ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստյան Կուրցը միացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին, որոնք արցախյան հակամարտության կողմերին կոչ են արել վերսկսել մասնակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:
Կուրցի խոսքով՝ մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումներն ամենասարսափելին էին վերջին երկու տասնյակի ընթացքում, որոնք դարձան բռնության, մարդկային կորուստների պատճառ: «Սա վառ հիշատակում է առ այն, թե ինչպես ռազմական մեխանիզմը կարող է խարխլել խաղաղությանն ուղղված ջանքերը: Բոլոր կողմերը պետք է կատարեն իրենց պարտականությունները, հետևեն միջազգային հումանիտար պարտավորվածություններին: Ոչ մի դեպքում չի կարելի արդարացնել ռազմական հանցագործությունները»,-ասվում է Կուրցի հայտարարությունում:
Հիշեցնելով 2016թ. ապրիլին շփման գծում տեղի ունեցած բախումների մասին՝ ԵԱՀԿ նախագահը հույս է հայտնել, որ բանակցային գործընթացը նոր խթան կստանա: «Շփման գծում տեղի ունեցած բախումները և բռնության դեպքերը, որոնք մեծ կորուստներին են հանգեցրել, մեկ տարի շարունակ մեզ համար եղել են անհանգստության աղբյուր: Ժամանակն է վստահություն ստեղծելուն ուղղված միջոցառումներ անցկացնել, ձեռնարկել պրագմատիկ և պրակտիկ քայլեր՝ սուբստանտիվ բանակցությունները վերսկսելու համար»,-շեշտել է Կուրցը:
Այս համատեքստում Կուրցը ցավակցել է ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքներին: «Մեկ տարի առաջ տեղի ունեցած մարտերից հետո հետցնցման պատճառով հայերը և ադրբեջանցիներն ավելի քիչ են հավատում խաղաղությանը: Սակայն, ինչպես բազմիցս նշել եմ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Մենք այսօր պետք է խաղաղության ծրագիր կազմենք և թույլ չտանք, որպեսզի պատերազմը վերադառնա՝ իր բոլոր վատ կողմերով»,-հավելել է նա:
Կարդացեք նաև
Կուրցը նաև շեշտել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի և նրա գրասենյակի ակտիվ մասնակցությունը՝ զոհերի մարմինները վերադարձնելու գործում:
«ԵԱՀԿ-ն պատրաստ է իր ներդրումն ունենալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու գործում»,-հավելել է Կուրցը: