Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ թվով երևանցիների են բերում քվեարկության Ամասիայի ու Աշոցքի գյուղեր․ այս մասին փաստում են ընտրողների լրացուցիչ ցուցակները (Ձայնագրություն)

Մարտ 31,2017 15:18

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրված են տարբեր ընտրատեղամասերի ընտրողների վերջնական ու լրացուցիչ ցուցակները։ Շիրակի մարզի Ամասիայի ու Աշոցքի տարածաշրջանների տարբեր գյուղերի ընտրողների լրացուցիչ ցուցակները ուսումնասիրելիս՝ այնպիսի տպավորություն ստացանք, որ քարուքանդ ճանապարհներ ունեցող, անտեսված, օր օրի դատարկվող այս տեղանքներն այնքան հրապուրիչ են դարձել, որ մարդիկ տարբեր բնակավայրերից, հատկապես Երևանից գլուխ են ջարդում այդ գյուղեր այցելելու ու իրենց սահմանադրական իրավունքը հենց այս տարածքներում իրացնելու համար։ Զավեշտալին այն է, որ մեծ թվով երևանցիների, չգիտես ինչու, անչափ հետաքրքրում են հենց Շիրակի մարզում առաջադրված թեկնածուները։

Եվ այսպես, մեր խոսքը հիմնավորենք փաստերով․Աշոցք համայնքի կազմում գտնվող Ղազանչի գյուղում ընտրողների թիվն ավելացել է 7-ով, ընդ որում լրացուցիչ ցուցակի գերակշռող մասը մայրաքաղաքի բնակիչներ են․ գալու են քվեարկության Կոմիտաս փողոցից, Նոր Նորքից, շրջկենտրոնից, Խաղաղ Դոն փողոցից, Նազարբեկյան թաղամասից։ Նմանապես 30/28 ընտրատեղամասը, որը Ամասիայի Աղվորիկ համայնքում է, ընտրողների թիվն ավելացել է 10 հոգով, ընդ որում կեսը Երևանից են՝ Նոր Արեշ 7-րդ փողոցից, Երևանյան խճուղի 95 ա շենքից, Մուրացանի փողոց 113/1 հասցեից, Սունդուկյան փողոց 271-ից։ Ոստիկանության ներկայացրած լրացուցիչ ցուցակներում «Հաշվառման վայրի կամ բնակության վայրի հասցեն (եթե հաշվառում չունի) սյունակի տակ մայրաքաղաքի հասցեներ են։

37 հոգով ավելացել է Ամասիայի տարածաշրջանի մեկ այլ գյուղի՝ Արտենիսի ընտրողների թիվը, ընտրատեղամասը 30/29-ն է։ Այստեղ Երևանի Կ․Հալաբյան 5/22 փողոցից մարդիկ կան ընդգրկված, Գյումրու Տրդատ ճարտարապետ փողոցից տարբեր բնակիչներ։

Ամասիայի տարածաշրջանի ամենահեռավոր համայնքում՝Բերդաշենում, որտեղ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը հիմնեց «Արփա լիճ ազգային պարկը»՝ հանգստյան գոտի, տուրիստական կենտրոն դարձնելու․ հյուրանոցներ կառուցելու ու մեծ թվով արտերկրյա տուրիստներ բերելու նպատակով, ու որը դասվեց հերթական ուտոպիաների շարքում, ընտրողների թիվն ավելացել է 12 հոգով։ Այստեղ էլ շատ հետաքրքիր զուգադիպությամբ լրացուցիչ ցուցակում հայտնվել են մարդիկ մայրաքաղաքի Նոր Արեշ փողոց 5, Ջրվեժ Մայակ 6 3 հասցեներից։

Հիշեցնենք, սա այն գյուղն է, որտեղ հասնելու համար մարդիկ ուղեղի ցնցում են ստանում․ նույնիսկ տարիներ առաջ մի դեպք էր գրանցվել․ ճանապարհների խայտառակ լինելու պատճառով շտապօգնության մեքենան չէր հասել ու հղի կին էր մահացել։ Ու թեև երեք տարի առաջ փոքր-ինչ բարեկարգեցին Գյումրի-Բերդաշեն ավտոճանապարհը, սակայն դարձյալ անհարմար է երթևեկելու համար։

Ու քանի որ սահմանամերձ գյուղերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում են բնակության Ռուսաստանի Դաշնություն կամ խոպան են գնում, ամենայն հավանականությամբ այս տարածքները ձեռքից բաց չթողնելու համար մայրաքաղաքից են ընտրողների հրավիրում։

Արփի տարածքում գտնվող Զորակերտ համայնքում ընտրողների թիվն ավելացել է 11 հոգով․ ընտրատեղամասը 30/31-ն է։ 30/32 ընտրատեղամասում, որը Ծաղկուտ գյուղն է, ընտրողների թիվն ավելացել է 43 հոգով, 30/33 ընտրատեղամասում գտնվող Արփի գյուղում ընտրողների թիվն ավելացել է 29 հոգով, ընդ որում մարդիկ Երևանի Չկալովի փողոցից, Սարթաղից ու Նոր Արեշից են գալու այստեղ՝ իրականացնելու իրենց ընտրությունը։

Իհարկե, այս ցուցակը մենք կարող ենք անվերջ թվարկել, սակայն ընթերցողների ուշադրությունը ուզում ենք սևեռել մի արտառոց փաստի վրա․ Երևանի Մոլդովական փողոցի 30/3 բնակիչներ Հայկյան եղբայրներից մեկը՝ Հայկյան Արկադին, որպես ընտրող գրանցվել է Շաղիկում ՝ 30/34 ընտրատեղամասում, իսկ մյուս եղբայրը՝ Հայկյան Լևոնը՝ Զարիշատում։

Ի դեպ, այս եղբայրները ընտրական գործընթացի հետ որևէ կապ չունեն, հանձնաժողովի անդամ չեն, դիտորդ չեն։

Մենք զանգահարեցինք Արփի համայնքի գյուղապետ Ղարիբյան Մերգելին՝ պարզաբանում խնդրելով այս թեմայի շուրջ։ Վերջինս ասաց, որ լրացուցիչ ցուցակներում ընդգրկվածները իրենից տեղեկանքներ չեն պահանջել, առանց տեղեկանքի՝ Ամասիայի անձնագրային բաժնում հաշվառման են կանգնել։ Մեր հարցին՝ բա որտե՞ղ են հաշվառվել, գյուղապետն ասաց՝ տարբեր բնակավայրերում ու թվարկեց՝ Զարիաշատում էլ կան, Գառնառիճում էլ, Զորակերտում էլ, Բերդաշենում էլ , մի խոսքով Ամասիայի միավորված 9 համայնքներում։

Հարցին՝ տարօրինակ չէ՞, որ այսքան մեծ թվով մարդիկ հայտնվեցին Երևանից, երբ այս գյուղերի տեղերը չգիտեն, գյուղապետն ասաց․ «Տարօրինակը տարօրինակ է , բայց Ամասիայի անձնագրային բաժինը համայնքապետարանից ոչ մի տեղեկանք չի պահանջել, ես տեղեկություններ չեմ ունեցել»։

Մենք զրուցեցինք նաև Ամասիայի անձնագրային բաժնի պետ տիկին Համբարձումյանի հետ, որն ասաց՝ ըստ օրենքի լրացուցիչ ցուցակների համար տեղեկանք պետք չէ համայնքապետարանից։ «Հայաստանում ցանկացած քաղաքացի, ցանկացած անձնագրային ծառայություն, ով որտեղ ցանկություն ունի ընտրելու, կարող է գնալ տվյալ անձնագրային ծառայություն, դիմումը գրի, ընդգրկվի լրացուցիչ ցուցակ։ Դա նախատեսված է օրենսգրքով։ Քաղաքացին եկել, դիմել է, այդ օրը գտնվելու է Արփիի տարածաշրջանում, ինչքան էլ մեր ծանրաբեռնվածությունը շատ լինի, մենք չենք կարող նրան մերժել, օրենքով նախատեսված է, վերցնում ենք դիմումը, անձնագրի պատճենը, 3 օր աշխատանքային օրվանից հետո մենք իրեն տրամադրում ենք տեղեկանք»։

Մեր հարցին, այդ ինչպե՞ս եղավ, որ Ծաղկուտ գյուղում ընտրողների թիվն ավելացավ 43 հոգով, տարօրինակ չէ՞, անձնագրային բաժնի պետը սա մեկնաբանեց այնտեղ տեղակայված սահմանապահ զորքերի առկայությամբ։ «47 հոգի զինվոր ունեն, զինվորներն են, այլապես Ծաղկուտում երևի թե 5 հոգի լրացուցիչ ընտրող լինեն, նույնը Արտենիսում է, երկու տարածքում էլ մենք ունենք սահմանապահ զորքեր»։

Իսկ ինչպե՞ս է, որ երևանաբնակ Հայկյան եղբայրներից մեկը գրանցվել է Շաղիկում, մյուսը՝ Զարիշատում, Ամասիայի անձնագրային բաժնի պետն ասաց, որ նրանք դիմում են ներկայացրել իր բնակության վայրի անձնագրային ծառայությունում և ընդգրկվել են երկու գյուղերում։ «Եթե քաղաքացին ուզում է Շաղիկ համայնքում ընտրություններին մասնակցել, կարող է ոչ միայն Ամասիայի անձնագրային ծառայությունում դիմում ներկայացնել, այլ իր բնակության վայրի անձնագրային ծառայությունում, հիմա այդ երկու եղբայրները դիմում են գրել, ոչ թե մեզ մոտ, այլ Երևանում՝ իրենց բնակության վայրում»։

Նշենք, որ թեև ըստ նոր Ընտրական օրենսգրքը քվեարկողին թույլատրում է քվեարկության օրվանից առնվազն տաս օր առաջ դիմում ներկայացնել իր տարածքի լիազոր մարմին ու դուրս գալ բնակության կամ հաշվառման վայրից՝ այլ վայրում իր սահմանադրական իրավունքն իրացնելու, այդուհանդերձ զավեշտալի է, որ Ամասիայի ու Աշոցքի գյուղերի տեղը չիմացող մարդիկ շտապում են հենց այդտեղ ընտրություն կատարելու։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Գարուշ says:

    Այդ գրանցվածները հատուկ Արման Սահակյանի հաամր են բերվում:Փեսայի ընկերը չի հասկանում,որ Գյումրին նրան չի ընդունում:Կեղծիքներով էլ չի անցնելու:

  2. Hpart says:

    Այսինքն,իշխանությունները խաղում են Մարտուն Գրիգորյանի,Ցոլակյանի ու այլ ՀՀԿ-ականների դեմ՝թույլտալով,որ Արման Սահակյանը կեղծիքների միջոցով դառնա պատգամավոր:Նամուս ու աբուռ որ ունենա,շառը կառնի կթողնի ու կգան:Գյումրին իրան չի սիրում,ինքն էլ Գյումրին:Այսքան տարվա մեջ իրեն համար տուն չառավ Գյումրիում,բայց գյորմամիշի պես ուզում է պատգամավոր ընտրվել Շիրակից:Գյումրեցիներ ջան,խնդրում եմ դրան ձայն միք տվեք:

  3. Գևորգ says:

    Իհարկե, սա արվում է Արման Սահակյանի համար, որը սովոր է առանց ժողովրդի քվեն ստանալու պատգամավոր ընտրվել ու 5 տարի ոչ մի բան չանել: Այդ մարդը չի սիրում գյումրեցուն ու շիրակցուն, դիմում է ընտրակեղծիքների, դողդողալով ընտրակաշառք է խոստանում քվեաթերթիկը նկարելու պայմանով, Սահակ Մինասյանի հույսին է մնացել:

  4. Ropert says:

    Ձեր տակառիկը տարեք ձեզ մոտ………սա ինչ գործ ունի Շիրակում?

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031