Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ հայ մտավորականությանը

Մարտ 31,2017 20:15

Քեզ ասում են հայ մտավորականություն:

Ներկայիս իրականության մեջ թերևս չկա ազգային ինքնասպանության տանող ավելի վտանգավոր մոլորություն:

Որովհետև դու այն ամենի հակառակն ես, ինչ պետք է լինեիր:

Ո՞վ ես և ի՞նչ ես դու իրականում:

Իրականում դու տեսել ես հրեշի երախը և սարսափից կորցրել ոգիդ ու կամքդ:

Հրեշը քեզ քշել է անկյուն և դու ընդունել ես նրա պայմանները՝ փոքրիկ աշխարհիկ ունենալու դիմաց ուրանալ ազգդ ու Հայրենիքդ և ծառայել նրան մեծ աշխարհում:

Զավեշտալի և, միևնույն ժամանակ, նողկալի է, որ դու քեզ համարյա որպես Ագռավու Քար մտած Փոքր Մհեր ես երևակայում և ապրում ես այն հույսով, թե մի օր մեծ աշխարհը նույնպես քո փոքրիկ աշխարհիկի նման «մաքուր» կդառնա և դու կազատագրվես ու դուրս կգաս:

Զավեշտալի է, որովհետև դու շատ լավ գիտես, որ քո փոքրիկ աշխարհիկը ևս կուսական ու մաքուր չէ: Քանզի կեղտաջրում չի կարող մաքուր կաթիլ լինել:

Նողկալի է, որովհետև դու հանուն քո փոքրիկ աշխարհիկի ամեն րոպե պղծում ես մեծ աշխարհը: Եվ, որպես պղծության գործիք, հաճախ հենց քո փոքրիկ աշխարհիկն ես գործածում:

Հիմա դու մեր ամենամեծ և ամենավտանգավոր հակառակորդն ես:

Կոչված լինելով որպես հայության ազգային-քաղաքական մտքի և կամքի դարբին ու ջահակիր, դու ենիչերի-վերակացու ես դարձել մեր երկիրը զավթած, մեզ ցեղասպանող ու հայրենազրկող գաղութարարի և նրան ծառայող հայաստանյան  վարչակազմի ձեռքին: Դու ոչ միայն չես առաջնորդում փրկարար ընդվզումը, այլև գաղափարապես ու բարոյապես կազմալուծում ես դրա ամեն մի դրսևորումը: Ավելին՝ քարկոծում և վատաբանում ես ընդվզումը և ընդվզողներին: Կամ, լռում ես ու չտեսնելու տալիս: Երբեմն, երբ խիղճդ շատ է տանջում, կիսատ-պռատ մի խոսք ես ասում կամ մի քայլ ես անում, ինչից հետո, պարտքդ կատարած համարելով, նորից ենթարկվում ես հրեշի հետ կնքած պայմանագրին և փակվում քո փոքրիկ աշխարհում:

Մի՛ վիրավորվիր, բայց մարդն այդպես չի վարվում: Առավել ևս՝ մտավորականը:

Այդպես վարվում է անասունը, որն իր ձագի մորթվելը տեսնելուց կարճ ժամանակ անց շուռ է գալիս և շարունակում անվրդով կերպով արածել:

Իմացած եղի՛ր, որ քեզ սարսափի մատնած հրեշն իրականում ի՛նքն է սարսափում քեզանից:

Բա՛ց արա աչքերդ, նայի՛ր աշխարհին և ազատ կամքով ստանձնի՛ր քո առաքելությունը:

Այսօր քո առաքելությունն է՝ ժողովրդին տոգորել Հայրենիքի և մարդու ու քաղաքացու իրավունքի գիտակցությամբ, համախմբել նրան և առաջնորդել դեպի ներքին Սարդարապատի մարտադաշտ, որ նաև արտաքին է: Դու՛ պետք է խփես Սարդարապատի զանգերը և, պատանք հագած՝ քեզ հետ տանես մնացածին:

Իսկ եթե հրաժարվում ես քո առաքելությունից, ես՝ որպես հայ և քաղաքացի, քո հասարակական-բարոյական մա՛հն եմ ուզում:

Որպեսզի  հայությունն ու հասարակությունը զատեն քեզ իրենցից, ազատագրվեն քեզանից և ընդվզմամբ վաստակեն  ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունք:

Ժամն է ընտրության և ժամանակը սուղ է:

 

Վարուժան Ավետիսյան

«Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ

7-ը մարտի 2017թ., «Արմավիր» ՔԿՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ծայրագոյն հայհոյանքներ, անծայր արհամարհանք, ազդարարութիւն,
    եւ մինչեւ իսկ մահուան սպառնալիք…

    հմմմ… իրոք սքանչելի մօտեցում է,
    համոզելու համար մտաւորականութիւնը…

    իսկ արդեօք Օրէնքի դէմ բան չկա՞յ, այս վիրաւորական/սպառնական խօսքերուն մէջ, որոնք նաեւ կը միտին որոշ հանրութեան մը մէջ ատելութիւն սերմանել, մտաւորականների դէմ

  2. Հ.Շ. says:

    իսկ յաջորդ ահեղ, սարսափազդո՜ւ Վերջնագրի թիրախը լինելու են արուեստագէտները, հա՞… բա, անկէ ետք, ո՞վ… յատուկ ցանկ մը կա՞յ… դասատուները… քեբաբճիները… բանջարեղէն ծախողները… ատամնաբուժները…

    թէ որ ուզում էք որ մահանան բոլոր անոնց որոնք, առանց ո՛չ մէկ վախի ոչ ոքից, պարզապէս համակարծիք չեն ձեր հետ, երեւի այդ ընթացքով շատ մարդ չի մնալու աշխարհում…

    սակայն հասկնալի է… դժուար է, երբ Պատմութեան անիւը հանդարտօրէն կը դառնայ դէպի առաջ, մինչ դու ետեւ կը մնաս, ճանապարհի քովընտի փոսի մը մէջ ինկած, յուզումնալից ճիչեր արձակելով – որոնք հետզհետէ կը հեռանան, անլսելի կը դառնան … –

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031