Ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ժամանակ աննախադեպ ծավալի դիտորդական առաքելություն է իրականացվելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց մի քանի դիտորդական առաքելությունների միավորող «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը: Նա մանրամասնեց, որ 3400 դիտորդներ լինելու են 1500 ավելի տեղամասերում, այսինքն, «ծածկելու» են դրանց 75 տոկոսը:
Լուսինե Հակոբյանի փոխանցմամբ՝ նախաձեռնությունն ունենալու է նաեւ 30 եւ ավելի շրջիկ խմբեր, իսկ դիտորդական առաքելության կենտրոնում գործելու են հեռախոսային օպերատորներ եւ իրավունքի մասնագետներ, որոնք ընթացք են տալու դիտորդների ահազանգերին:
Նախաձեռնության ներկայացուցիչ Վարուժան Հոկտանյանն իր հերթին տեղեկացրեց, որ քարոզարշավի ընթացքում կուսակցությունների կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մշտադիտարկում են իրականացնում, որի արդյունքները կհրապարակվեն առաջիկայում: Նման մշտադիտարկում է անցկացնում նաեւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, որի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցն արդեն իսկ խախտում է արձանագրել: Սաքունցի փոխանցմամբ՝ զեկույցը կհրապարակվի այսօր:
Կարդացեք նաև
«Քաղաքացի դիտորդ»-ի ներկայացուցիչներից Դանիել Իոաննիսյանը մտահոգություն հայտնեց, որ ոստիկանությունը չի իրականացրել հետախուզական գործողություններ՝ քաղաքացիների կողմից ընտրակաշառք բաժանելու ահազանգերի առնչությամբ: Բացի այդ, ըստ Իոաննիսյանի, քվեարկության օրը հանձնաժողովների անկախ աշխատելը հարցականի տակ է:
Նշյալ խնդիրները հաշվի առնելով՝ դիտորդական առաքելությունների ղեկավարները նաեւ մտահոգություն հայտնեցին, որ քվեարկությունը հարթ չի ընթանալու:
Մանրամասն` տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ