ՀՅԴ պատգամավորության թեկնածու, ՀՀ ԱԺ դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահեցնում է, որ նոր ընտրական համակարգն իշխանափոխության համար դուռ է բացել:
«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը պարոն Ռուստամյանը հավաստիացրեց, որ իշխանական մեքենան զրկված է իր հիմնական հենասյուներից. «Մեծամասնական ընտրակարգն էր, որը հիմա շփոթում են այս վարկանիշայինի հետ: Բայց հիմա այլ է, քանի որ մեծամասնականով իշխանության գրպանում կար 41 մանդատ, և դրանով էր մտնում ընտրությունների: Այժմ այդ բոնուսից իշխանությունները զրկվում են և պետք է նաև շեշտենք, որ անձը իրավունք չունի քվեարկելու մեկ մեծամասնականի և այլ կուսակցության օգտին, այլ պետք է ընտրի կուսակցությունը և նույն այդ կուսակցության կողմից առաջադրված մեծամասնական թեկնածուին: Հիմա ընտրությունն ավելի քաղաքական է դառնում»:
Արմեն Ռուստամյանը վստահեցրեց, որ ռեյտինգային այս համակարգը, միևնույն է, իրենց համար ընդունելի չէ. «Պայքարելու ենք ռեյտինգային համակարգի հանման համար: Մենք չենք ուզեցել այս տարբերակով ունենալ համամասնական ընտրակարգ: Հենց հարմար առիթ եղավ, մենք այս խնդիրը բարձրացնելու ենք»:
Դառնալով Սամվել Բաբայանի ձերբակալությանը՝ պարոն Ռուստամյանը հիշեցրեց, թե իրենք ավելի տխուր փորձ են ունեցել, երբ մի ամբողջ կուսակցություն է փակված եղել. «Եթե հանցագործություն է կատարվում, ժամանակահատվածը կապ չունի դրա հետ, պետք է պատժվի՝ ով էլ լինի:Սամվել Բաբայանին ճանաչել ենք իր լավագույն հատկանիշներով, ազատագրական պայքարի ժամանակ և իրար հետ համագործակցել ենք: Ցավում եմ, որ իր անունն այս պատմությանն առնչված է: Քանի օրենքով ուժի մեջ մտած դատավարություն չկա, պարտավոր ենք անմեղության կանխավարկածով առաջնորդվել: Չեմ բացառում, կարող է ինչ-որ մի բան էլ կա, քանի որ ինչպես ասում են, առանց կրակ ծուխ չի լինում»:
Կարդացեք նաև
Ըստ Արմեն Ռուստամյանի՝ Սամվել Բաբայանին քաղբանտարկյալ անվանելը վաղաժամ է. «Հինգ չափանիշ է սահմանել Եվրոպայի խորհուրդը: Բայց նման հետաքննություն չի անցկացվել: Իհարկե, մենք ունենք առաջին ձեռքից ինֆորմացիա, բայց դրա իրավունքը չունեմ հայտարարելու, քանի դեռ քննություն է իրականանում»:
Գևորգ Սաֆարյանի մասին է, պարոն Ռուստամյանն ասաց, որ որևէ քննություն չի իրականացվել պարզելու, արդյոք նա համարվում է քաղբանտարկյալ Եվրոպայի խորհրդի սահմանած հինգ կետերին համապատասխան: Այս առիթով պարոն Ռուստամյանն ամփոփեց. «Եթե ինձ այդ գործիքները տան, սիրով կզբաղվեմ, պարզելու այդ հարցը: Բայց հիմա նման լիազորություն չունեմ»:
Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի եւ BS/The Gallup Organization մասնագիտացված կազմակերպության հրապարակած տվյալներով՝ քաղաքական գործիչներից ամենացածրն այս պահին Լևոն Տեր-Պետրոսյանի վարկանիշն է՝ 21 տոկոսն է դրական արտահայտվել: Գագիկ Ծառուկյանի վարկանիշը Հայաստանում ամենաբարձրն է ՝ 73 տոկոսը նրան դրական է վերաբերում: Կարեն Կարապետյանի վարկանիշը շատ քիչ է զիջում Ծառուկյանին՝ 72 տոկոսը նրան դրական է վերաբերում: Սերժ Սարգսյանն ու Վիգեն Սարգսյանը գրեթե նույնքան տոկոսով վարկանիշ ունեն՝ 40 տոկոսը դրական է վերաբերում Վիգեն Սարգսյանին: 35 տոկոսը դրական են արտահայտվել Արմեն Ռուստամյանի նկատմամբ: Նիկոլ Փաշինյանի վարկանիշն էլ 34 տոկոս է:
Aravot.am-ը պարոն Ռուստամյանից հետաքրքրվեց՝ իր համար սպասելի՞ էին արդյոք այս արդյունքները, մասնավորապես իր վարկանիշի հետ կապված և այն արդյունքի հետ կապված, որ Գագիկ Ծառուկյանի վարկանիշն ամենաբարձր է, որին զիջում է նաև Կարեն Կարապետյանի վարկանիշը, պարոն Ռուստամյանն արձագանքեց. «Իմն ինչքան է՞ր»: Լսելով պատասխանն՝ ասաց. «Շատ շնորհակալ եմ: Այդքանով էլ գոհ ենք, լավ է»: Այնուհետև ցավով նշեց, թե սոցհարցումներին վերապահումով է վերաբերվում, քանի որ ՀՀ-ում դրանք դեռ կայացած չեն. «Պարզապես ի գիտություն եմ ընդունում և որևէ լուրջ հետևություն չեմ անում»
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի