«Ընտրակաշառքի վերաբերյալ խոսակցություններ չեմ լսել եւ կարծում եմ անիմաստ է ընտրակաշառքի մասին խոսելն անգամ, որովհետեւ նոր ընտրական օրենսգրքով ընտրակաշառքը վերահսկել հնարավոր չէ: Ես զբաղված էի քարոզարշավով, իհարկե շփվել եմ տարբեր մարդկանց հետ, բայց նման ահազանգեր ընտրակաշառքի մասին ինձ չեն հասել, ես չեմ տեսել»,- այսօր, մարզահամերգային համալիրում, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ համամասնական ցուցակի տասնյակի անդամ, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Լրագրողները հիշեցրել են ամենավերջին եւ հրապարակային դեպքը`օրերս, ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի 150 հազար դրամ ընտրակաշառք խոստանալու մասին տեսանյութը:
«Ազնվորեն տեղյակ չեմ, տեսանյութը չեմ դիտել: Կնայեմ անպայման: Ես ազնվորեն ծանոթ չեմ՝ ինչի մասին եք խոսում: Տեսնեմ, նոր կարձագանքեմ»,- ասել է Արմեն Ամիրյանը:
Կարդացեք նաև
Հարցին, իր վարկանիշն ընկե՞լ է ՀՀԿ-ին անդամակցելուց եւ նրա ցուցակով առաջադրվելուց հետո, Արմեն Ամիրյանը պատասխանել է. «Չեմ կարծում, որ հանրապետականի ցուցակով առաջադրվելով իմ վարկանիշն ընկել է: Ես քարոզարշավի ժամանակ կարողացա եւ առիթ ունեցա շփվել շատ մարդկանց հետ, հասկանալ ու գնահատել բոլորի կարիքները եւ երբեք վարկանիշի նման անկում չեմ նկատել»:
ՀՀԿ-ի ամփոփիչ քարոզարշավին դպրոցականների մասնակցությունը Արմեն Ամիրյանն ասել է, որ ինքնաբուխ է: Անգամ գովել երեխաների` քաղաքական իրադարձություններին մասնակից լինելու ցանկությունը. «Եթե այստեղ եկած երեխաներն ինքնաբուխ իրենց ցանկությամբ են եկել, շատ լավ է: Ես ամբողջ ընտրարշավի ժամանակ տեսնում էին շատ երեխաների, որոնք ինքնաբուխ մասնակցում էին հավաքներին»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ