ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը կարծում է, որ ընտրակաշառքը նվիրատվություն է: Այդ մասին նա ասել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բակում՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Հիշեցնենք, ՀՀԿ-ն այսօր ամփոփում էր նախընտրական քարոզարշավը:
«Լինեն հանրապետականները, կամ մեկ այլ կուսակցության ներկայացուցիչները, բարձրաձայնում եմ եւ խնդրում եմ, որ տարածեք, հասցրեք մեր հանրությանը, որ ով այսօր ցանկություն ունի ընտրակաշառք բաժանելու, նա անում է բարեգործություն: Ուրեմն նա մի մարդ է, ով պարզապես զբաղված է նվիրատվությամբ, պարզապես նվերներ է տալիս, առանց որեւէ հույս ունենալու, որ այդ կերպ կգնի քվե: Ոչ մի մեխանիզմ, ոչ մի միջոց, չունի ընտրական օրենսգրքում որեւէ ձեւ, որով կարողանա ընտրակաշառքը տալուց հետո ինչ-որ ձեւ ստուգի կամ վերահսկի, որ կաշառք վերցնող մարդիկ ընտրել են հենց իր օգտին: Ընտրակաշառք բաժանելը ուղղակի նվիրատվություն է»,-ասել է նա` հավելելով. «Ով որ ուզում է ընտրակաշառք տալ, թող տա, ով որ ուզում է ընտրակաշառք վերցնել, թող վերցնի, ու թող գնա ընտրի այնպես ինչպես իր կամքն է թելադրում»:
Լրագրողի հարցին`նորմա՞լ է համարում ընտրակաշառք բաժանելը, Հերմինե Նաղդալյանն արձագանքեց. «Եթե նորմալ համարեինք ընտրակաշառքը, ապա այդ ընտրակաշառքի համար գոյություն ունեցող մեխանիզմները, դրա հիմքերը օրենսդրական աշխատանքի արդյունքում չէինք վերացնի ընտրական օրենսգրքում»:
Պատասխանելով հօգուտ ՀՀԿ-ի ցուցակագրումներ իրականացնող տնօրենների հայտնի ձայնագրություններին վերաբերվող հարցին է, ԱԺ փոխնախագահն ասել է, որ որևէ մեկը չի ապացուցել, որ դպրոցների ՀՀԿ-ական տնօրենները մարդկանց ցուցակագրել են աշխատանքի ժամին: Հիշեցնենք, օրերս «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը ձայնագրություններ էր հրապարակել, որտեղ 114 դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ ներկայացնում են, որ ցուցակագրումներ են իրականացրել ՀՀԿ-ի օգտին և դրանք փոխանցել մարզպետարաններ ու քաղաքապետարաններ:
Կարդացեք նաև
«Դպրոցի տնօրենները կուսակցականներ են, ուրեմն ունեն նաև իրենց կուսակցության առջև պարտականություն: Որևէ մեկը չի ապացուցել, որ դպրոցների ՀՀԿ-ական տնօրենները մարդկանց ցուցակագրել են աշխատանքի ժամին։ Սա նշանակում է, որ աշխատանքից դուրս յուրաքանչյուր դպրոցի տնօրեն նույնպիսի քաղաքացի է, ինչպես յուրաքանչյուրս և իրավունք ունի ունենալ իր քաղաքական ճաշակը: Եթե այդ դպրոցների տնօրենները կուսակցականներ են, ուրեմն ունեն նաև իրենց կուսակցության առջև պարտականություն, այսինքն՝ աջակցել իր կուսակցության առավել մեծ հաջողությանը», – ասել է նա` հավելելով, որ քանի դեռ ոչինչ ապացուցված չէ, որևէ մեկն իրավունք չունի քամահրանքով, վիրավորանքով կամ հանցագործության տարրերով այդ մարդկանց մեղադրել. դա կարող է անել միայն դատարանը:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ