Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյան. Այսօր, առավել քան երբեւէ, անբեկանելի է այն համոզմունքը, որ հայ ժողովուրդն իր ուժերով երկրում կհաստատի արդարություն եւ բարեկեցիկ կյանք

Մարտ 31,2017 11:04

Անդրիաս Ղուկասյանի ուղերձը Հայաստանի քաղաքացիներին՝ իշխանության բռնազավթման դեմ համախմբելու անհրաժեշտության վերաբերյալ

Հայրենակիցնե’ր,

Նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպերը եւ բացահայտված փաստերը վկայում են, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը կրկին փորձում է բռնությամբ, սպառնալիքով, ընտրակաշառքով, խաբեությամբ ու կեղծիքներով բռնազավթել իշխանությունը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ իրավապահ մարմինները ցուցադրեցին իրենց անզորությունը՝ կասեցնել ՀՀԿ-ի ղեկավարների եւ թեկնածուների կողմից կատարվող օրենքի ակնհայտ խախտումներն ու քաղաքացիների սահմանադրական իրավունքների դեմ ուղղված հանցավոր գործողությունները։ Այս ամենը նշանակում է, որ սահմանադրական կարգի հիմքերը տապալված են, եւ պետությունը չի կարող ապահովել ազատ եւ արդար ընտրություններ։

Քվեարկության օրը ընտրատեղամասերում տեղադրված են լինելու կրկնակի քվեարկությունը բացառող սարքեր եւ տեսախցիկներ, սակայն դրանց գործելու միակ երաշխիքը հանդիսանալու է քաղաքացիական դիտորդների, ընդդիմության վստահված անձանց եւ հանձնաժողովների անդամների կամքը` պայքարել հանուն արդարության։ Ըստ սահմանադրության` նման պայմաններում իշխանությունը բռնազավթումից պաշտպանելու գործը քաղաքացիների անմիջական պարտականությունն է։ Հայ ժողովրդի առջեւ այսօր դրված է խնդիր՝ պաշտպանել իշխանությունը բռնազավթումից, պաշտոնանկ անել Սերժ Սարգսյանին եւ թույլ չտալ նրան պետության ղեկավարումը փոխանցել Ռոբերտ Քոչարյանին կամ քրեական օլիգարխիայի այլ ներկայացուցչի։ Ապրիլյան պատերազմից հետո հանրության մոտ առաջացած դժգոհությունը եւ «Սասնա ծռերի» հուլիսյան ապստամբությունը ստիպեցին քրեական օլիգարխիային փոխել կառավարությունն ու մի շարք նախարարների պաշտոններում նշանակել բիզնես ոլորտի բարձրաստիճան տնօրեն-ղեկավարների։ Ակնհայտ է, որ կառավարության այդ անդամները ստանում են ստվերային վարձատրություն եւ ղեկավարվում են հանրության համար առայժմ անտեսանելի գործատուի կողմից։ Նման ձեւով կազմված կառավարության հայտարարությունը, որ իրենց մոտ առկա է 3 մլրդ․ դոլար ներդրումներ կատարելու կարողություն, ըստ էության նշանակում է, որ քրեական օլիգարխիան պատրաստակամ է Հայաստան վերադարձնել նախկինում երկրից անօրինական դուրս բերած հարստության մի մասը։ Կարեւոր է նկատել, որ 2017թ․ բյուջեի մասին օրենքը ընդունվել է առանց ներդրումների ավելացման, եւ տնտեսական աճի կանխատեսումներին հակասող նոր ներդրումների մասին հայտարարությունը կառավարությունը կատարել է նախընտրական քարոզարշավից անմիջապես առաջ, երբ սոցիոլոգիական հարցումները բացահայտեցին ՀՀԿ-ի ցածր վարկանիշը։ Անցյալ տարվա հուլիսին քաղաքացիների դեմ բռնությունը, ձերբակալությունները եւ բանտարկությունները կոտրեցին մեր ժողովրդի կամքը՝ դիմադրել իշխանության բռնազավթումներին, իսկ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի նկատմամբ վարչախմբի կողմից իրականացված հաշվեհարդարը կրկնապատկեց համազգային ատելությունը ՀՀԿ-ի նկատմամբ։

Մեզ ծանր մարտ է սպասում ապրիլի 2-ին` յուրաքանչյուրս պարտավոր ենք անել այն ամենը, ինչ ունակ ենք անել ժողովրդի հաղթանակի համար։ Այսօր, առավել քան երբեւէ, անբեկանելի է այն համոզմունքը, որ հայ ժողովուրդն իր ուժերով երկրում կհաստատի արդարություն եւ բարեկեցիկ կյանք։

Կոչ եմ անում ապրիլի 2-ին համախմբվել ՕՐՕ դաշինքի շուրջը՝ ժողովրդի իշխանությունը բռնազավթումից պաշտպանելու համար։ Դա նաեւ մեր սահմանադրական պարտքն է մեր զավակների առջեւ։

 

 

Անդրիաս Ղուկասյան

«Նուբարաշեն» ՔԿՀ

31 մարտի, 2017թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031