Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Առանց «ջիփեր», թիկնազորի ու արհեստական լեքսիկոնի»․Ֆելիքս Ցոլակյանի ընտրարշավի առանձնահատկությունները

Մարտ 31,2017 17:57

Այսօր ավարտվում է 2017թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ ամփոփել են իրենց նախընտրական հանդիպումները, որոշները՝ կամփոփեն այսօր: 2017թ. խորհրդարանական ընտրությունների, քարոզարշավի և այլ հարցերի շուրջ Aravot.am-ը զրուցել է փորձագետ Արտյոմ Բալասանովի հետ:

Պարոն Բալասանով, ինչպե՞ս կգնահատեք 2017թ. խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները:

-Նախ պիտի ասեմ, որ այս ընտրությունները թե՛ իրենց որակով, թե՛ կարևորությամբ տարբերվում են նախորդներից: Համաձայն ՀՀ նոր Սահմանադրության՝ Հայաստանի Հանրապետությունը կառավարման կիսանախագահական համակարգից անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգին, ինչն իր հերթին նշանակում է, որ խորհրդարանական ընտրությունները այլևս միակ համապետական ընտրություններն են լինելու: Այս հանգամանքը ևս զգաստացնող դեր է կատարում, ինչը թե՛ քաղաքացիներին, թե՛ քաղաքական ուժերին ստիպում է էլ ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվել սպասվող ընտրություններին: Այս ընտրություններում բոլոր քաղաքական խաղացողները մեծ ռեսուրսներ են ներդրել`մարդկային, ֆինանսական, վարչական, ինտելեկտուալ, PR, ինչն էլ ապահովեց թեժ մրցակցություն։

-Ի՞նչ եք կարծում, ստացվե՞լ է:

– Եթե հարցը վերաբերում է ընտրություններին պատասխանատվությամբ վերաբերվելուն, ապա ստացվել է, բայց մասամբ: Ճիշտ է, այս ընտրությունները չես համեմատի նախորդների հետ, բայց մյուս կողմից էլ դեռ ունենք քաղաքացիների իրավագիտակցության հետ կապված խնդիրներ։ Մենք պետք է հասնենք նրան, որ յուրաքանչյուր քաղաքացի կարևորի իր քվեի նշանակությունը, որ յուրաքանչյուր քաղաքացի քաջ գիտակցի՝ ընտրությունների միջոցով է միայն ժողովրդավարական պետության քաղաքացին մասնակցում պետության կառավարմանը: Քաղաքացիական պարտք կատարելը պետք է դիտարկվի առաջնահերթություն, ինչն էլ կապահովի ընտրություններում մասնակցության բարձր աստիճանը։

Իսկ ի՞նչպես կգնահատեք բունը քարոզարշավը, այստեղ ևս ունե՞նք թարմություն:

– Իհարկե, ունենք, եթե նայենք, թե ինչպես են անցել նախորդ քարոզարշավներն, ակամա կֆիքսենք, որ այո, այս անգամ քարոզարշավն էլ նախորդներից տարբերվում էր, ու դա վերաբերում է գրեթե բոլոր ուժերին անխտիր: Քարոզարշավն աննախադեպ հանդարտությամբ անցավ նույնիսկ ավանդական կոնֆլիկտային համարվող Գյումրիում: Եթե նկատել եք, չնայած հարաբերական հանդարտությանը, այլ մարզերում և Երևանում մեկ-երկու միջադեպ գրանցվեց, բայց գյումրեցիներին, ի ուրախություն մեզ, հաջողվեց այս անգամ շրջանցել նախընտրական բոլոր հնարավոր ինտրիգները: Դա կարևոր հանգամանք է`քաղաքացիներին հետընտրական ավելորդ լարվածության մեջ չգցելու ու քաղաքական ուժերի կողմից հաղթանակի դեպքում մեկը մյուսին շնորհավորելու մշակույթի ձևավորման համար։

Դուք ասացիք, որ գյումրեցիներին հաջողվեց շրջանցել նախընտրական բոլոր հնարավոր ինտրիգները, ինչո՞վ եք դա պայմանավորում:

– Գիտեք, չէի ուզենա ասել, որ դա ամբողջությամբ պայմանավորված է Շիրակի մարզից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Ֆելիքս Ցոլակյանի նախընտրական ուղերձով, որում նա, քաղաքացիներին՝ իրեն ընտրելու կոչ անելու փոխարեն, ինչպես սովորաբար արվում էր, մարզի բնակիչներին և բոլորին կոչ արեց անել հնարավորն ու անհնարինը՝ համերաշխ և հանդարտ ընտրություններ կազմակերպելու համար, բայց այդ ուղերձը, վստահ եմ, իր դերը ունեցել է: Բացի այդ, Ցոլակյանն, առաջին անգամ մասնակցելով ընտրություններին, միանգամից մի քանի առաջնային խնդիր առաջ քաշեց: Մարզի ամենաքիչ ընտրող ունեցող համայնքից քարոզարշավի մեկնարկ տալը կարևոր ազդակ էր թե՛ Երևանի, թե՛ բոլորիս համար, ես դրա մասին էլի եմ արտահայտել կարծիքս։ Շատ կարևոր է, երբ մենք գնում ենք ոչ թե քվեների հետևից, այլ պրոբլեմները լուծելու, շատ կարևոր է, որ քաղաքը արժևորի գյուղի նշանակությունը, նույնիսկ՝ ամենափոքր: Նախընտրական հանդիպումներին մենակ մասնակցելով՝ այլոց հասկացրեց, որ «ջիպերով» ու թիկնազորով ժողովրդի հետ հանդիպելը, մեղմ ասած, տգեղ է: Ժողովրդի հոգսերը շատ լավ հասկանալով հանդերձ` պարոն Ցոլակյանը շիրակցիների հետ խոսեց նրանց լեզվով`հասարակ, առանց ավելորդ ու այլ քաղաքական գործիչների մոտ հանդիպող «արհեստական» լեքսիկոնի։ Հուսանք, որ մեզ կհաջողվի անցկացնել եվրոպական զարգացած երկրներին բնորոշ ընտրություններ, իսկ համերաշխությունն ու բարեկամությունը կտիրի ոչ միայն Գյումրիում, Շիրակի մարզում, այլև՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, դա է զարգացման միակ ուղին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031