«Իշխանությունները արեցին առավելագույնը, որ քաղաքական այս կարեւորագույն միջոցառումը չքաղաքականացվի»,- մարտի 31-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ Հանրապետականի, Ծառուկյան դաշինքի, Հայկական վերածնունդի առաջնորդները խուսափում էին բանավեճերից. «Ընտրողները պետք է սրանից հետեւություններ անեն: Ըստ իրենց սոց հարցումների, 82 տոկոսանոց վարկանիշ ունեցող Կարեն Կարապետյանը վախեցավ մասնակցել եւ խուսափեց որեւէ բանավեճից: Սա լուրջ մտահոգություն է առաջացնում»:
Կարդացեք նաև
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյանը այս քարոզարշավն անվանեց 21-րդ դարի երկրորդ տասնամյակի ամենակեղտոտ նախընտրական պայքարն է. «Իշխող քաղաքական ուժը այս նախընտրական քարոզարշավի արդյունքում ցույց տվեց, որ հետընթաց կա: Սկսեցինք Չինարիից ավարտեցինք Երևանով, անցանք կրակոցների, դանակահարության, աղբի ու կեղտի միջով: Մենք առաջարկում ենք գաղափար, մենք առաջարկում ենք այլընտրանք, նրանք մեզ պատասխանում են ձերբակալություններով, վախով, ահով»:
«Ազատ դեմոկրատներ» դաշինքի թեկնածու Նարեկ Այվազյանը դաշինքի նախընտրական քարոզարշավը բավականին արդյունավետ է համարում. «Չենք անհանգստացրել մեր քաղաքացիներին ո՛չ ճոռոմ խոստումներով, ո՛չ ինչ-որ միջոցառումներով, մենք շատ համեստորեն, շատ պարզ կերպով մարդկանց հնարավորություն ենք ունեցել հանդիպել եւ ներկայացնել ե՛ւ մեր գաղափարները, ե՛ւ մեր ծրագրերը: Կարծում եմ բավականին լավ արդյունք ենք ստանալու»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ