Այսօր հրավիրած ասուլիսում լրագրողները «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Վարդան Օսկանյանին հարցրեցին՝ այնուամենայնիվ, դուք ձեզ Մադրիդյան սկզբունքների հայրը համարո՞ւմ եք, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ խորթ հայրն եք արդեն՝ Վարդան Օսկանյանը պատասխանեց. «Ես ինձ համարում եմ Մադրիդյան սկզբունքների փաստաթղթի առաջին պարբերության հայրը, որովհետեւ այդ փաստաթղթի միակ նորությունը հենց այդ առաջին պարբերությունն էր»:
Նա ասաց, որ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն է միշտ բացակայել փաստաթղթերից, դա ինքն է կարողացել անել. Այն ժամանակ միայն կարող էինք երազել ինքնորոշման մասին, ես այդ երազանքը դարձրել եմ իրականություն. «Այո, ես ինձ համարում եմ մադրիդյան փաստաթղթի առաջին պարբերության հայրը, իմ իմացածի, որովհետեւ հետո փոխվել է, այդ պարբերությունը գնացել է 5-րդ, 6-րդ: Իմ բանակցած փաստաթղթի առաջին պարբերությունում գրված է՝ ԼՂ ժողովուրդը ռեֆերենդումի միջոցով իր տարածքում իր բնակչությամբ կորոշի իր կարգավիճակը եւ այդ հանրաքվեի արդյունքը կարող է լինել ցանկացած ելք: Դա այն ժառանգությունն է, որ ես եմ թողել, ես դրա հայրն եմ, դրանից չեմ հրաժարվում»:
Հետո Վարդան Օսկանյանն ասաց, որ Տեր-Պետրոսյանը հասցեատիրոջը սխալ է ընտրել. «Այնտեղ մի հասցեատեր կա, դա իշխանություններն են: Քառօրյա պատերազմից մեկ տարի է անցել, Տեր-Պետրոսյանը հանդիպել է գործող նախագահի հետ, նրանք արդեն պայմանավորվել են եւ այդ օրվանից Տեր-Պետրոսյանն իր անմնացորդ, անվերապահ աջակցությունն է հայտնել իշխանությունների վարած քաղաքականությանը՝ Ղարաբաղի հարցում: Թող անեին, մի տարի կար, ի՞նչն է խնդիրը, մե՞նք ենք խանգարել: Կարո՞ղ ա մենք ենք որոշում, Տեր-Պետրոսյանն ասում է՝ ես հավանում եմ նրանց քաղաքականությունը, ես էլ աջակցում եմ: Մի տարի կար, թող անեին, թող տային, թող լուծեին, էլի: Ես Տեր-Պետրոսյանի հռետորիկան ուղղակի չեմ հասկանում: Տեր-Պետրոսյանն ումի՞ց է բողոքում: Մի հասցեատեր կա, դա իշխանություններն են, որից պետք է բողոքեր: Իշխանություններն այնքան անգործության են մատնվել, այնքան ապաշնորհ են, որ անգամ մի տարածք որ ուզենան տան՝ սխալ կտան, չի ստացվի, կսխալվեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև