Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ մերժել է «Ելք» դաշինքի դիմումը՝ ՀՀԿ-ի՝ ընտրություններին մասնակցելու գրանցումն անվավեր ճանաչելու, այսինքն՝ թույլ չտալու ՀՀԿ-ին մասնակցել խորհրդարանական ընտրություններին պահանջով:
Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» Հ/Կ-ն օրերս հրապարակել է ձայնագրություններ, որտեղ 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններ ՀՀԿ-ի համար մարդկանց են ցուցակագրում, սա ըստ Հ/Կ-ի, ՀՀԿ-ի կողմից վարչական ռեսուրսի չարաշահում է: Հ
ՀԿ-ն էլ պարզաբանել էր, որ որեւէ ապօրինություն չկա:
Aravot.am-ի հետ զրույցում «Ելք» դաշինքի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու եւ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ երբ ԿԸՀ-ն մերժել է
Կարդացեք նաև
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի նույնանման պահանջով դիմումը, որոշման հիմքում դրել է նույն տնօրենների գրավոր տված բացատրությունները:
«Մենք պահանջեցինք այդ բացատրությունները, որպեսզի հասկանանք, թե դրանք ի՞նչ բովանդակություն ունեն: Ես ուսումնասիրել եմ բացատրությունների մոտ 20%-ը, այսօր՝ ավելի շատ, եւ բոլորի տակ ամսաթիվ չկա, մուտքի կնիք չկա, ոճը նույնն է, այսինքն՝ միտքը նույնն է: Բացատրությունների մասը տպագիր էր, մի մասը՝ ձեռագիր: Կարծես թե նույն մարդը թելադրած լիներ: Մեխանիկորեն շարադրված էր, որ իրենք ցուցակագրել են ու ցուցակները բերել ներկայացրել են, ու վիրավորվել են, կդիմեն դատարան: Այսինքն՝ ոչ կապակցված մտքեր էին, ու գրեթե ամեն տեղ նույն միտքն էր: Կային փաստաթղթեր, որոնք շատ կասկածելի էին, ասենք՝ ստորագրությունը շատ ներքեւ էր, քան տեքստը: Որպես փաստաթուղթ, երբ նայում եմ, տպավորություն է, որ դա մի տեղից կազմակերպված գործընթաց է»,-ասաց պարոն Բաղդասարյանը:
Այսինքն, ըստ փաստաբանի, ՀՀԿ-ի գրանցումը անվավեր ճանաչելու պահանջը մերժելու համար ներկայացրել են փաստաթղթեր, վերցրել են բացատրագրեր, բացատրություններ, որպեսզի մերժման որոշման համար արհեստական հիմք սարքեն:
Պարոն Բաղդասարյանը վստահեցրեց, որ այդ բացատրությունների բովանդակությունները չէին համընկնում ձայնագրությունների բովանդակություններին. « Ձայնագրություններում ներկայացնում են, որ հավաքագրել են ծնողների ձայներն՝ ի պաշտոնե, իսկ բացատրությունում գրել են՝ ոչ մի ծնողի ձայն չենք հավաքագրել»:
Նշենք, որ պարոն Բաղդասարյանը ԿԸՀ-ում ներկայացրել է «Ելք» դաշինքի շահերը, եւ
այդ բացատրությունները վերցրել է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի դիմումի քննության ժամանակ. «Այսինքն՝ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի դիմումի քննության ժամանակ այդ բացատրությունները վերցրել են ու նույն ապացույցներով մերժել են նաեւ մեր բողոքը»:
Փաստաբանն ասաց, որ այս գործով դիմել են Վարչական դատարան:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ