Լրահոս
Օրվա լրահոսը

Զինծառայողի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 3 հոգու

Մարտ 31,2017 19:03

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են  պարտադիր ժամկետային երկու  զինծառայողների՝ Գրիգոր Ավետիսյանի և Սուրեն Արամյանի` 2016 թվականի ապրիլի 6-ին մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի ապրիլի 6-ին ՀՀ ՊՆ N զորամասի հրետանու կրակային դիրքում մահացու հրազենային վիրավորումներով հայտնաբերվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գրիգոր Հերմոնի Ավետիսյանը և Սուրեն Արթուրի Արամյանը:

Դեպքի առթիվ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, մշակվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվել են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Պարզվել է, որ դեպքի նախորդող օրը նշված զինծառայողների մասնակցությամբ տեղի է ունեցել լեզվակռիվ, որի ժամանակ հնչեցվել են հայհոյանքներ։

Նույն օրը՝ ժամը 21:00-ին, իրավապահ մարմիններին է ներկայացել ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Դ.Դումիկյանը և հայտնել, թե ինքն է սպանել համածառայակիցներ Գ.Ավետիսյանին և Ս.Արամյանին՝ իրեն ուղղված հայհոյանքների համար վրեժխնդիր լինելու շարժառիթով:

Քրեական գործով իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ զինծառայողի ինքնախոստովանական ցուցմունքներն ստուգելու, քրեական գործով ձեռք բերված մյուս ապացույցների հետ համադրելու ուղղությամբ։ Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Դ.Դումիկյանը կրակոցներ է արձակել միայն Գ.Ավետիսյանի ուղղությամբ՝ նախորդ օրն իրեն հայհոյելու, ինչպես նաև համատեղ ծառայության ընթացքում իրեն պարբերաբար ծաղրելու համար։

Բացի այդ, պարզվել է նաև, որ նույն զորամասի մարտկոցի հրամանատար, կապիտան Ռ.Հակոբյանը և մարտկոցի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ֆ.Հովհաննիսյանը, հանդիսանալով պետ և պաշտոնատար անձ, տեղեկացված լինելով Գ.Ավետիսյանի կողմից Դ.Դումիկյանի պատիվ ու արժանապատվությունը պարբերաբար ստորացնելու բազմաթիվ դեպքերի մասին, դրսևորել են անգործություն, չեն կատարել իրենց վրա օրենքով և զինվորական կանոնադրություններով դրված պարտականությունները, չեն հաշվառել նշված դեպքերը և այդ մասին չեն զեկուցել վերադաս հրամանատարությանը:

Մինչդատական  վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Դ.Դումիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ռ.Հակոբյանին և  Ֆ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով:

Նկատի ունենալով, որ կատարված նախաքննությամբ մեղադրյալներ Դ.Դումիկյանի, Ֆ.Հովհաննիսյանի և Ռ.Հակոբյանի վերաբերյալ ձեռք բերված ապացույցները բավարար են՝ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար՝ նրանց վերաբերյալ դրվագը քրեական գործից անջատվել է առանձին վարույթ և հայտարարվել նախաքննության ավարտի մասին։ Գ.Ավետիսյանի սպանության համար 3 մեղադրյալների մասով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Սուրեն Արամյանի սպանության մասով նախաքննությունը շարունակվում է, և իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի սպանության հանգամանքների վերաբերյալ ձեռք բերված փաստական տվյալների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031