«Մենք Հայաստանում հանդես գալով խաղաղության ծրագրով մեր ժողովրդին հասցրեցինք այդ ծրագրի գլխավոր դրույթները»,- մարտի 31-ին, ամփոփելով նախընտրական քարոզարշավը, ասաց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորության թեկնածու, ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը:
Նրա կարծիքով՝ ժողովուրդը գնահատել է այդ ծրագիրը. «Քաղաքական օրակարգը, որը բերեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն՝ այսօր մրցակցում է կամ հակամարտում է ավելի շատ ոչ թե օպոնենտների դեմ, թեեւ այդպիսիք կան, այլ այս աղճատված ընտրակաշառքների եւ վարչական լծակների կիրառման վրա հիմնված այս համակարգի հետ»:
Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ քարոզարշավի ընթացքում պարզ դարձավ, թե ով է իրական ընդդիմությունը, որը իր հետեւից տանում է ժողովրդական զանգվածներին եւ միշտ սկզբունքային է եղել պայքարում. «Մարտի 29-ի մեր հանրահավաքը եւ խաղաղության երթը, բացի ամեն ինչից՝ կատարեց մի կարեւոր գործ՝ վերահաստատելով, որ երկրի գլխավոր ընդդիմությունը, ժողովրդական շարժման դրոշակակիրը արմատական փոփոխությունների պահանջով պայքարող քաղաքական ուժը եղել է կա եւ շարունակում է մնալ մեր ներկայացրած ուժը: 29-ը դրա լավ ապացույցն էր, որովհետեւ պարզվեց, որ այսօր ինչպես անցյալում կա մի ուժ, որը կարող է հազարավոր մարդկանց հանել փողոցներ, լցնել Ազատության հրապարակը տանել երթի՝ իր էներգետիկայով, իր եռանդով եւ նորից տպավորել ժողովրդին այդ զանգվածային միջոցառումների ուժգնությամբ»:
Լեւոն Զուրաբյանը շեշտեց, որ այդ հարցում «Կոնգրես-ՀԺԿ»-ն մրցակից չունի. «Մենք տեսանք այլ ուժերի զանգվածային միջոցառումները՝ մի քանի հարյուր մարդ կարողանում են հավաքել, բայց ոչ ոք չի կարողանում բազմահազարանոց ցույցեր կազմակերպել՝ բացի մեզնից»:
Կարդացեք նաև
Ըստ նրա, ամենամեծ ձախողումը ունեցել է սոցիոլոգիան. «Հրապարակում են թվեր, հետո պարզվում է, որ իբր շատ մեծ թվեր ունեցող քաղաքական ուժերը մի քանի հարյուր մարդ էլ չեն կարողանում հավաքել իրենց զանգվածային միջոցառումներին: Մինչդեռ այդ սոցիալական հարցումների համաձայն «outsider» քաղաքական ուժը կամ շատ թույլ դիրքերում գտնվող քաղաքական ուժը հավաքում է ամենամեծ զանգվածը: Սոցիոլոգիան ձախողվել է, ինչը զարմանալի չէ, քանի որ Հայաստանում սոցիոլոգիա գոյություն չունի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ