Հայաստանում ֆրանսիական համալսարանը Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպել էր միջբուհական ինտելեկտուալ խաղ-մրցույթը: Խաղը ուներ «Հարցեր ֆրանկոֆոն ուսանողների համար» խորագիրը: 5 բուհեր՝ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Հայ-ռուսական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության համալսարանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան և Ֆրանսիական համալսարանը պայքարեցին Ֆրանսիայի մասին իրենց գիտելիքներով:
Կազմակերպիչներից Քրիստինա Անթառանյանը նշեց, որ ժյուրիի անդամերը ոչ միայն իրենց բուհից են,այլ նաև մյուս բուհերից. «Հրավիրել ենք նաև Մանկավարժականից, Բրյուսովից, Սլավոնականից, որպեսզի խնդիրներ չլինեն արդարության հետ կապված»:
Մրցույթը ունեցավ երկու փուլ: Ֆրանսիական կինոյի, մշակույթի,սպորտի, պատմության ու գրականության մասին էին հարցերը: Դրանք ընդգրկում էին տարբեր թեմաներ՝ «Կարմիր գլխարկի» հեղինակից մինչև Ֆրանսիայում Հայաստանի տարին, Սելին Դիոնի ազգությունից մինչև «Ռոլան Գարոս» թենիսի առաջնություն և Ֆրանսիայի ամենաբարձր լեռից մինչև Հայոց ցեղասպանություն: Առաջին փուլից հետո զիջելով իրենց արդյունքներով Սլավոնական և Մանկավարժական համալսարանները զրկվեցի առաջին երեք տեղերը գրավելու հնարավորությունից: Իսկ երկրորդ փուլում քսան հարցերին ամենաշատը պատասխանեց կազմակերպիչ Հայաստանում ֆրանսիական համալսարանը` 13 միավոր: Երկրորդ և երրորդ տեղը գրավեցին հաջորդաբար Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանը՝ 12 միավորով և Ճարտարաշինարարության համալսարանը՝ 11 միավորով:
Կարդացեք նաև
Հաղթողները ստացան պլանշետեներ, երկրորդ տեղը գրաված ուսանողները՝կոշտ սկավառակներ, իսկ երրորդները՝ ֆլեշ-կրիչներ: Մրցանակները հանձնեց Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը:
Ջուլիետա ՄԿՐՏՉՅԱՆ