Ստվերային տնտեսության կրճատում, ՀՆԱ 7-8 տոկոս աճ՝ խոստանում են Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) պատգամավորի թեկնածուները:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀԿԿ համապետական ցուցակը գլխավորող Տաճատ Սարգսյանը վստահեցրեց, որ իրենց կուսակցությունն ունի ուրույն աշխատաոճը. «Մենք այն ուժն ենք, որ ղեկավարեց 78 տարիներ, և դրանք հայ ժողովրդի պատմության ոսկե դարն էին»:
Նա վստահեցրեց, որ եղել են ՀՀ բոլոր գյուղերում և շրջաններում ու եկել նման եզրակացության. «Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ ժողովուրդը չի մոռացել Կոմկուսին, նրա կատարած աշխատանքը: Մենք այն կարծիքին ենք, որ ժողովրդի վերաբերմունքն այնպիսին է, որ Կոմկուսը կհայտնվի խորհրդարանում»:
Կոմունիստների հասցեին հնչող այն կարծիքներին, թե տառապում են կարոտախտով, պարոն Սարգսյանն արձագանքեց. «Խորհրդային Հայաստանի ստեղծման առաջին իսկ օրվանից, երբ տնտեսությունը զրոյական վիճակում էր, 20 տարիների ընթացքում հնարավոր եղավ արդյունաբերության 32 անգամ աճ ապահովել: Մենք տիրապետում ենք բոլոր մեթոդներին»:
Կարդացեք նաև
ՀԿԿ համապետական ցուցակի 2-րդ հորիզոնականում գտնվող Վազգեն Սաֆարյանը վստահեցրեց, թե իրենք գնալու են այնպիսի քաղաքականություն իրականացնելու, որ մեր ժողովուրդը վստահ լինի, որ աշխատատեղեր կավելանան և մարդ կունենա աշխատանքի իրավունք. «Մենք գնալու ենք սահմանադրության այն փոփոխության, որ ոչ թե անձն ունենա աշխատանքի ընտրության ազատության իրավունք, այլ աշխատանքի իրավունք»: Նա վստահեցրեց, որ սոցիալական երաշխիքները մեծանալու են, ՀՆԱ 7-8 տոկոս աճ է լինելու, հասնելու են ստվերային տնտեսության կրճատման և անելու են այնպես, որ մեր երկիրն օգտագործի ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական զարգացումները և ներմուծումը փոխարինվի տեղական արտադրությանը գերակայությամբ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ