Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ համայնքի ղեկավարի՝ Ժորա Մարտիրոսյանի որդին՝ Կարեն Մարտիրոսյանը 2014թ. հունիսի 11-ին, ժամը 18-ի սահմաններում նախնական համաձայնության գալով քննությամբ չպարզված անձանց հետ, Իջեւան քաղաքի Անկախության փողոցի 19 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ-ի մասնաշենքի դիմացից առանց համարանիշի «Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայով, բացահայտ բռնություն գործադրելով, ամուսնության նպատակով փորձել է առեւանգել Իջեւան քաղաքի բնակչուհուն:
Սակայն Իջեւան քաղաքի բնակիչներ Էդվարդ Գալստյանի եւ Սերգեյ Խալաթյանի միջամտության արդյունքում Կ. Մարտիրոսյանը եւ մյուսներն, իրենց կամքից անկախ հանգամանքների պատճառով, հանցագործությունն ավարտին չեն հասցրել: 1981թ. ծնված Կարեն Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը: Սակայն Կ. Մարտիրոսյանը դատական նիստերին չի ներկայացել:
2015թ. հուլիսի 3-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը որոշում է կայացրել նշված քրեական գործի վարույթը կասեցնելու մասին: Նկատի ունենալով, որ Կ. Մարտիրոսյանի գտնվելու վայրը հայտնի չէ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 2016թ. սեպտեմբերի 19-ին ոստիկանության Իջեւանի բաժնից դատարան գրություն է ստացվել, որ Կ.Մարտիրոսյանը 2016թ. սեպտեմբերի 17-ին հայտնաբերվել է ու տեղափոխվել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ:
Այդ քրեական գործով դատաքննությունը վերսկսվել է: Դատաքննության ընթացքում Կ. Մարտիրոսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ցուցմունք չի տվել, սակայն նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ հավանել է «Յունիբանկի» աշխատակից աղջկան, ցանկացել է նրա հետ ամուսնանալ, տարբեր անձանց միջոցով նրան ծաղիկներ եւ նվերներ է ուղարկել, սակայն աղջկա ուշադրությանը չի արժանացել:
Կարդացեք նաև
Տուժած աղջիկը ցուցմունք է տվել, որ Կ. Մարտիրոսյանն իր տան անդամների հետ իրենց տուն խնամախոսության է եկել, սակայն ինքը մերժել է նրան: Դատարանն արձանագրել է, որ 2013թ. օգոստոսի 13-ի դատավճռով Կ. Մարտիրոսյանը դիտավորյալ հանցագործության համար պայմանականորեն դատապարտվել է 4 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման:
2017թ. փետրվարի 27-ին Իջեւան քաղաքում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Կ. Մարտիրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել 2 տարի ժամկետով ազատազրկման, պատժի ժամկետին հաշվակցել նախնական կալանքի տակ գտնվելու ժամանակը՝ 3 ամիս, 21 օրը եւ պատիժ նշանակել մեկ տարի, ութ ամիս, 9 օր ժամկետով ազատազրկումը: Դատավորը վճռել է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 67 հոդվածը եւ նշանակված ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասը՝ 4 տարի, 20 օրը եւ նրան վերջնականապես դատապարտել 4 տարի, 3 ամիս ժամկետով ազատազրկման: Նշեմ, որ քրեական գործով տուժած աղջիկը 2 տարի առաջ ամուսնացել է, նա դատարանում Կ. Մարտիրոսյանի նկատմամբ բողոք կամ պահանջ չի ներկայացրել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ