Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Մենք միլիարդատեր ընկերներ չունենք, բայց նպատակ ունենք» (Տեսանյութ)

Մարտ 31,2017 15:42

«Մեր կարգախոսը եւ պաստառը տարբերվում էր մյուսներից եւ կարծում եմ, ամենասիրուններից մեկն էր: Պաստառները մշակույթ են, մարդկանց հարգելու նշան»,- ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն այսօր ամփոփելով նախընտրական քարոզարշավը այսպես սկսեց: Բանախոսը կարեւոր է համարում նաեւ այն, որ ՀՅԴ քարոզչական պաստառների վրա «անձ չկա, մարդու դեմք չկա»: Կարծում է`դա էլ է ՀՅԴ-ին առանձնացնում մյուս քաղաքական ուժերից:

ՀՅԴ-ի թիմը նա եւս ծանրակշիռ է որակում: Մեկ առ մեկ թվարկում է անուններ` Հրանտ Մարգարյան, Արմեն Ռուստամյան, Աղվան Վարդանյան, Դավիթ Լոքյան, Արմենուհի Կյուրեղյան, Լևոն Մկրտչյան, Արծվիկ Մինասյան, Ռուզաննա Առաքելյան, Սպարտակ Սեյրանյան, Միքայել Մանուկյան, Արտավազդ Սահակյան, Արսեն Համբարձումյան, Կիրո Մանոյան ու այլք:

Իրենց հանրահավաքները հանրապետության տարբեր տարածքներում, ասում է, բազմամարդ էին: ՀՅԴ նախընտրական ծրագրում էլ, բանախոսի փաստմամբ, ամփոփված են մեր պետականության առանցքային եւ օրակարգային բոլոր հարցերը: Նա նաեւ նկատում է, որ դրանց հիմնական մասն այսօր դարձել է պետական քաղաքականության առանցք:

«Մենք մեր նախընտրական քարոզարշավի ժամանակ ամբոխավարություն երբեք չենք արել, չենք փորձել մարդկանց սիրաշահել` զուտ ձայն տանելու համար, և մեր քաղաքական օրակարգը այսօրվա մեր պետականության օրակարգն է: Բացի մեր կենտրոնական շտաբից, գործել են 13 տարածքային շտաբներ, ըստ 13 ընտրատարածքների, և յուրաքանչյուր ընտրատարածք ուներ իր քարոզչական ծրագիրը: Իրականացվել են հարյուրավոր հանդիպումներ»,- մանրամասնեց Աղվան Վարդանյանը:

Նա «բաժին հանեց» նաեւ ՀՅԴ-ի վարկանիշային թեկնածուներին: ՀՅԴ-ն յուրաքանչյուրում առաջադրել է 4-5 թեկնածու: Աղվան Վարդանյանը նրանց համարեց «կայացած», «իրենց ոլորտում հեղինակություն ունեցող» թեկնածուներ. «Մեր ռեյտինգային թեկնածուների 28 տոկոսը անկուսակցականներ էին, որոնք ընտրություն են կատարել մինչև քարոզարշավը և Դաշնակցության կողքին են կանգնել»:

Համեմատական զուգահեռներ տանելով մյուս քաղաքական ուժերի նախընտրական քարոզչության հետ, Աղվան Վարդանյանը կարծիք հայտնեց, որ դրանք կառուցված էին հիմնականում մեկ անձի շուրջ, իսկ եթե դաշինք էին, ապա 3- 4 անձի: «Դաշնակցությունը առանձնացել է նաև նրանով, որ նախընտրական քարոզարշավը կառուցված է եղել ոչ թե մեկ կամ մի քանի անձի, այլ թիմի ու գաղափարների շուրջ»,- ասաց նա`հավելելով, որ մեկ դաշինքի առաջնորդներից մեկին ինքն ընդհանրապես չի տեսել, մյուսին էլ երկու անգամ` հեռուստաեթերից:

Աղվան Վարդանյանը խոսեց նաեւ քարոզարշավի վերջին օրերին առաջացած «ներդրումային բումից»: Ասաց. «Մենք միլիարդատեր ընկերներ չունենք, բայց նպատակ ունենք»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031