Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առանց արհեստական խոչընդոտների

Մարտ 31,2017 12:45

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման հյուրերն են ՀՀԿ համամասնական ցուցակով թեկնածու Խոսրով Հարությունյանը եւ «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Վարդան Բոստանջյանը:

Նելլի Գրիգորյան. -Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները շատ կարեւորվեցին հատկապես իշխող ՀՀԿ-ի կողմից: Մինչդեռ տարբեր գնահատականներով՝ նախընտրական քարոզարշավը պոպուլիստական էր, ոչ գաղափարական, ոչ ծրագրային: Ի դեպ, պոպուլիստականի համատեքստում շատ քննադատվեցին «Ծառուկյան» դաշինքի առաջարկած 15 կետերը: Ինչո՞ւ այդպես ստացվեց:

Վարդան Բոստանջյան.– Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ ընտրարշավը վատ չի անցել, որովհետեւ բոլոր քաղաքական ուժերը, ըստ էության, իսկապես, ի տարբերություն նախորդ ընտրական գործընթացների՝ դրսեւորվեցին: Ովքեր ամենաշատը արտաբերում եւ բարձրաձայնում էին «պոպուլիզմ» բառը, կարծում եմ՝ դա սուբյեկտիվ մոտեցում էր: Այդպես պետք չէ գնահատել քաղաքական ուժերի նկրտումները, հատկապես այն պայմաններում, երբ հանրապետությունում չլուծված բազմաթիվ կենցաղային, առօրյա ու առաջնային խնդիրներ կան: Բնականաբար, հասարակությանը կողմնորոշելու համար առաջին հերթին հենց այդ հարցերը պիտի բարձրացվեին: Բնականաբար, հանրապետության համար չափազանց կարեւոր ու արդիական շատ հարցեր մղվում էին երկրորդ պլան: Հասարակության ականջին ավելի հաճո են իրենց վերաբերող կետերը, որոնք բարձրաձայնում էին քաղաքական ուժերը: Իշխանությունը կարող է ձեռնպահ մնալ նման մոտեցումից:

Խոսրով Հարությունյան.– Եթե քարոզարշավի խնդիրն է, որ մրցապայքարի մեջ մտած ցանկացած ուժ անարգել իր մտքերը՝ լավ-վատ՝ կարեւոր չէ, հասցնի քաղաքացուն, այդ տեսակետից քարոզարշավը պետք է ամենահաջողվածը գնահատել, ստացված: Չեմ նկատել մի դեպք, արհեստական խոչընդոտներ՝ ընտրողի հետ հաղորդակցվելու առումով, որեւէ քաղաքական ուժի մասով:

Ն. Գ. – Այդ թվում նաեւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի՞, որովհետեւ իրենք արհեստական խոչընդոտների մասին հայտարարեցին:

Խ. Հ.- Գիտե՛ք, այդ թվում: Որովհետեւ եթե նրանք փորձում են «Իգլայի» մաքսանենգ ճանապարհով…

Ն. Գ.- Մինչ այդ Ջրառատի միջադեպն էր:

Խ. Հ. – Ճիշտ եք ասում: Ջրառատի դեպքը մի դեպք էր, որ… Ի դեպ, ես առիթ ունեցել եմ ասելու, որ նման դեպքերում ՀՀԿ-ն ամենաքիչն է շահագրգռված, ամենից քիչն էր մեզ դա պետք: Եթե ինչ-որ մեկն անում էր՝ արջի ծառայություն էր մատուցում: Կարծում եմ՝ իրավապահ մարմիններն այդտեղ դեռ անելիքներ ունեն: Ինչ վերաբերում է «Իգլայի»՝ մաքսանենգ ճանապարհով ներկրման եւ դրա հետ կապված ձերբակալություններին, ես, օրինակ, խիստ զարմացա, որ անմիջապես ՕՐՕ-ն սկսեց արձագանքել եւ դա դիտեց որպես իր դեմ ուղղված: Դեռ նախաքննություն է գնում, ինչո՞ւ են փորձում քաղաքական երանգ հաղորդել այդ գործընթացին: Ուրեմն, ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, այդ թվում՝ նաեւ ՕՐՕ-ի համար, որեւէ արհեստական խոչընդոտներ չեն եղել հանրության հետ հաղորդակցվելու համար:

Անկեղծ ասած՝ մինչ ընտրապայքարը ես մտածում էի, որ մենք գնում ենք խորհրդարանական կառավարման համակարգ, որի առանցքը կուսակցությունն է եւ բոլոր կուսակցությունները, որոնք մտնում էին ընտրապայքար, նախեւառաջ պետք է պատրաստ լինեին ստանձնել հանրային կյանքի կազմակերպման թեկուզ միջնաժամկետ հատվածի ծրագրերով: Ցավոք, շատերս հիասթափվեցինք: Թող պարոն Բոստանջյանը ներողամիտ լինի, բայց, այո, շատ կուսակցություններ, այդ թվում՝ նաեւ ազդեցիկ, փորձեցին հանրությանը ներկայանալ այսրոպեական կարեւոր նշանակություն ունեցող խնդիրների լուծման առաջարկություններով: Ընդ որում, երբեմն այնպիսի առաջարկություններով, որոնք իրատեսական չէին:

Ն. Գ. -Պարոն Հարությունյան, ամեն ինչ հանգում է նրան, թե ուր էր կամ ինչով էր զբաղված ՀՀԿ-ն 15 տարի: Ի դեպ, ՀՀԿ-ի վարչապետ Կարեն Կարապետյանը խոսում է 3,2 մլրդ դոլար ներդրումների մասին, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ 15 մլրդ ներդրումների մասին: Գուցե ՀՀԿ-ն զիջի՞ այս անգամ դիրքերը «Ծառուկյան» դաշինքին:

Խ. Հ. – Որոշողը մենք չենք, որոշողը ընտրողն է: Մենք չենք մերժում այն միտքը, որ ունենք սոցիալապես խոցելի խավեր եւ նրանց վիճակը կարգավորելու անհրաժեշտություն: Մեր վեճը կայանում է՝ ինչպես անենք, ինչ ճանապարհով գնանք, որպեսզի հոնքը սարքելու փոխարեն աչքը չհանենք: Արդյոք այն քայլերը, որն առաջարկում է «Ծառուկյան» դաշինքը, չե՞ն բերի մեր տնտեսական օրգանիզմում դժվար վերականգնելի գործընթացների:

2000 թվականից ՀՀԿ-ն ստանձնել է հանրային կյանքում ե՛ւ լավի, ե՛ւ վատի բացառիկ պատասխանատվությունը…

Վ. Բ.- Պարզապես դուք չեք թողել, որ այլ ուժ ստանձնի այդ պատասխանատվությունը:

Խ. Հ. – Երեկ, ի դեպ, սոցիալական ցանցերում գրում էին՝ 15 միլիարդ, «կտո բոլշե»:

Վ. Բ. – Նախանձողները էդպես կասեն:

Ն. Գ.– Պարոն Բոստանջյան, հանրապետականները հայտարարում էին, որ «Ծառուկյան» դաշինքն ընդդիմադիր չէ: «Ելք» դաշինքի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Սարգսյանն անգամ «Ծառուկյան» դաշինքին անվանեց «Հանրապետական-2»: Ընդդիմադի՞ր է «Ծառուկյան» դաշինքը:

Վ. Բ.- Իհարկե, ընդդիմադիր է: Դասական բնութագրման մեջ գոյություն ունի իշխանություն եւ…

Ն. Գ. – Խոսքը դասական բնութագրման մասին չէ՝ մեր իրականության:

Խ. Հ.– Այլընտրանք էլ կա:

Վ. Բ.- Ովքեր բարձրաձայնում են այլ բաներ, ես կառաջարկեի, որ այդ մարդիկ իրենց վեհ պահեին եւ զբաղվեին իրենց գործով: Որ դժվարանում ես մարդուն բնութագրել, բնութագրում ես գործերով: Գնա իմացի՝ մարդը ի՞նչ է արել, նոր նրան գնահատական տուր:

Խ. Հ.– Իմիջիայլոց, այդ նույն բանաձեւով պետք է գնահատել նաեւ ՀՀԿ-ին:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ.- զրույցն ամբողջությամբ դիտեք առցանց՝ www.aravot.am կայքում:

 

«Առավոտ»

31,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031