Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության գինը գիտի

Մարտ 31,2017 11:41

Բայց կարծում է, որ տարածքները վերադարձնելով՝
Արցախը բարձունքից կռմբակոծվի

«Մինչեւ Արցախի անկախությունը, ինքնուրույնությունը չճանաչեն, առաջին հերթին՝ Ադրբեջանը, ապա` միջազգային հանրությունը, այսօր ոչ ոք իրավունք չունի հող հանձնելու մասին խոսելու՝ ուզում է լինի առաջին նախագահը, երկրորդ, թե երրորդ»,- արձագանքելով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ տարածքները վերադարձնելու մտքին՝ ասում է Արցախյան պատերազմի ազատամարտիկ, Հանրային խորհրդի գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովի անդամ Վլադիկ Աբրահամյանը: Նրա համոզմամբ՝ Արցախի հարցը առաջինը պետք է որոշի արցախցին, որի բանակցային կողմ լինելը պարտադիր է:

Պարոն Աբրահամյանը ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու է առաջադրվել եւ պայքարելու է թիվ 3 ընտրատարածքի Շահումյան եւ Շենգավիթ շրջանի տարածքում: Ընտրացուցակում համար մեկն է: Ինչպես ինքն է ասում՝ գերազանցությամբ ավարտել է Գյուղատնտեսական ինստիտուտը, գյուղացիական գիտությունների թեկնածու է եւ լավ է պատկերացնում գյուղատնտեսության գինը. «Գյուղատնտեսությունը պետք է լինի բարձր մակարդակով: Աշխարհի այն երկրները, որոնց գյուղատնտեսությունը բարձր գիտական մակարդակի վրա է, այդ երկրները հարուստ են»:

Պատգամավորի թեկնածուն կարծում է, որ սահմանամերձ գյուղերի գյուղացուն էլ գյուղում պահելու համար պետք է զինել, քանի որ նրանք ե՛ւ գյուղացի, ե՛ւ զինվոր են: Ընտրվելու դեպքում առաջարկելու է ռազմական ծախսերն ավելացնել, երկրի պաշտպանությունն էլ ավելի բարձրացնել, որպեսզի մեզ հետ որեւէ մեկն ուժի սպառնալիքով չխոսի՝ առողջապահության ծառայությունների գինն իջեցնել, որպեսզի մարդկանց բուժծառայությունը հասանելի լինի:

Խաղաղության գինն իմացող Աբրահամյանը հաճախ է լինում Արցախում, շփվում բնակչության հետ եւ կիսում է արցախցիների այն կարծիքը, որ առանց էական երաշխիքների հողեր զիջելը անիմաստ կլինի, քանի որ ինքն էլ մտավախություն ունի, որ տարածքները վերադարձնելու դեպքում էլ բարձրադիր գոտիներից Արցախը ռմբակոծվելու է, ինչպես եղել է պատերազմի տարիներին, երբ Շուշիի բարձունքից Ստեփանակերտն ուղիղ թիրախում է եղել ու հողին հավասարեցվել. «Երբ Շուշին ազատագրեցինք, Ստեփանակերտը փրկվեց»:

Նրա խոսքով. «Այն պատգամավորները, որոնք տարիներ շարունակ ընտրվում են եւ Ազգային ժողովում նստած միայն կոճակ են սեղմում ու ոչ մի խնդրի մասին չեն խոսում, պետք է այս խորհրդարանում չլինեն: Մեր նախագահին, վարչապետին կոչ եմ անում կարդալ բոլորիս ինքնակենսագրությունը եւ ընտրել այնպիսի պատգամավորների թեկնածուներ, որոնք մտավորական են, որոնք ի վիճակի են ինչ-որ հարց լուծելու»:
Նրա կարծիքով՝ Ազգային ժողովը «իրար հոշոտելու» տեղ չէ, այլ ձեռք ձեռքի տալու եւ համախմբվելու տեղ, քանի որ այսօր երկրի առաջ տնտեսական, ռազմական եւ մի շարք այլ խնդիրներ են ծառացած. «Պետք է համախմբվել մեր պետության, Արցախի ու Սփյուռքի շուրջը եւ ստեղծել մի կուռ դաշինք մեր երկիրը տնտեսապես, քաղաքականապես ճգնաժամից հանելու համար:

Երբ տնտեսությունը հզոր չէ, Արցախի հարց կա, եւ պատերազմի մեջ ենք, իրավունք չունենք չհամախմբվելու»:

Վլադիկ Աբրահամյանը կարծում է, որ պետք է այն մարդիկ ղեկավար պաշտոններ զբաղեցնեն, որոնք կարող են այդ գործի տակից պատվով դուրս գալ. «Պետք է պահանջենք, որ տաղանդավոր մարդկանց պաշտոնների նշանակեն: Վազգեն Սարգսյանն այսպիսի մի խոսք ուներ, ասում էր` ում նշանակում ենք նախարար եւ ասում է՝ կարող է այդ գործն անել, չկարողանալու դեպքում ոչ թե պիտի աշխատանքից ազատենք, այլ պիտի բերդ ուղարկենք: Եթե չի կարող, պիտի չղեկավարի, եթե ղեկավարել է ու չի կարողացել, ուրեմն պիտի ազատազրկել: Այդպիսի առաջարկություն ես էլ պիտի անեմ: Հարցնեն` ընկեր նախարար, կարո՞ղ ես ղեկավարել առողջապահությունը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, եթե ոչ` հրաժարվի, բայց եթե ուզում ես աշխատել, ու սխալներ թույլ կտաս, պիտի գնաս նստես»:

Վլադիկ Աբրահամյանը մի շարք պարգեւներ ու մեդալներ ունի: Հերթով թվարկում է՝ որ մեդալն ինչի համար է ստացել: Վազգեն Սարգսյանի կողմից պարգեւատրվել է պատերազմին մասնակցելու մեդալով: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից էլ մեդալ է ստացել բանակի 20-ամյակի առիթով: Երկրապահի մեդալ` նույնպես: Զորավար Անդրանիկի միությունն էլ զորավար Անդրանիկ մեդալով է պարգեւատրել: Սերժ Սարգսյանն էլ մարտական ծառայության մեդալ է շնորհել:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

31,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031