«Կաշիներդ կքերթեմ», «աչքերդ կհանեմ», «ականջներդ կկտրեմ», «քաղաքական աղբ», «փշաքաղվել». սրանք նախընտրական քարոզարշավում հնչած այն արտառոց կամ էքսցենտրիկ արտահայտություն-դրսեւորումներն էին, որոնք ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանն առանձնացրել է. «Այս բառապաշարը մեր քարոզչության մեջ չեք հանդիպի, որովհետև մենք, իբրև ծանրակշիռ քաղաքական կուսակցություն, միշտ փորձել ենք խնդիրների, լուծումների ու առաջնահերթությունների մասին խոսել և ոչ թե փորձել այլ մեթոդներով ձայն շահել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա`հավելելով. «Մենք հակաքարոզչություն չենք արել որևէ մեկի հանդեպ, երբեք անձնավորված քաղաքականություն չենք տարել: Քարոզչություն ենք արել, համեմատել ենք առկա քաղաքական ուժերին, փորձել ենք ներկայացնել մեր կատարած աշխատանքը և առավելությունները: Հատկապես մանիպուլյացիաներ չենք արել, որովհետև այս քարոզարշավի հետաքրքիր բաղկացուցիչներից մեկն էլ մանիպուլյացիաներն էին` տարբեր մեթոդներով փորձել ընտրողներին ասել, որ մենք միակն ենք, մեզ ձայն տվեք, ուրիշներին մի տվեք: Դաշնակցության մրցակից ուժերի 90 տոկոսը մեր հանդեպ եղել են զուսպ, հավասարակշռված, գիտակցելով, որ եթե չափն անցնեն, ապա կստանան համարժեք պատասխան: Մեկ, երկու դեպք է եղել, երբ հարկադրված պատասխանել ենք»:
Ամեն դեպքում, Աղվան Վարդանյանը վստահ է`իրենք երկրի ապագային լավատեսությամբ նայելու թե պատճառ, թե իրավունք ունեն: Նա վստահ է`Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո, ընտրական խախտումները նվազագույնի կհասնեն:
Նա նաեւ հույս ունի, որ խորհրդարանական համակարգին անցումը ընտրական գործընթացների եւ երկրի կառավարման առումով հույս են ներշնչել նաեւ շատ քաղաքացիների ու նրանց մի մասը հիմա արդեն կմասնակցի ընտրություններին: «Այս մարդիկ ինքնուրույն, մտածող, մտահոգ մարդիկ են և երբեք ընտրակաշառք չեն վերցնի, քանի որ եթե վերցնելու լինեին, կմասնակցեին ընտրություններին: Ես կոչ եմ անում, որ այս մարդիկ, ովքեր ծախու չեն, իսկապես տեր լինեն իրենց ձայնին և հույս հայտնեց, որ հուսահատությունը, հուսալքությունը այս անգամ կփորձեն թոթափել»,- ասաց նա:
Պատասխանելով ընտրակաշառքներին վերաբերվող հարցին, նա ասաց, որ ռեյտինգային թեկնածուների բազմազանության մեջ դա չէր բացառվելու, բայց քաղաքացիները, ընտրողները, վերցնող-չվերցնողները մենք ենք:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ