Մարտի 30-ի երեկոյան Մեցցո ակումբում տեղի ունեցավ YellowStones խմբի «Զարմանալի ու անսովոր» դեբյուտային ձայնասկավառակի շնորհանդեսը:
Խումբն իր համերգային գործունեությունը սկսել է 2013 թվականից: Աշխարհի ամենամեծ ազգային պարկերից մեկի անունը YellowStones-ի անվան հիմնական մասն է կազմում: Խմբի անդամները սկսեցին իրենց պատկերացնել դեղին քարերի կերպարներով: Այժմ էլ դեղին տարրերը տարբերակիչ այցեքարտ են դարձել նրանց համար:
Հինգ տղաներից բաղկացած խումբը սկզբում ներկայացել է համաշխարհային հիթերի յուրովի մեկնաբանմամբ: Բայց ինչպես նշում է խմբի վոկալիստ և կիթառահար Լևոն Սարգսյանը՝ «Մենք մինչև հիմա միայն հայտնի երգերի քավրներ էինք անում, ինչը ես այնքան էլ լուրջ չէի համարում: Այսօր մենք առաջին լուրջ քայլն արեցինք: Սա արդեն մեր հեղինակայինն է՝ մեր ձեռագրով, ինչը կտարածենք հեռուստատեսությամբ, նաև Հայաստանից դուրս»:
Ալբոմում ներառված է 12 երգ, բոլորը՝ հայերեն: Համերգի ընթացքում բոլոր երգերը հնչեցին:
Հյուրերի թվում էր նաև հաղորդավար Արման Մարգարյանը, որը, շնորհավորելով «Զարմանալի ու անսովոր» ձայնասկավառակի շնորհանդեսը, ասաց. «Հուսանք, որ «Զարմանալի ու անսովորը» շատ սովորական կդառնա մեզ համար՝ լավ երաժշտություն ունենալու և սիրելու առումով»:
Ձայնասկավառակում ընդգրկված է նաև նույն անվանմամբ երգ, որի հեղինակ Լևոն Սարգսյանը նշում է. «Կարծում եմ՝ էլ չեմ ստեղծի «Զարմանալի ու անսովոր» երգ»-ի նման ուրիշ երգ: Չհասկացա՝ ոնց ստեղծվեց, բայց կարծում եմ՝ շատ «ամուր» ստացվեց՝ ունի հայկականություն և ռոքային տարրեր»:
Համերգի ընթացքում տեղի ունեցավ նաև «Նազան Յար» երգի տեսահոլովակի շնորհանդեսը, որը յութուբում հասանելի կլինի ապրիլի 5-ից:
Երգերի մեծ մասի հեղինակ Լևոն Սարգսյանը նշում է. «Ես որ ուզեմ երգ գրել, կամ չի ստացվի, կամ էլ կստացվի շատ անորակ: Դրանք ծնվում են ճանապարհներին, շատ հանկարծակի»:
Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ