Այսօր հրավիրած ասուլիսում հրապարակվեցին խորհրդարանական ընտրությունների հետ կապված հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքները: Սոցհարցումներն իրականացրել են Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան եւ BS/The Gallup Organization մասնագիտացված կազմակերպությունը:
Հարցումները կատարվել են մարտի 18-ից 27-ը, տնային այցելությամբ՝ դեմ առ դեմ հարցման միջոցով: Սխալի հավանականությունը +- 3.2 տոկոս է:
Եվ այսպես, ըստ հարցումների, ընտրողների 50 տոկոսը հաստատապես մասնակցելու է ընտրություններին, 35 տոկոսը պատասխանել են, որ հավանաբար կմասնակցեն, 8 տոկոսը՝ հավանաբար ոչ: Կազմակերպիչները վստահեցնում են, որ սա մասնակցության շատ բարձր ցուցանիշ է, Եվրոպայում շատ ավելի ցածր տոկոսներ են կազմում:
Հարցվածներից քվեարկել-չքվեարկելու վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել 61 տոկոսը, 33 տոկոսը դեռ կասկածում է: 63 տոկոսը հստակ որոշել է, թե որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու, 25 տոկոսը դեռ չի որոշել, իսկ 12 տոկոսը պատասխանել է, որ կորոշեմ նախընտրական քարոզարշավի ընթացքում:
Կարդացեք նաև
Թե որ կուսակցության օգտին են պատրաստվում քվեարկել՝ ընտրողների 24 տոկոսը շատ կողմ է ՀՀԿ-ին, 19 տոկոսը՝ «Ծառուկյան» դաշինքին, 8 տոկոսը՝ «Ելքին», 6 տոկոսը՝ ՀՅԴ-ին:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին շատ կողմ է ընդամենը 4 տոկոսը, ճիշտ այնքան, որքան Կոմկուսի, Հայկական վերածննդի եւ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ցուցանիշն է: «Ազատ դեմոկրատներին» շատ կողմ է ընդամենը 2 տոկոսը:
Բայց հարցումներում ընդգրկել են նաեւ «որոշ չափով կողմ եմ» եւ «բոլորովին կողմ չեմ» պատասխաններ: Ըստ այդմ, հարցվածների 46 տոկոսը որոշ չափով կողմ է «Ծառուկյան» դաշինքին, 25 տոկոսը՝ ՀՀԿ-ին, 26 տոկոսը՝ «Ելքին», 25 տոկոսն էլ՝ ՀՅԴ-ին ու ՕՐՕ-ին:
Եվ հիմնական հարցին, թե որ կուսակցության օգտին կքվեարկեիք, արդյունքներից պարզ է դառնում, որ ընտրություններում հաղթելու է ՀՀԿ-ն՝ 30 տոկոս, թեեւ «Ծառուկյան» դաշինքն ընդամենը 1 տոկոսով է զիջում՝ 29 տոկոս: Խորհրդարան, ըստ հարցումների, կմտնի նաեւ «Ելքը»՝ 9 տոկոս, ՀՅԴ-ն՝ 7 տոկոս, ՀՎԿ-ն՝ 5 տոկոս: Մյուսները, ըստ հարցումների, ԱԺ չեն մտնելու, շեմը չեն հաղթահարելու: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի եւ Կոնգրես-ՀԺԿ-ի օգտին քվեարկելու է 4 տոկոսը, «Ազատ դեմոկրատների» ու Կոմկուսի օգտին՝ 3 տոկոսը: 2 տոկոսը դեռ չեն որոշել ում օգտին քվեարկել:
Հարցին, թե որ կուսակցության օգտին երբեք չէիք քվեարկի, ամենաշատը դեմ են եղել ՀՀԿ-ին՝ 18 տոկոս: Բայց կազմակերպիչները վստահեցնում են, որ սոցիալական այս պայմաններում պետք է որ բողոքողների թիվը ավելի մեծ լիներ, սա շատ լավ ցուցանիշ է իշխող կուսակցության համար: Կոնգրես-ՀԺԿ դաշինքի օգտին երբեք չեն քվեարկի ընտրողների 16 տոկոսը, «Հայկական վերածննդի» օգտին չեն քվեարկի 13 տոկոսը, «Ելքին» չեն քվեարկի 11 տոկոսը, ՕՐՕ-ին՝ 10 տոկոսը: Իսկ «Ծառուկյան» դաշինքին այդպես կատեգորիկ դեմ է 3 տոկոսը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ