Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ համար փոխընդունելի փոխզիջումն ավելի կարեւոր է, քան անխոհեմ առճակատումը». Արթուր Բաղդասարյանն արձագանքեց 1-ին նախագահին

Մարտ 31,2017 12:50

ՀՎԿ-ն այսօր ամփոփեց քարոզարշավը:

Կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ կարողացան հանգամանալից ներկայացնել իրենց նախընտրական ծրագիրը, հանրությունը տեղյակ է , որ ՀՎԿ-ն ներկայացրել է փաստարկված ու մրցունակ ծրագիր, իրենց հայտնի քաղաքական դեմքերի հետ ներկայացրել են նաեւ նոր դեմքեր:

«Մեր կուսակցությունում օլիգարխներ չկան, ներկայացրել ենք պատգամավորի թեկնածուներ, որոնք դուրս են եկել մեր ժողովրդի ծոցից, այսինքն, այն սոցիալական խավի ներկայացուցիչներն են, որը ՀՀ-ում կոչվում է միջին խավ»,- ասաց պարոն Բաղդասարյանը:

Նա կրկնեց ավելի վաղ կատարած հայտարարությունը. «Մեր հաղթանակը ՀՀ-ում նշանակում է ավանդների ամբողջական վերադարձ, պրոֆեսիոնալ բանակի ձեւավորում, թոշակների ու աշխատավարձերի բարձրացում, կոռուպցիայի դեմ համակարգված պայքար ու բազմաթիվ այլ լուսավոր փոփոխություններ»:

Անդրադառնալով սոցիոլոգիական հարցումներին՝ դրանք կեղծ որակեց. «Չեն եղել երբեւէ ընտրություններ, որ նման կեղծ ու պատվիրված հարցումներով չողողեն քաղաքական դաշտը… այսօր ընկերոջս հետ նախագահական ընտրություններն էի հիշել, երբ ինձ տալիս էին 3 տոկոս, բայց մենք տարանք Գյումրիում ու Վանաձորում 16-18 տոկոս, ՀՀ-ում գրավեցինք երկրորդ տեղը»:

Պարոն Բաղդասարյանը վստահ է, որ ՀՎԿ-ն կլինի առաջին եռյակում խորհրդարան մտնող քաղաքական ուժերի մեջ. «Ինձ եթե թույլ եմ տալիս նման եզրահանգում անելու, ուրեմն մի քանի օր հետո դրանում կհամոզվենք… ՀՎԿ-ի օգտին քվեարկելով՝ քաղաքացին քվեարկում է իր օգտին, իր երկրում փոփոխություններ անելու օգտին»:

Նա նաեւ ասաց, որ հետընտրական զարգացումների մասին կխոսեն ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո:

Պարոն Բաղդասարյանը պարզագույն սրիկայություն, սեւ քարոզչություն որակեց լուրերը, որ ինքը, որպես ընտրակաշառք, սուրճի բաժակներ է բաժանում. «Նույնը էդ մուրաբաները, դա էժանագին զրպարտանք է»:

Կոալիցիա կկազմի՞ ՀՀԿ-ի հետ, թե՞՝ոչ հարցին, պատասխանեց՝ կոալիցիայում կլինեն միայն մի դեպքում, եթե որոշումների վրա ազդեցություն ունենան:

Անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի հայտարարությանը, թե ՀՎԿ-ի ծրագրում ԼՂ կարգավորման մասին ոչինչ չկա, կամ ԼՂ հարցը լուծված են համարում կամ Արցախը նվիրել են Ադրբեջանին, պարոն Բաղդասարյանն ասաց. «Մենք հրապարակ ենք նետել երեք փաստաթուղթ, հաշվետվություն հայ ժողովրդին, որտեղ հանգամանալից ներկայացված է՝ ինչ է արել ՀՎԿ-ն վերջին տարիների ընթացքում: Մեր նախընտրական ծրագիրը բաղկացած է 40 էջից՝ առավել ամբողջական… պարզապես նպատակահարմար չենք գտել հարյուր, հազարավոր օրինակով բաժանել: ԼՂ հիմնախնդրի հետ կապված մեր տեսակետը հստակ է, մեզ համար փոխընդունելի փոխզիջումն ավելի կարեւոր է, քան անխոհեմ առճակատումը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031