ՀՅԴ պատգամավորության թեկնածու, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հարցնում է՝ ինչո՞ւ է հրապարակ եկել Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը, պարոն Ռուստամյանը, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի դիտարկումներին և մասնավորապես խաղաղության վերաբերյալ ՀԱԿ-ՀԺԿ ծրագրին, ասաց. «Հնչում են ուղիղ այն թեզերը, որոնք մեր հակառակորդ երկիրն իր քարոզչությունն է անում: Նախընտրական փուլում կա ինչ-որ մի քաղաքական ուժ, որ Ադրբեջանի կատարած քարոզչությունն է անում, նրանք ասում են այն, ինչ հնչում է պաշտոնական Բաքվի շուրթերից: Եթե Ադրբեջանում նման մի ուժ լինի, որ խոսի, օրինակ, Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին, ապա եթե նրանք կենդանի մնան, բոլորը կհայտնվեն բանտերում և կլինեն քաղբանտարկյալներ»:
Արմեն Ռուստամյանը հանուն խաղաղության տարածքներ հանձնելու առաջարկը համարեց կործանարար և վստահեցրեց, որ Ադրբեջանի համար փոխզիջում գոյություն չունի, նրանց ամենաբարձր զիջումն այն է, որ տան Ղարաբաղին ինքնավարության ամենաբարձր աստիճան Ադրբեջանի կազմում: Ուստի ըստ պարոն Ռուստամյանի՝ այդ դեպքում խոսել մեր կողմից զիջումների մասին, որ միակողմանի զիջենք այնքան, որ ապացուցենք, թե մենք խաղաղասեր ենք, կործանարար է:
Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ փաստաթուղթը ստորագրելու մասին հայտարարություններին՝ Արմեն Ռուստամյանն ասաց. «Ասում է ստորագրենք, որ ավելի համոզիչ երևանք, միգուցե տարածքներ տանք, որ շատ ավելի՞ համոզիչ երևանք: Այդ ծրագիրն առաջարկելուց առաջ պետք է հարգել սեփական ժողովրդի կարծիքը, որի հետ երբեք Տեր-Պետրոսյանը հաշվի չի նստել: 1991-ից սկսած ԼՂՀ ժողովուրդը հռչակել է, թե ինչ ճանապարհով է պատկերացնում այս հարցի լուծումը, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն իր կյանքի նպատակն է դարձրել բոլորովին այլ հայեցակարգ պարտադրելու, ինչը բացարձակապես չի համապատասխանում ԼՂՀ ժողովրդի պատկերացումների հետ: Ո՞վ է իրավունք տվել որևէ մեկին, որ անտեսի ժողովրդի կարծիքը: Բա ի՞նչ ժողովրդավարությունից եք խոսում»:
Կարդացեք նաև
Հիշեցմանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ իրենք առաջարկում են իշխանության բանակցած ծրագիրը, ու Դաշնակցությունն էլ իշխանության մեջ է, պարոն Ռուստամյանն արձագանքեց. «Այդ դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանի մեջտեղ գալու իմաստը ո՞րն է, եթե պաշտոնապես այդ գործն անող կա՝ Սերժ Սարգսյանը: Հիմա դու եկել ես հրապարակ, որ ի՞նչ ես անում: Հետո էլ ասում ես, թե ես ընդդիմություն եմ»:
Այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պնդում է, թե արտագաղթի և երկրում գոյություն ունեցող մյուս խնդիրների պատճառը Ղարաբաղյան հակամարտությունն է, ըստ Արմեն Ռուստամյանի՝ նշանակում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն արդարացնում է ցանկացած իշխանության, ով այս խնդիրները կպահպանի. «Ուրեմն սուտ է ասում, որ միայն այդ հարցով է իշխանությանը պաշտպանում: Նաև պաշտպանում է մյուս բոլոր հարցերով: Հարց է, թե ինչու է Լևոն Տեր-Պետրոսյանը եկել հրապարակ: Իմ խորին համոզմամբ՝ մարդն ուզում է սրբագրել իր կատարածները, որ պատմության մեջ մնա ամենահեռատեսը, հմուտ կառավարիչը և իր անունը ոսկե տառերով գրվի մեր պատմության մեջ»:
ՀՀ առաջին նախագահի այն արտահայտության առիթով, թե «ոչ մի թիզ հող» ասողներն են այս ազգի գերեզմանափորը, Ռուստամյանն արձագանքեց, թե ով է մեղավոր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի կարողանում համարժեք ընկալել. «Ոչ մի զիջմանը մենք ասում ենք ոչ մի թիզ: Հանձնվելով էլ կարող ես խաղաղության հասնել: Կամ հաղթում ես, կամ հանձնվում: Ինքն ասում է՝ եկեք հանձնվենք: Հենց Լևոն Տեր-Պետրոսյանը թող բացատրի, թե ինչո՞ւ շեղվեց այն ուղղությունից, որով եկավ իշխանության: Մարդիկ միացում էին գոռում, ով ում հետ պետք է միանար, դա էլ Հայ դատ է, միացյալ Հայաստանը մեզնից հանիրավի կտրած հատվածների միացումն է: Ինքը փաստորեն Հայ դատը չի ընդունում, նշանակում է չի ընդունում պատմական և այսօրվա արդարությունը: Նա արդարությանը դեմ է, մեզ էլ եկել է ուզում է դաս տալ»:
Այն հակադարձմանը, բայց իշխանությունները կողմ են մադրիդյան սկզբունքներին, որտեղ ևս հողերի հանձնման հարցն է դրված, իսկ Դաշնակցությունը իշխանության մաս է կազմում, պարոն Ռուստամյանը պարզաբանեց. «Մադրիդյան սկզբունքների գործընթացը չի խանգարում մեր նպատակներին հասնել, դրա համար ենք շարունակում բանակցությունները: Հասկանում ենք, որ բանակցությունների խափանման մեղքը ՀՀ-ի վրա չպետք է գա և մադրիդյան սկզբունքներում կարգավիճակի լուծման ձև կա: Իր ժամանակ այդ լուծումը չկար, կար փուլային տարբերակ, այդ ամենը հանձնենք, հետո անցնենք կարգավիճակի հարցին: Մադրիդյան սկզբունքներում կարգավիճակի հարցը առաջ է բերված: Տարածքներ կարգավիճակի դիմաց բանաձևը ենթադրում է սկզբում կարգավիճակ, հետո տարածքներ: Հետո էլ գնում են առաջին հանրապետության մեծերին են քննադատում, թե չեն ֆայմել, ինչո՞ւ իրենք չեն ֆայմել այդ հարցը լուծել, որ կարգավիճակի հարցը առաջ բերեին»:
Պարոն Ռուստամյանը ցավով նշեց, թե ստիպված է Տեր-Պետրոսյանին նույն կերպ պատասխանել, ինչ սեիդովներին ու հուսեյնովներին. «Այս նույն բանը լսում եմ Սամադ Սեիդովի, Ռաֆայել Հուսեյնովի բերաններից, այդ նույն շարքում չէի ուզենա տեսնել Լևոն Տեր-Պետրոսյանին, նրանց եմ ասում, թե բայղուշություններ մի արեք հայ ժողովրդի գլխին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի