Լրահոս
Օրվա լրահոսը

Ձայնս տալիս եմ անդորր բերողներին

Մարտ 31,2017 11:37

Լևոն Տեր-Պետրոսյանին փնովում եք՝ իբր, նախագահին վայել խոսք չէր, ինչպե՜ս թե՝ տղա եք, պահեք: Ձեզ կարելի մարդուն անվանարկել՝ ջհուդ է, մասոն, Մոսկվայի գործակալ, նեռ, հուդա, հողատու, հոգեխախտ, հայրենադավ ու էլի բաներ:

Քսան տարի կախաղան եք հանում, գիլյոտինով գլխատում, գնդակահարում, քառատում, նշավակում ծնողներին, եղբայրներին, զավակին, կնոջը, իսկ իրեն չի կարելի:

Եթե անարժանի մեկն է, ինչու՞ եք համակ ուշադրություն դարձած ունկնդրում նրա խոսքը, եթե հաջորդ նախագահներից ու բոլոր քաղաքական գործիչներից առավել կարևորում եք նրա անձը, մոտեցումը խնդիրներին, ուրեմն՝ պատշաճ պահվածք, հարգանք դրսևորեք: Ժողովրդավար եք, իբր, արդարադատ, ազատամիտ, բայց մոռանում եք, որ նա ևս խոսքի իրավունք, ասելիքը հաղորդելու իրավունք ունի: Նույնքան, որքան դուք, ավելի, քան դուք:

Ո՞վ է ձեր հարգանքի արժանի մարդը, ձեր կուռքը: Կասե՞ք: Նաիրի Հունանյա՞նը, ով սպանելուց հետո խզակոթով հարվածում էր Վազգեն Սարգսյանի գլխին, չհագենալով՝ վերստին կրակում ընկած Կարեն Դեմիրճյանի վրա: Ինչո՞վ եք տարբերվում քնած սպային կացնող ազերուց, եթե մտովի նույն կերպ եք վարվում Տեր-Պետրոսյանի հետ: Եվ դեռ բարձրաձայնում եք այդ մասին՝ անսքող, աներկբա:

Դու՞ք եք քրիստոնյան, բարեպաշտը, հայասերը, մարդասերն ու ամբասիրը, արիացու գենը կրողն ու փոխանցողը: Մեղքե՜ր ունի: Դուք չունե՞ք: Այդքան մտահոգ էիք ազգի, ժողովրդի, հայրենիքի համար, ինքներդ դառնայիք առաջամարտիկ, առաջնորդեիք ձեր ցեղակիցներին, մեր նավը առանց խութերին զարկելու հասցնեիք երանելի հանգրվան: Այսօր էլ ուշ չէ, առաջնորդեք, եթե կարող եք: Կանգնեցրեք փլուզումը:

Ասում եք՝ անտեղյակ էր Շուշիի գրավումից, հիշարժան օրն Իրանում էր: Այդքան պարզունա՞կ եք մեկնում ամեն բան: Իսկ գուցե հատու՞կ էր այդպես արել, պահն ընտրել էր, որպեսզի պետությանն ուղղակի հարվածի տակ չդնի՞: Չէ՞ որ Հայաստանի Հանրապետությունն էր ներկայացնում: Թե՞ կարծում եք հեշտ է եղել բացատրելը, բանակցելը: Եվ ոչ միայն հարևան երկրի առաջին դեմքի հետ, այլև Ռուսաստանի, աշխարհի մյուս հզորների: Արժանապատվորեն չէ՞ր ներկայացնում մեզ, հարգանքի չէի՞նք արժանանում նրա օրոք: Ունեցա՞նք տարածքային ահռելի կորուստներ, ինչպես մեր հարևանները, կարող էր, չէ՞, չհանձնել իշխանությունը, հրաժարական չտալ, բայց հեռացավ, որպեսզի չվտանգվի պետականությունը, երկիրը ներքին բախումների բեմ չդառնա, արյուն չթափվի: Եվ տասը տարի լռում էր, ասպարեզը թողել էր այլոց, բոլորիս էր թողել: Կարգի բերեինք, առաջընթաց ապահովեինք, շտկեինք բացթողումները:

Ինչու՞ եք այդպես վրդովված, որ արցախյան թնջուկի լուծու՞մ է առաջարկում՝ հնարավորինս նվազագույն կորուստներով, հօգուտ հայության, թե՞ զգուշացման համար, որ հույզերին տրվելով և մեծ խաղացողներին հակադրվելով՝ կկրկնենք նախորդ դարասկզբի սխալը, որ ժամանակն ի վնաս մեզ է ընթանում, որովհետև Հայաստանն օր օրի հյուծվում է, դատարկվում, ծնելիությունը սակավ է, չկա կյանքի ապահովություն, որ հավերժ պատերազմել ի զորու չենք:

Թշնամու ջրաղացին ջուր է լցնում,-ասում եք,-ամեն բան չի կարելի բացեիբաց խոստովանել: Կարծես հակառակորդը չգիտի՝ ինչ է կատարվում Հայաստանում, կարծես զօր ու գիշեր ինքներս չենք այդ մասին գրում ֆեյսբուքում, կարդում թերթերում, կարծես հատուկ ծառայություններ միայն մենք ունենք: Հակառակ, լինելով դիվանագետ, շատ բաների մասին նա ընդհանրապես չի բարձրաձայնում կամ բավարարվում է ակնարկով՝ հենց Հայաստանի շահերից ելնելով:

Հուսալքում է մարդկանց,-նաև ասում եք: Չեմ կարծում, որովհետև հուսալքվածն արդեն իսկ Հայաստանում չէ, իսկ իրական հուսալքողը, չարություն սերմողն ու առկա ուժերը պառակտողն օրվա իշխանությունն է՝ իր վարքով, բիրտ բարքերով և անհեռանկար արտաքին ու ներքին քաղաքականությամբ: Մինչդեռ նա սթափեցնում է, ելք ցույց տալիս և պատրաստ է վերստին բեռ ուսել: Ծանր բեռ:

Համազգային Շարժման առաջին տարիներին եմ առնչվել Լևոն Տեր-Պետրոսյանին: Տեսել եմ նրան Տեխնիկայի տանը գիշերվա ուշ ժամի գլուխը սեղանին հակած ննջելիս, տեսել եմ ինչպես է ծամում աղջիկների հյուրասիրած կարծր «պրյանիկը» և նրա ելույթների ունկնդիրն եմ եղել թե համախոհների նեղ շրջանակում ու թե հարյուր հազարների առաջ Ազատության հրապարակում, Մատենադարանի դիմաց: Նախագահի երկրորդ ընտրությանը ձայնս տվել եմ Վազգեն Մանուկյանին, վերջին անգամ՝ Հրանտ Բագրատյանին, իսկ հիմա անվարան տալու եմ Կոնգրես-ՀԺԿ դաշինքին՝ համոզմամբ, որ նրանք ոչ միայն խաղաղության մունետիկ են, այլև խոսքի տեր ու անդորր կհաստատեն հայոց Տանը:

Հետգիր – ՀՀ առաջին նախագահը պաշտպանության կարիք չունի: Սույն գրառմամբ ես ինձ եմ պաշտպանում, և խիղճս հիմա հանգիստ է, որովհետև լռելու դեպքում ակամա մասնակից կդառնայի լուտանքալից խոսքի խրախճանքին, որ այս օրերին առկա է խնդրո առարկայի շուրջ: Նաև մտահոգ եմ ու չեմ ուզում տեսնել Երևանն ավերակված, ինչպես Դամասկոսն է սահմռկեցնող լուսանկարում:

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Zaven says:

    Ինչպե՞ս Պուտինը կասի․․․իսկ եթե մեր անկախություն հանգամանքը մեջ բերեք, ժպտալու եմ․․․

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031