Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախում մեկնարկել են Ասկերանի բերդի վերականգնման աշխատանքները

Մարտ 31,2017 16:42

hushardzan.am. Արցախի Հանրապետությունում մեկնարկել են Ասկերանի բերդի` Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին հարող հատվածի, վերականգնման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ. պետբյուջեից հատկացվել է 51 միլիոն ՀՀ դրամ:

Շինարարական աշխատանքները նախատեսված են ավարտին հասցնել ընթացիկ տարվա վերջում: «Տիգրանակերտ»-ի արգելոց տանող զբոսաշրջային երթուղու վրա գտնվող և 18-րդ դարով թվագրվող Ասկերանի բերդը զբոսաշրջիկների պակաս չի ունեցել, բայց վերականգնման աշխատանքներից հետո կմեծանա բերդի գրավչությունն ու այն զբոսաշրջիկներին կներկայանա նորովի:

Մինչև նախորդ դարասկիզբը Ասկերանի բերդն Արցախի պաշտպանական համակարգի կարևորագույն օղակներից մեկն է եղել: Արցախյան գոյամարտի տարիներին հարավահայաց աշտարակի մի մասը վնասվել, հետո` փլվել է: Աշտարակի վերին հատվածում դեռ պահպանվում են 90-ականների պատերազմի հետքերը:

Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արման Գրիգորյանի փոխանցմամբ` ներկայումս ցանկապատվել է Ասկերանի բերդի ճանապարհամերձ տարածքը, վերականգնվում են պարսպի՝ ճանապարհի հարակից հատվածները, փակվում և ամրացվում են պարսպին առկա ճեղքերը, վերականգնվում հրակնատները, որոնց հարթակն ամբողջությամբ սալիկապատվելու է:

Ծրագրի պատասխանատուները հուսով են, որ այս տարվա նախագծով կավարտվի հարավ-արևելյան պարսպի և երկու աշտարակների վերականգնումը և Ասկերանի բերդն ավելի աչքառու կդառնա:

ԱՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի խոսքով վերին հարթակի եզրով երկաթե բազրիք կլինի, նաև` երկաթե բարձր աստիճանավանդակ, աշտարակներին ևս աստիճաններ կկառուցվեն: Այս ամենը հնարավորություն կտա վերևից զմայլվել հուշարձանի ողջ տեսքով:

Հ.Գ. Ասկերանի բերդը կառուցվել է միջնադարում: Այն հայտնի է նաև Մայրաբերդ անունով: Հանրապետական նշանակության հուշարձանը գտնվում է Կարկառ գետի ստորին հատվածում` Ստեփանակերտից 14 կմ դեպի արևելք: Ուսումնասիրությունները վկայում են, որ ամրոցը կառուցվել է 18-րդ դարի երկրորդ կեսին՝ խանական տիրապետության ժամանակաշրջանում: Շինարարությունն սկսվել է դարի 50-ական թվականներին և ավարտվել` 1788-89թթ.: Ասկերանի ամրոցը կազմված է երկու բաժանմունք-համալիրներից՝ ձախակողմյան՝ հյուսիսարևմտյան և աջակողմյան՝ հարավարևելյան: Ձախակողմյան համակառույցն ունի ավելի քան 140մ երկարություն, 8-9մ բարձրության ամրոցապատեր ու ավելի քան ութ աշտարակներ: Աջակողմյան գլխավոր ամրոց-համալիրը ձգվում է շուրջ 220 մ երկարությամբ: Բաղկացած է աշտարակներից, դրանք միացնող զույգ պարսպապատերից, պաշտպանական այլ շինություններից: Աշտարակների բարձրությունը 5-8 մ է: Ուշադրություն են գրավում հատկապես զույգ պարսպապատերը՝ նախատեսված զորամիավորումների աննկատ տեղաշարժի համար: Ասկերանի ամրոցն այսօր էլ չի կորցրել իր վաղեմի դերն ու նշանակությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031