Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ Վանաձորի համայնքի ավագանու անդրանիկ նիստը. (Տեսանյութ)

Մարտ 31,2017 20:35

Այսօր Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում հրավիրվել էր համայնքի ավագանու արտահերթ նիստ: Ներկա էին ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների 15 անդամներ: Օրակարգում ընդգրկված էր 14 հարց: Նիստը մեկնարկեց նշանակված ժամից 30 րոպե անց: Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն էլ հայտարարեց, որ ներկա ավագանու անդամների թիվը բավարար է նիստ գումարելու համար:

«Արդեն բավարար թվով անդամներ կան որոշումներ ընդունելու համար: Ես Վանաձորի քաղաքի ավագանու այս տարվա անդրանիկ նիստը հայտարարում եմ բացված՝ համաձայն ՏԻՄ օրենքի 64 հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերի, ինչի առթիվ բոլորիդ շնորհավորում եմ: Օրենքը լրիվ թույլ է տալիս, որ այսօր գումարվի այն ավագանու նիստը, որը գումարվել է: Նիստն ամբողջությամբ իրավազոր է, երկրորդ կարծիք լինել չի կարող»:

Համայնքի ղեկավարը նշեց, որ լռության օրվան նախորդող օրը հրավիրված նիստը որեւէ կապ չունի առաջիկա ընտրությունների հետ. «Ամեն ամիս մենք պարտավոր էինք նիստ գումարել, նպատակահարմար գտանք այսօր գումարել: Չուզեցինք, որպեսզի նախընտրական շրջանի բուն պրոցեսի վրա նիստն ազդեցություն ունենա, եւ լռության օրվա հետ կապված չէ: Նաեւ, որպեսզի Վանաձոր քաղաքի հետ կապված օրակարգային հարցերը չբերվեր քաղաքական դաշտ»:

Թեեւ Մամիկոն Ասլանյանը վստահեցնում է, որ կայացած նիստը իրավազոր է, սակայն «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության անդամ Քրիստ Մարուքյանն ասում է, որ այն ապօրինի է:

«Դա միանշանակ ոչ իրավազոր նիստ է եղել, ապօրինի է: Հենց այն ժամանակ, երբ որ իրենք քննարկում էին եւ հղում էին կատարում 64-րդ հոդվածին, որ իբր օրենքը թույլ է տալիս 9 հոգով նիստ անել եւ այլն: Դա բացարձակ որեւէ իրավական հիմք չունի եւ որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Մենք հերթական անգամ գործ ունենք Հանրապետական կուսակցության կողմից իրականացվող ապօրինության հետ: 33 հոգու մեջ հնարավոր չէ նիստ գումարել ընդամենը 9 կամ 15 հոգով: Մենք պնդում ենք, որ այդ նիստն իրավազոր չէ եւ իրավական որեւէ հիմնավորում չունի: Եւ այդ նիստում կայացրած որոշումները որեւէ իրավական հիմք չեն կարող հանդիսանալ եւ որեւէ կերպով իրականացման ենթակա չեն»:

Քրիստ Մարուքյանը տեղեկացրեց, որ մինչ ԱԺ ընտրություններն իրենք չեն պատրաստվում այս ուղղությամբ որեւէ քայլեր ձեռնարկել: «Երբ այս թոհ ու բոհը վերջանա, կտրամադրվենք եւ այդ ուղղությամբ մեր գործողությունների մասին հայտնի կդարձնենք»:

Ավելի քան 3 ժամ տեւած նիստի ընթացքում բոլոր 14 հարցերը  համայնքի ավագանին հաստատեց: Իսկ հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 18-ին:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031