Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Սեդրակյան. «Չկա ավելի փշրված ամերիկյան երազանք ինչպես Ստայնբեքյանը»

Մարտ 31,2017 14:07

Ջոն Սթայնբեքի «Ցասման ողկույզները» հնարավոր է արդեն կարդալ հայերեն:

Չնայած նրան, որ գիրքը արդեն որոշ ժամանակ է ինչ վաճառքի էր, սակայն շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 30-ի երեկոյան՝ «Զանգակ» հրատարակչությունում: Շնորհանդեսին ներկա էր ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը, որը գիրքը կարդացել էր 17 տարեկանում: Նա նշեց, որ «Ցասման ողկույզները» 20-րդ դարի լավագույն ամերիկյան վեպերից է, և նույնիսկ այսօր՝ 70 տարի անց, այն շատ կարևոր և սուր հիշեցում է այն մասին, թե ինչի կարող է հանգեցնել տնտեսական անհավասարությունը .«Սա հետ է մղում այն գաղափարը, որ Միացյալ նահանգներում ամեն ինչ առատ է և բոլորի համար կա: Այստեղ նշվում է, որ Ամերիկայում այդ հարստությունը հասանելի չէ բոլորին: Այս գիրքը մարդկանց ներուժի մասին է: Երևի բոլոր ամերիկացիները գիտեն նրա վերջին տողը, որն ասում է.«Գուցե մարդիկ իջնեն հասնեն շատ ներքև, բայց երբեք չեն պարտվում»:

Թարգմանիչը՝ Արամ Արսենյանը, խոսելով դժվարությունների մասին, ասաց. «Ցանկացած թարգմանություն իր մեջ ներառում է ստեղծագործական աշխատանք: Այս վեպը այն վեպերից է, որը թարգմանելիս անկախ քեզնից դառնում ես համահեղինակ: Ինձ համար թարգմանությունը տառապալից էր այնքանով, որ ամեն նախադասության հետ ես ինքս մտնում էի այդ իրադարձությունների բովի մեջ, այդ ցասումը ինձ էլ էր փոխանցվում»:

Գրքի որոշ գաղափարների հնացած և ժամանակավրեպ լինելու մասին Արամ Արսենյանը ասաց. «Ըստ ապրիլի 2-ի կարգախոսներով, հնացած են, բայց իրականում 70 տոկոսով արդիական են իրենց սոցիալական խնդիրների արծարծմամբ»:

Շնորհանդեսին խոսվեց նաև Ջոն Սթայնբեքի՝ ժամանակին Հայաստան գալու մասին, ուր նրան հյուրընկալել են Հովհաննես Շիրազը, Մարտիրոս Սարյանը: Այս իրադարձությունը ուսումնասիրել էր գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը: Նա պատմեց, որ ամերիկացի գրողը 1947 թվականին եղել է Ռուսաստանում, հանդիպել Ստալինին, և Ամերիկա վերադառնալուց հետո ոչ դրական կարծիք հայտնել նրա մասին: Հենց այս պատճառով արգելվել է նրա գրքերի տարածումը:

Հովիկ Չարխչյանը ավելացրեց նաև, որ 1963 թվականին՝ «ձնհալի» փուլում, նա ժամանել է Հայաստան. «Հայկական մամուլը այդ ժամանակ շատ հպանցիկ է անդրադարձել նրան: Միայն «Արմենպրեսն» է նշել նրա այցի մասին: Եղել է Գառնիում, տեսել նրա փլատակները: Ի դեպ, նա Հայաստանում օրագիր է պահել, եթե գտնենք նրա սկզբնաղբյուրը և թարգմանենք կդառնա պատմական արժեք»:

«Զանգակ» հրատարակչությունում էր Ջոն Սթայնբեքի անավարտ դիմանկարը, որը Մարտիրոս Սարյանն է պատկերել: Պատկերելիս գրողը ասել է. «15 րոպե չեմ կարող հանգիստ նստել, իսկ հիմա արդեն մեկ ժամ է նստած եմ այս մեծ բազմոցին այնպես, կարծես իռլանդացի իշխանի տոհմից լինեմ, այնինչ իռլանդացի ավազակների տոհմից եմ»:

Նկարչի թոռնուհին՝ Սոֆիա Սարյանը ներկայացրեց հուշեր, որը իրեն պատմել է հայրը, ով ներկա է եղել նկարչի և գրողի հանդիպմանը: Նա պատմեց. «Մարտիրոս Սարյանը նրան նվիրել է Արարատը պատկերող նկարներից: Իսկ Ջոն Սթայնբեքը ասել է. «Ես գիտեմ ամեն հայի սրտում Արարատ կա ես կկախեմ իմ տանը այս Արարատը, որ այն իջնի իմ սրտի մեջ»: Դիմանկարը մնաց Հայաստանում, իսկ Արարատը գրողը տարավ իր հետ:

Հայաստանում լինելուց առաջ արդեն գրողը գիտեր Հայաստանի մասին Վիլյամ Սարոյանի շնորհիվ: Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների թարգմանիչ և ուսումնասիրող Արամ Օհանյանը նշեց, որ այս երկու գրողներն էլ 1939 թվականին ստացել են Պուլիցերյան մրցանակ: Նա հավելեց. «Հետագայում Ջոն Սթայնբեքի «Մոլորված ավտոբուս»-ում Վիլյամ Սարոյանը հանդես է եկել որպես հերոս»

Գրքի մեծ դերի մասին խոսեց գրականագետ և բանաստեղծ Վահե Արսենը «Ամերիկան այսօր չէր լինի այսքան հզոր, եթե 1939 թվականին Ջոն Սթայնբեքը չգրեր «Ցասման ողկույզները» վեպը: Նման վեպերը շատ հասանելի են թվում ընթերցողին և անհաս են մնալու նրանց»:

Գրականագետ Անուշ Սեդրակյանն էլ նշեց. «Չկա ավելի հստակ փշրված ամերիկյան երազանք ինչպես Ստայնբեքյանը: Ամերիկան խոստանում է, որ բոլորս երջանկությանը հետևելու իրավունք ունենք, բայց Ամերիկան մոռացել է մի բան, որ յուրաքանչյուրի երջանկությունը տարբեր կերպարանք ունի, այսինքն չի կարելի երջանկությունը միասնական ներկայացնել: Սթայնբեքի ոճը շատ բարդ է, այն լեցուն է տեխնիկական բառապաշարով»:

Գրքի շապիկը ձևավորող Մարիամ Կանանյանը նշեց, որ գրքի շապիկին որոշել է պատկերել ամբողջ փշոտ ճանապարհը, մեքենան, Ամերիկայի սիմվոլ «Ազատության» արձանը. «Գույնն էլ ընտրել եմ անապատային փոշի հիշեցնող դեղինը: Այստեղ ամեն ինչ սիմվոլիկ է»:

Ջոն Սթայնբեքի ստեղծագործություններից արդեն հայերեն թարգմանված կան՝ «Մարգարիտ», «Մեր հոգսերի ձմեռը» վեպը, «Մկների ու մարդկանց մասին» պատմվածքը :

Ջուլիետա ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031