«Ես գոհ եմ հատկապես ՀՀԿ-ի քարոզարշավից»,- այսօր լրագրողների հետ զրույցում քարոզարշավն ամփոփելիս ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա տպավորված է նաեւ մի շարք այլ քաղաքական ուժերի, դաշինքների քարոզարշավով, բայց չցանկացավ անուններ նշել. «Որ գովեմ, կասեն իշխանության նախագիծն են, առանց այդ էլ ասում են»:
Նեղվո՞ւմ եք, որ ասում են՝ հարցին պարոն Աշոտյանը պատասխանեց, որ միայն ուրախանում է, երբ իշխանությունը լավ նախագծեր է անում:
Չե՞ք ուզում, որ իրենց վարկանիշը ընկնի՝ հարցին ի պատասխան էլ պարոն Աշոտյանը ճշգրտեց՝ չեմ ուզում բարձրանա. «Ինչ արել ենք իրենց համար՝ հերիք է»:
Կարդացեք նաև
Պարոն Աշոտյանը նկատեց, որ առաջին համարների բանավեճերն էին քիչ, ինչը չկայացած քաղաքական մշակույթի պատճառով տեղի չունեցավ:
Նա քարոզարշավի ձեռքբերում համարեց առողջ քննարկումները. «Քաղաքական ուժերը միասին թույլ չտվեցին հասարակության բեւեռացում, ու քննարկումները չվերածվեցին անձնական թշնամանքի»:
Հարցին՝ ինչով էր պայմանավորված Սերժ Սարգսյանի՝ նախընտրական քարոզչության շրջանակում հանդիպումներին չմասնակցելը, ՀՀԿ-ում է՞լ են կարծում, որ Սերժ Սարգսյանի դեմքով այդքան ձայներ չեն հավաքի, ինչքան Կարեն Կարապետյանի դեմքով, պարոն Աշոտյանը պատասխանեց. «Իրականությունը պարզ է, նախագահն իր խոսքում ասել է, որ այս քարոզարշավը դիտարկում է որպես համազգային առաջնորդ ու քարոզչությամբ զբաղվելու խնդիր չի դնում, դրա համար կան օբյեկտիվ հիմքեր, օբյեկտիվ հիմքը վարչապետի՝ կուսակցության առաջին տեղակալի առկայությունն է, ինչը նշանակում է, որ այն բեռը, որ տարիներ շարունակ իր վրա էր վերցնում Սերժ Սարգսյանը, այս ընտրություններին հնարավոր է այդ բեռը տեղափոխել այլ ուսերի վրա»:
Ինչ վերաբերում է նախագահի ծրագրային ելույթին, պարոն Աշոտյանն ասաց.«Արցախյան ելույթը կարելի է լսել ու լսել՝ հասկանալով, որ երկրի համար թիվ մեկ խնդիրը անվտանգությունն է, այս վերջին օրերին շփման գծում արձանագրվող հրաձգությունները, մեր զինվորի կորուստը ապացուցում են, որ հայ ժողովուրդը պարտավոր է պայքարել արտաքին թշնամու դեմ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ