններով արտահայտված, «եսասերներ» են` ապրում են միայն իրենց համար` հաշվի չառնելով ոչ մեկի շահերը։ Նրանք արագորեն բազմանում են։

Ի տարբերություն նրանց` մարդկային մարմնի բջիջները, ըստ Գալինա Շատալովայի, «կոլեկտիվասեր» են եւ աշխատում են հանուն ընդհանուր շահերի` ենթարկվելով իրենց գործունեության ոլորտը, իրենց «արտադրանքի» էությունը, իրենց բաժանման արագությունը որոշող ազդանշաններին. «Բայց հենց թուլանում է նրանց տրվող ազդանշանների ուժը կամ պակասում է դրանք ընդունելու ունակությունը (ինչպես լինում է ծերության ժամանակ), բջիջներն սկսում են իրենց պահել միաբջիջ օրգանիզմների նման, այսինքն` սկսում են անվերահսկելի ձեւով բաժանվել եւ տարածվել՝ իրենց մեջ առնելով օրգանիզմի հյուսվածքներն ու օրգանները։ Եվ եթե մարդու պաշտպանական (իմունային) համակարգը ի զորու չի լինում քաղցկեղային բջիջները «որսալու» ու ոչնչացնելու, ապա հայտնվում են, այսպես կոչված, մետաստազներ՝ քաղցկեղի երկրորդային նորագոյացություններ»։

Պատրաստեց

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

31,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930