«Ազատ դեմոկրատներ» դաշինքի վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը մարտի 31-ին «Դեբատ» բանավեճի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ մրցակից քաղաքական ուժերի ծրագրերին:
Հայաստանի հանրապետական կուսակցություն
«Ծրագիր չկա, կա պրոֆեսիոնալ շարադրանք: Գրողները իրենց առջեւ նպատակ են դրել՝ այնպես անել, որ ոչինչ չգրեն, բայց խելոք երեւանք: Բավական է ասել, որ երկու թիվ կա գյուղատնտեսության բաժնում, որ մի տեղ մի 100 հա այգի ենք տնկելու, տարեկան Արարատյան դաշտում մի քանի հարյուր հեկտար է տնկվում: Դա գալիս է նրանից, որ գյուղատնտեսության նախարարը իր տեղում չէ, եթե նա է գրել: Եվ սրանից հետո, որ միսը կմորթենք սպանդանոցների 65 տոկոսը սերտիֆիկացված կլինի: Այդ երկու թվերն են՝ 100 եւ 65»:
«Ծառուկյան» դաշինք
Կարդացեք նաև
«Կան պրոֆեսիոնալ կետեր, բայց մասամբ դիլետանտիզմ է: Հաշվարկ դրա վրա չի արվել, իրենք էլ են հասկացել, որ բոլորը հարցական է, այդպիսի բան չկա եւ սխալմունք է: Օրինակ՝ ասվում է փոխել հարկային օրենսդրությունը եւ բարելավել հարկային վարչարարությունը: Դա ծրագրային կետ չէ, հասկանում եք: Այստեղ կան ծրագրային կետեր, կիսով չափ, այնուամենայնիվ, լուրջ եմ վերաբերում: Ընդհանրապես՝ ծրագիրը սա է՝ մենք լավ օլիգարխ պապաներ ենք, այդ փոքրերին կարող ենք հանգիստ թողնել: Սա ծրագիր չէ, այդպես չի լինում»:
«Ելք» դաշինք
«Պարզապես մի քանի կետեր արտագրել են 2009 թվականին ՀԱԿ դաշինքի համար գրված 100 քայլից: Նույնպես ծրագիր չկա դասական իմաստով»:
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք
«ՀԱԿ-ը հիմնականում ներկայացրել է այն, ինչ-որ նախկինում կար, եւ դա ազատական ծրագիր է: Սահմանափակ պոպուլիզմ կա»:
«Ազատ դեմոկրատներ» դաշինք
«Չլինելով պոպուլիստ մենք ստացել ենք ամենամեծ նվազագույն աշխատավարձը, նույնիսկ ավել, քան «Ծառուկյան» դաշինքը: Եթե հաշվեք գնաճը, աշխատավարձը համարյա թե չենք բարձրացրել: Ծրագիրը սկսել ենք հաշվարկով, թե ոնց են թվերը ստացվում, հետո նոր բաժանել ենք: Մենք սկզբից տորթը թխել ենք, հետո ենք բաժանել: Մնացած ութի մոտ նման բան չկա՝ սկզբից հաշվեմ տորթը թխեմ հետո բաժանեմ: Բոլորը բաժանում են տորթը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ